«Հարավկովկասյան երկաթուղու» ռուս տնօրենի՝ Գյումրի այցի ժամանակ դժգոհություններ են հայտնել

«Հարավկովկասյան երկաթուղու» ռուս տնօրենի՝ Գյումրի այցի ժամանակ դժգոհություններ են հայտնել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները մեզ պատմեցին, որ նախօրեին հրաժարվել են աշխատանքի դուրս գալ, քանի որ աշխատավարձերի հետ կապված դժգոհություններ ունեն:

«Էղավ ինչքան ժամանակ, մեզ խոսք կուտան, թե ռոճիկ կբարձրացնեն, էս թանկացման հետ մեր աշխատավարձը բարձրանալու տեղ՝ կիջնե, մերը ժամավճարով է, ամիսը որ երկար չեղավ, շաբաթ-կիրակին էլ շատ եղավ, ստացածներս հեչ բան է: Ռուսը մահանա է բռնել, թե ձեր աշխատանքային օրենսգրքով կաշխատենք, ձեր կառավարության սահմանած աշխատավարձն է, մեր ձեռը բան չկա»,- hraparak.am-ին ասաց Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցը՝ մանրամասնելով․ «Ճիշտն ըսած, մեր գործադուլը մե քանի ժամ տևեց, մեր պետը զեկուցեց գլխավոր տնօրենին՝ Մելնիկովին, հըմի ճիշտ, թե սուտ, Մելնիկովը խոստացել է՝ սեպտեմբերի մեկով մեր ռոճիկներն ավելնալու է, տենանք․․, վստահ չենք՝ պետերը մեզի կխաբեն, թե տնօրենը՝ պետերին»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ աշխատակիցների պատմելով՝  գործադուլ հայտարարեցին, երբ տեղեկացան, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը Գյումրի է այցելել: Իսկ իրենց՝ շարքային աշխատողներին, այդպես էլ չի հաջողվել հանդիպել ռուս տնօրենի հետ:  Մելնիկովը Գյումրիում հանդիպում –խորհրդակցություն է ունեցել Շիրակի մարզպետի եւ Գյումրու քաղաքապետի հետ: Քաղաքապետից հետաքրքրվել է Գյումրու կայարանամերձ հրապարակի շինաշխատանքների մասին, մարզպետի հետ քննարկել միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ ընթացքում են երկաթուղու տնօրենին զեկուցել, որ ներսում ՝ աշխատողների շրջանում,  դժգոհություն է հասունանում: Նա էլ կարգադրել է իրավիճակը վերահսկել, խոստացել վերանայել աշխատավարձերի պահը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի  քարտուղար Ռուբեն Գրձելյանն էլ  Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ․«Երեկ չէ, առաջին օրն էր : Գլխավոր տնօրենը Գյումրի էր մեկնել: Յուրաքանչյուր չորեքշաբթի ստուգայցերի օր է, սովորաբար աշխատասենյակում պետերի հետ  հանդիպում-քննարկում է ունենում, գուցե աշխատավարձերի հետ կապված արձագանք է եղել,  այդ ընթացքում հարցը քննարկվել է : Բայց ասեմ՝ տարբեր կատեգորիաներով է աշխատավարձը սահմանվում, 30-40 սխեմա է գործում, ժամերով, հավելավճարներով, պարգևատրումներով է ձևավորվում, օրինակ, կարող է՝ մի կոմպոնենտը հանվի, մյուսը մտնի, իսկ  այդ խոսակցությունները միշտ լինում են : Աշխատողները մեկ նախկին սխեմայից են բողոքում, մեկ ներկա, թե հին ձևով ավելի շատ էինք ստանում, քան հիմա, մեկ էլ կարող է՝ նշածս գործոններով պայմանավորված, նույն հաստիքով մեկը ավել, մյուսը պակաս ստանա, դա նույնպես քննարկում են, էդպիսի խոսակցություններ միշտ լինում են »,-նշեց մամուլի քարտուղարը՝ դժվարանալով հստակ ասել, թե որքանով է հավաստի սեպտեմբերին աշխատավարձերի բարձրացման լուրը  :