Աշխարհը եւ կյանքի շարժումը

Աշխարհը եւ կյանքի շարժումը

Սկսենք հիմքից․․․ Որևէ մեկը, որ ապրում է՝ դիակ չէ - ցույց տալու համար իր գոյությունը, իր երևացող ու աներևույթ էությունը - անում է մի բան։ (բանն է սկիզբը)։

Աշխատավոր մարդն անում է իր գործն իր ձեռով, օգտագործելով իր փոքր կարողությունը։ Նոբելը գյուտեր էր անում և դրանց հետագա արդյունքը կտակում մարդկանց, որոնց կյանքի նպատակը կլինեին նոր գյուտերը։ Պուտինը, Բայդենը և նրանց տեսակն ամբողջ աշխարհում սարքում են սատանայական բանսարկություններ, ցույց տալու համար, որ իրենք են կառավարում աշխարհի շարժման ընթացքը և շարժում հիմարների կամքն ու չնչին ոգին։ Մտածողները - հին հույներից, սկսած Սոկրատից մինչև հրեա իմաստունների, մարգարեների ու քրիստոնեական մտածո­ղությունը - փորձում էին աշխարհի կառավարումը հանձնել բարոյականությանը։ Այն գործում է մինչև այսօր՝ փչելով վերջին շունչը։ Գյոթեն, Նիցշեն, նրանց նմաններն ու հետևորդները, օրինակ՝ Ջեյմս Օլդրիջը, Ռոբերտ Քերզոնը, մնում են անընկալելի սահմանափակ մտքի տեր մարդկանց համար։

Որովհետև սրանց՝ սահմանափակ մտքի տեր մարդկանց մտածողությունը հնաոճ է՝ ստրուկի մտածողություն՝ պատմություններ առանց գնահատականների ու փաստերի - համաձայն ստացած կրթության ու դաստիա­րա­կության փշրանքների և բարո­յապաշտական ստորաքարշության։ Բոլոր մարդկանց մեջ բարոյա­պաշտները ամենավտանգավորներն ու ամենաչնչիններն են, որովհետև նրանք զոհերն են իրենց իսկ հասկացած բարության։ Սրանց բարությունը արհես­տա­կան ճանապարհով ձեռք բերված բարություն է, ինչպես եկեղեցականի բարությունը՝ այն ավելի երեսպաշտություն է - բարեպաշտություն առանց բարի լինելու։ Բարությունը ի բնե տրված հատկություն է, որը գիտակցվում և ուժեղանում է մարդու փորձով՝ բնական ճանապարհով - ոչ թե մետա­ֆիզիկական հայեցողությամբ և բարոյապաշ­տու­թյան ստորաքարշությամբ։

Կարելի է, առանց սխալվելու ռիսկի ասել, որ ասորիների հսկայական քաղաքակրթության կործանման հիմնական պատճառը եղավ մոլեգնած բարեպաշտու­թյու­նը՝ Քրիստոսը աստվա՞ծ է, թե՞ մարդ։ Նույնն է հույների, ղպտիների, Հռոմի և, անշուշտ, Բյուզանդիայի ու Հայաստանի կործանման պատճառը՝ բարեպաշտությունը։

Բարեպաշտներից ավելի այսօր վտանգավոր են դիվանագետները։ Դրան­ցից ամենազազրելին, իհարկե, անգլիացիներն են, ամենագռեհիկները՝ թուրքերը, իսկ ամենաիդեալիստներն ու անկարողները հայերն են - միշտ մնում են նույնը, առանց զարգանալու և նորը սովորելու ցանկության։ Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, զսպեք ձեր մռայլ եզրակացությւոնները և լողացեք հոսանքի ուղղությամբ… Մենք, այսինքն մեր դիվանագետ­ները, հայ են և կրում են ցեղի ավանդույթները՝ պարկեշ­տություն, ճշմար­տացիություն ու եղբայրություն։ Միայն տանն ենք՝ ներքին կյանքում բզկտում իրար եղբայրաբար․․․ Իսկ դրսինները, անգլիացիները, թուրքերը, ռուսները, ի տարբերություն մեզ, պերճախոս են, սրամիտ են, հարուստ են, մաղձոտ չեն, նենգ են ու լկտի և հարգված։ Ինչ էլ անեն - օրինական է նրանց արածը, ինչպիսի խարդախություններ էլ անեն այդ կրթված ու պարկեշտ մարդիկ՝ օրինական է, որով­հետև մեղավոր չեն իրենք, որ կան ծեծված ու ճնշված ժողովուրդներ, որոնք անկարող են կառավարել իրենց ճակատագիրը և որ կարիքից ու ստրկացումից ազատ ժողո­վուրդներն ունեն իրենց նպատակներն ու օգուտները պաշտպանելու զորություն․․․

Պարտավոր ենք հիշել, որ ապրում ենք դաժան մրցակցության, անամոթ-արյունռուշտ մորթա­պաշտների և չնչին էգոիստների աշխարհում՝ ինչքան էլ երգենք դեմոկրա­տիայի և մարդու իրավունքների քաղցր, մշուշապատ, իմաստ չպարունակող հիմները, մարդու միտքը սահմանափակ է, հայի միտքը, ոգին՝ առավելապես – հա­վեր­ժական անշարժ, հավերժական ինքնագոհ, ինքնահավան կենցաղի, ժուռնալիս­տիկայի մեջ համատարած՝ պարզամիտ, մոլեգին փառասիրություն, իսկ երբ գործը հասնում է իսկական արժեքների ճանաչմանը - սկսվում է առնետների ապրուստ փախցնելու մոլեգնությունը, ատամների, ժանիքների շնշնկոցը, աչքերի դաժան, մոլեգին փայլը - հանկարծ չհռչակվի, չգնահատվի մեկը, որ իրենցից չէ, իրենց աղբանոցից չէ։ 

Ես խոսում եմ արվեստի, մարդկանց մասին, որովհետև արվեստը շարժում է՝ մտքի շարժում, ոգու շարժում, առաջադիմության շարժում ու դաստիարակություն։ Այս մասին ոչ ոք ոչինչ չի խոսում։ Խոսում են փառամոլության, սնափառության, ագահության մասին։ Չնչին են մեր հերոսները - «Գիքորը», «Ո՞վ կհաղթեր քաջ Թա­թուլին․․․», Մոսին թոլ էլավ, Սարոն սպանվեց, Անուշը խելագարվեց․․․ Հերոսների հերո­սը՝ ճանճ ջարդող քաջ Նազարը, «Գելն ու գառը», «Փախր այծյամ, փախիր - որսոդն է գալիս…»։ Մոր կաթի հետ մեր մանկիկը թույն է ծծում և ուզում ենք մտա­ծողներ ու հերոսներ ունենա՞լ։ Սա մենք չենք գիտակցում։ Ընդհակառակը՝ փառաբանում ենք և միլիոններով հրատա­րա­կում և տարածում աշխարհով մեկ՝ որտեղ հայ կա, կա հայի շունչ, կա հայի երեխա, կա հայի հոտ, բայց չկա այն, ինչ ունեն ուժեղ, բարգավաճ, զարգա­ցած, ապագայի մասին մտածող, մտավոր որակներով ապրող մարդիկ։ Մտա­ծենք՝ ո՞ւմ հետ ենք մեզ համեմատում, ո՞ւմ հոգուց ենք սնվում – Բալզա­կի, Դիդրոյի, Ռոմեն Ռոլանի, Ժան-Ժակ Ռուսոյի, թե՞ ինչ-որ… 

Պարտադիր չէ, որ հայը ծնի Բեթհովեն և նրա 9-րդ սիմֆոնիան։ Բայց մտածող մարդու համար պարտադիր է, ճահճում չհայտնվելու և միտքը, հետևաբար, ոգին ուժե­ղացնելու համար, ծանոթ լինել եվրո­պական մշակույթի գոնե փշրանք­ներին։ Գրակա­նության, փիլիսոփայության, էթիկա, քաղաքականության, դասական երաժշտության և, ընդհանրապես, սովորել մտածել՝ ինչն է ճշմարտանման և ինչը լկտի, ցինիկ կեղծիք, ինչ է արարելը և ինչը կործա­նելը, ովքեր են ցուցամոլ ավրոմոլները քաղաքականության ու մտածողության ոլորտներում և ովքեր նրանք, որոնք փնտրում են կյանքը չթունավորող, առողջ ողջախոհություն ու արիություն, պաշտպանելու համար թույն ու անկա­րողություն տարածող փառամոլ, անկիրթ-դատարկաբան, կեղծա­վոր-հայերենապաշտ այս րոպեա­կան օգտապաշտներից։

Ինչո՞ւ եմ ասում այս բոլորը: Ասում եմ, որովհետև մարդու ապրելու էթիկական խնդիրն ավելի բարձր է, քան ցանկացած ժողովրդի գոյության խնդիրը: Եթե ուզում ենք հարատևել, պետք է հասկանանք մեր արմատական հիվանդությունները - ովքե՞ր ենք մենք։ Ինչո՞ւ ենք խեղճ ու հալածված, ծեծված ու ճնշված: Այս հարցերը մենք մեզ չենք տալիս՝ վախենում ենք մեր հպար­տության ու ինքնասիրության նվաստացումից: Եվ հակառակը՝ մեծախոսում ենք – թաքցնելու համար մեզանից մեր խեղճությունը: Ստում ենք, կեղծում ենք, խաբում ենք ինքներս մեզ, ինչպես մարդասպանը՝ հանկարծ դառնում է մոլեգին աստվածապաշտ - խաղում է, իբր խիղճն է արթնացել։ Այսպես՝ երեսպաշտությունը սրբացրել ենք դարերով, և բզկտում ենք իրար ամեն տեղ և ամեն քայլափոխի - դառել է սովորություն, բնազդ - սովորական աշխատավոր մա՞րդ, թե մտքի, արվեստի, պետական գործչի - բոլորը կեղծում են, բոլորը խաղում են, բոլորը քանդում են՝ քար առ քար, տուն առ տուն, պետություն, մտածողություն, հայրենիք, էթիկա ու վարք - և, ի վերջո – այլասերում ու կործանում – մտքի, մտածողության կործանում, հաղթում է երեսպաշտների ոհմակը և մեռնում է հայրենիքը, սպանում են հայրենիքն ու նրա լավագույն, ազնվագույն, նվիրված զավակներին և նրանց նվիրական երազանքները – ազատության, ազնվության և եղբայրության երազանքները՝ հանուն փառասիրության, հանուն իշխանական տենչանքի բավարարման, հանուն հարստանալու և հրամայելու իրավունքի, հանուն կառավարման ու բռնության տենչանքի: Տեր-Պետրոսյանը 1991-96 թվերի ընթացքում կործանեց ու ոչնչացրեց հայ մարդու 70 տարվա ստեղծածը՝ մահը, ապականությունը – բացառապես բոլոր խավերի – սառնամանիք, խավար, հացի հերթեր, անտառների ու այգիների ոչնչացում տաքանալու հա­մար, հարյուր հազարների գաղթը, հարյուր հազարների մահը, հազարավոր գործա­րանների ջարդը, թափոնի վերածելն ու վաճառքը պարսիկներին: Եվ ոչինչ՝ վայելում է մարդը - և՛ պատիվ, և՛ հարգանք, և՛ առանձնահատուկ սպասարկում, և մեծարում, և՛ իշխանական պահվածք ու լուռ սարկազմ՝ հանդեպ նրանց, ում սպանել կամ ապականել է նրա սադիստական ոգին և որոնք այսօր էլ չեն ըմբռնվել:

Սրանց ստրկապաշտ ոգին խոնարհվում է, ինչպես շնիկները, որոնք ծեծվել են տիրոջ ձեռքերով և որպես հավատարիմ անասուններ, լիզում են այդ ձեռքերը: Քոչարյանն ու Սերժը՝ նրա գործը շարունակող մանրիկ, անխոհեմ, գավառաբարո, ավազակաբարո, մանկամիտ աշակերտներ են ընդհամենը: Ի՞նչն է սրանց մղում այսպիսի վարքի: Այս հարցը մեզ համար, մեր չնչին մտքի համար, անքննելի է:

Ոգեշունչ իդեալիստները, սկսած Բյուզանդիայի աղքատ, հալածված ու գազազած, որմնախորշերում ապրած տականքի փրկության գաղափարներով ներծծված լուսավորչից, դարերով, մինչև այսօր էլ՝ ու դեռ ինչքան ժամանակ էլ, բզկտելու են մեր կյանքը, քանի դեռ անասնական, գազանային, խելագար կամ կիսախելագար կիսակրթված խուժանն է կառավարելու ոգին ցեղի, որի անունն է հայ: Սրանք այն մարդիկ են, որոնք գերհաճույք են ստանում – տևականորեն - արյան և դիակի հոտից: Լուսավորիչը սրբերի շարքն է դասվել: Ինչո՞ւ, արդարորեն, այդ շարքը չի կարող դասվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, և նրա գործը շարունակողները: Սրանք խելագարներ են, այսինքն մարդիկ, որոնց ողորմելի միտքը չի կարող զսպել բնատուր գազանային ոգին ու կամքը: Այս միտքը ապացուցել են ամենահամոզիչ փաստարկներով մարդկության երբևէ արարած երկու մեծագույն մտածողները – Սպինոզան (հրեա) և Գյոթեն (գերմանացի)։

Այս օրինակները բերում եմ հասկանալու համար մեր ճակատագրի բուն ընթացքը և մտածելու համար մեր վաղվա օրը, վաղվա ապագան: Բայց սրանց տեսակի փառամոլ ճիվաղները չեն միայն մեր ճակատագիրը կառու­ցողները: Մեր առաջադիմության ճանապարհին կանգնած են շատ-շատերը՝ անգիտակցաբար, տգիտությամբ պայմա­նավորված: Օրինակ՝ գիրքը այրել, ինչպես Հիտլերի ֆաշիստները կամ ինկվիզիցիան, թե չհրատարակել, այն պատճառաբանությամբ, թե «փող չի բերի», նույն բանը չէ՞: Ի՞նչ տարբերու­թյուն: Երկու դեպքում էլ անհետ կորչում են մտքերը, զգացումները, նպատակ­ները, գաղափարները, որոնք կարող են ծնել նոր մտքեր, զգացումներ, գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր ճաշակ, նոր ապրելակերպ, նոր, թարմ վարք, ծնել ինչ-որ նոր ապրելակերպի բեղուն ծիլեր: Կամ հրատարակիչը ինչպե՞ս է հասկանում որ «փող չի բերի»: Չէ՞ որ ընթերցող մարդիկ տարբեր են – մեկին աղբով ու թույնով կհրապուրեն, իսկ մյուսին՝ հրապուրում է հարուստ բովանդակությունը, բարձր ճաշակը, իմացության կիրքը, կյանքի խորությունն ու ժողովրդի ապագան:

Ի՞նչ արած՝ մեր տգիտությունը մեզ հետ է հավերժ, հետևաբար և՝ ճակատագիրը: Սպասել արդեն անհնար է: Պետք է մտածել… Եթե հրատա­րակիչը վաշխառու է, նրա ձեռը պետք է կտրվի, ինչպես գողի ձեռը մեր հարևան մահմեդական երկրում: Պետք է սովորեցնել մտածելու արվեստը և ոչ թե հարյուր երեսուն տարի շախմատ խաղալ՝ առանց մտածելու հաջորդ քայլե­րը, կամ ինչպես նորագույնները, որոնք կիսատ-պռատ կարող են ամեն ինչի հիմքում դնել կոռուպցիոն այլասերվածությունը, որը նույնպես արդյունք է չարարակամության, անպատասխանատվության տգետ այլասերվածության, տգետ, բռնակալ կամքի ագահության: Մեր կյանքի մթնոլորտը շատ նման է հնավաճառ սև շուկայի՝ ամեն ինչ կարելի է գտնել՝ բայց օգտագործված, բանեցված, քրքրված կամ ժանգոտված, կիսամաշ, որոնց կարիքը ունեն կարիքավոր ողորմելի աղքատները… Հազար յոթ հարյուր տարի է ինչ բացվել է մեր սև շուկան և գործում անարգել՝ հարուստները նույնպես օգտվում են այդ շուկայից, որովհետև ուրիշը չկա… Եվ իրենց հագուստն ու միտքը հարս­տաց­նում այդ շուկայի բարքերով… 

Քնած է մեր միտքը: Բայց արթուն է երևակա­յությունը և հրեշներ է ծնում: Ինքնատելության ժանտախտը ոչնչացնում է մեզ, ինքներս մեզ քշում ենք դեպի անդունդը: Բայց հույսի նշույլ նույնպես կա: Թույլ, աննշմար, արթնացող մանկան պես անմեղ ու երջանկություն խոստա­ցող: Հիմա մարդու ոգին, տղամարդու ոգին, ավելի զգալի է: Անշտապ հեռա­նում է անմիտ, խղճուկ, ստրկական կենցաղի ավանդական կույր ոգին և, նույնպես անշտապ, արթնանում է մարդու, տղամարդու, ինքն իրեն ճանաչող ու տրամաբանորեն գործող, հասկացող ու մտածող ոգին: Կայծը բռնկվել է: Բռնկվել է մենք մեզ վերադառնալու, վերադառնալու այն բանին, ինչպիսին եղել ենք: Սա ոգու և բանականության, տղամարդու, ոչ թե առևտրականի, փողի, վաշխառուի գծուծ ու հոտած ուղեղների հոգե­բանություն է: Այս ծիլերը հավերժական են ազնիվ տեսակի գեներում – սա պետք է ըմբռնել և հոգալ բազմանալու: Ինքնաբազմացումը հավեր­ժա­կան է, անվերջ է, բայց աննշմար, դանդաղ: Ո՞վ կարագացնի – սա է խնդիրը: Արա­գացնել հատուկ խնամքով, նպատակադրված, ինչպես անում են ազնվական անգլիա­ցիները՝ հատուկ դպրոցներում և մեր հարևան ղզլբաշ վայրի քրդերը իրենց սարերում: Տասնվեց տարեկան տղան արդեն ունի իր ձին, հրացանը և պաշտպանում է իր ընտանիքը թուրքի ավազակներից: Իսկ նրա 14 տարեկան քույրը՝ առողջ, գեղեցիկ կառուցվածքով, ընտանիքի այծերի հոտն է արածեցնում սարերի լանջին, անտառներում կամ ձորերում: Մենակ, քաջ ու անվախ: Նրանք ոչխար չեն խնամում: Միայն այծեր, որոնք ձմռանն էլ կարող են հոգալ իրենց ապրուստը ծառերի թփերով: Իսկ մեր պատանիները, երբ դեռ ապրում էին այնտեղ, հայրենիքում - շտապում էին Ստամբուլ բեռնակիր դառնալու կամ հացթուխ: Փող էին վաստակում տղերքը, իսկ տունը, երեխաները, այգիները, դաշտերը մշակում ու ծերանում էին մենակ, անտղամարդ մայրիկներն ու հարսիկները: Եվ հորինում էին հայրեններ – սիրո ու կարոտի երգեր: Սրանց պաշտպանությունը նույնպես ստանձնում էին ղզլբաշ պատանիները: Այսօր էլ այդ վայրի ղզլբաշները ապրում են իրենց հայրե­նիքում՝ ձիով, հրացաններով, իրենց կենցաղով և քաջությամբ… Իսկ մեր տղաները այսօր էլ շտապում են խոպան փող աշխատելու, կամ քարշ գալիս Երևանի փողոցներում գարեջրի բաժակը ցուցադրաբար խաղացնելով ձեռքերի մեջ:

Խառնակ բնավորություն, մանրախնդիր ապուշ ու հերոս երևալու անհաղ­թահարելի ցուցամոլություն: Անշուշտ, նրա պապը եղել է համբալ, հայրը ավտոլվացողը, ինքը կլինի, ամենաշատը, խոհարար: Ինչի՞ն է պետք գիրք կարդալ կամ զենք բռնել: Էշ ծնվածը էշ էլ կմեծանա: Թամբողներ ու ճիպոտով քշողներ կգտնվեն… Ով կթամբի և ով կքշի ճիպոտով կամ առանց ճիպոտի: Ապագան ցույց կտա…

Ժողովրդի հավաքական ոգին՝ ապրելու ոգին, նույնն է, ինչ բերքաբեր հողի ոգին – այն չպետք է թողնել բախտի քմահաճույքին, պետք է մշակվի, խնամվի, գուրգուրվի, ինչպես գուրգուրվում է հողը հոգատար տիրոջ կողմից, կամ երեխան՝ ծնողի: Ինքնագործ ժողովուրդը նման է որբի – կամ կդառնա մարդ՝ պատահականությամբ, կամ հանցագործ ոհմակի կամակատար անդամ:
Զարգացման, փոփոխման կարող են մղել այս մտքերը, զարգացումն ու փոփոխումը գիտակցող մարդիկ: Հայ միտքը բորբոսնել, փափկել ու կիսադիակային վիճակի է հասել՝ ասում են: Բայց, գուցե միամտորեն, ես դեռ հավատում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնց համար դեռ կա արևի լույսը, դաշտի կանաչն ու փոթորկից հետո հանդարտվող ծովը: Հավատում եմ, որ ոչ բոլոր հայերն են վերածվել փտող ու հոտող կենդանի դիակների: Դիակները թող մեռնեն՝ հենց այսօր: Իսկ ապրողները պիտի պայքարեն և ապրեն: Սա է ապրել ուզող կյանքի օրենքը: Դրա ապացույցը մեզ լավ կամ վատ կազմա­կերպող պետությունն է, մշակույթը, որ կարողացել է ստեղծել մեր ոգին՝ գյուղերը, քաղաքները, այգիները, դաշտերը, պատանի զինվորները, որոնք պատրաստ են փրկելու հարազատ ժողովրդին:

Սա կհասկանա՞ն – իշխանատենչ, հնոտիապաշտ մեր կուսակցություն­ները, որ մեր սուրբ փրկությունը միասնության մեջ է, պետության շուրջը համախմբվելու մեջ՝ ինչպիսին էլ այն լինի… թե՞ կշարունակենք մեր տկա­րությունը սնուցող չարիքը՝ ինքնամեծարումն ու կործանարար ստախոսու­թյունը, կեղծիքը, երեսպաշտությունը – այսպես մենք ոչնչացրինք մեր հայրե­նիքն ու կառուցեցինք մեր ձեռով օսմանական թուրքիզմը: Սրա պատճառը այն էր, որ մեր քաղաքակրթությունը աղքատների, հոգելքվածների քաղաքա­կրթություն էր՝ քրիստոնեական պարզամիտ ու դավադիր քաղաքակրթություն: Մենք դեռ անմշակույթ ժողովուրդ էինք: Այսօր մշակույթի հիմքերն, ասես, դրվում են և մենք հասկանում ենք՝ թե ո՞վ ենք մենք և ի՞նչ է մեր ուզածը: «Վերանորոգվիր կամ մեռիր» - սա է օրվա պահանջը: Մարզված զինվոր, ամենա­կա­տարյալ հեռահար, հզոր զենք, հաղթելու և ապրելու սրբազան ու չխամրող տենչ՝ համախմբվել, մարզվել, մշակվել, փոխվել ու հարատևել: Մարտի դաշտում մեր ոգին ոչ թե մարտիրոս, այլ ցեղի միասնությունը պահպանող պատ, պարիսպ ու ամրոց պետք է դառնա:

Մեր թուլության, խեղճության ակունքները – մենք չենք տարբերում քաղաքական գործունեությունը անձնական փառասիրության եսասիրա­կան, ինքնամեծարման սատանայական կործանարար հակումներից՝ Պուտինն ու Բայդենը, նաև Էրդողանն ու Ալիևը «մե՞ծ» են՝ ոչ թե հրեշնե՞ր, և նրանց խորհրդատուները, մանկլավիկները, ստրուկները, սպասարկողները, ևս ուզում են հեղինակություն վաստակել և «մեծ» երևալ: Թող ուտեն իրար այդ ոջիլներն ու ճիճուները - հասարակ, միամիտ, հիմար և, նույնպես, փառամոլ, դաժան ու եսասեր ռուսներն ու ուկրաինացիները, թող ծախսեն մահաբեր, կործանարար, ավերող, քանդող ու թունավորող զենքերը, որ ոջիլն ու ճիճուն խելք հավաքեն իրար արյուն լափելով: Ինչքան երկարատև և շատ խմեն իրար արյուն, այնքան մեծություն, պատիվ կվաստակեն աշխարհը շարժող հրեշներն ու սատանաները և այդքան շատ կհավատան իրենց մեծությանը և այն բանին, որ նրանք անում են հանուն առաջադիմության, համաձայն պատ­մության հրամայականի և անձնական զորության…

Կգտնվե՞ն հումանիստներ, որ դատեն սրանց համաձայն Աստծո ու մարդկային օրենքների: Թե՞ ողորմելիները կլռեն, իսկ հրեշները կստի­պեն ոջիլներին ու ճիճուներին, որ ուտեն իրար և մեղմեն իրենց ոխը ու զայրույթը: Չէ՞ որ մարդը անասուն է՝ լինի ոջիլ, ճիճու թե հրեշ…
Միլիոնների մեջ մեկը միայն կարող է ըմբռնել, որ մարդը, ով էլ լինի – ոջիլ, հրեշ, աստված թե ճիճու – հանուն սատանայական փառա­սի­րության, հանուն ինքնամե­ծար­ման ու փառքի, կարող է ոչնչացնել ոչ միայն ուրիշներին՝ անգամ ինքը իրեն, երևա­կայելով՝ ետմահու փառքը որպես պատիվ, հարգանք ու բարձրագույն գնահատական՝ ապրող ճիճուների ու հրեշների համար: Ի՞նչ կարող ես անել՝ հիմարի, ապուշի, ընկնավոր խելագարի համար – որոնցով լիքն է կյանքն ու աշխարհը – չկա ավելի բարձր բան կյանքում, քան փառքը…
Այսպես են մտածում ու ապրում նրանք, որոնք ոչխարային հնա­զան­դությամբ մորթում են իրար Ուկրաինայում… Ոչ միայն Ուկրաի­նայում…

Ի՞նչ է հիմա ձեր ուզածը: Որ ձեզ հավատա՞ն: Երեսուն տարի ստել եք, խաբել եք, կեղծել եք՝ հերոս ու բոհեմ – գոռոզ ու մեծամիտ աղբ, ինքնա­հավան ու փառասեր աղբ՝ խաբել ու գողացել ու խաղացել, վայելել եք, ոչնչացրել եք ամենը, ինչ կյանք էր փոխանցում, վստահություն ու հավատ էր փոխանցում, ազատություն ու ազնվություն էր փոխանցում: Ո՞ւր են դրանք, ուզում եք որ ձեզ հավատա՞մ: Նույնը չե՞ք, ինչ կայիք, կյանքի տերեր: Դուք երբևէ ներողություն խնդրե՞լ եք ապրող մարդկան­ցից ձեր չարա­գործու­թյուն­ների համար – մութի, սառնամանիքի, անտեր ու թափառական երեխաների, նրանց իզուր զոհված հազարավոր հայրերի, ապականված և փողոց ընկած որբ մայրերի կրած տառա­պանք­ների համար: Դուք՝ КГБ-ում կոփված կիսագրագետ «հան­ճարներ» ու վհուկներ: Դանդաղ բացվում է ձեզ և ձեր էությունը թաքցնող վարագույրը: Նույն դանդաղությամբ դուք դառնում եք ավելի ճանաչելի, և, քանի շարժվի ժամանակը, այնքան մերժվելու եք դուք, որպեսզի ապրենք մենք: Ավելի լավ կլինի ձեզ համար, որ հեռանաք ինքնա­կամ և մենք մոռանանք վհուկի ձեր փառահեղ անցյալը: Եվ կապրի Արցախը, և կբարգավաճի Հայաստանը, նրա քաղաքակրթությունը, մշակույթն ու առօրյա ապագան…

Բավական է շահարկեք եղեռնը – դուք հենց հիմա զբաղված եք եղեռնա­գոր­ծությամբ – չեք տեսնո՞ւմ, թե ինչպես են փողոցում իրենց պահում երիտասարդ կանայք և պատանիները, որոնց նկատմամբ հույս ենք փայփա­յում, թե կլինեն պահապան զին­վորներ, ինչ հաղորդում­ներով են դաստիա­րա­կում երիտասարդությանը հեռուստա­էկրանները, դուք չեք ուզում տեսնել, որ ձեր հրապարակային արարողություններին, ինչպես եկեղեցում, մասնակցում են պաղ սրտով, շվարած, լքված, հուսահատ, աղքատ ու փառամոլ, արկա­ծախնդիր կիսախելագարներ, որովհետև հենց այսպիսին եք դուք ինքներդ – բախտ եմ ունեցել ճանաչելու այդպիսի բարոյապաշտ ու համեստ հանճար­ների, իրենց նեխահոտ աշխատասենյակներում: Միշտ ապշել եմ, թե ինչու են այսպես պոռոտախոս այս հանճարաշատ առաջնորդները: Վերջերս միայն հասկացա, որ դա միջոց է թաքցնելու համար ներքին փուչ դատարկությունը կամ այն աղետավոր խոցը, որ կրծում է նրանց խեղճ փառամոլությունը: Ապրի Արթուր Շոպենհաուերի հանճարը: Նա բացեց իմ կուրությունը:

Լավ՝ ենթադ­րենք, թե դուք փառամոլ հրեշներ չեք և, իսկապես, ձեզ ցավ է պատճառում թուրք մարդակերների, այդ հրեշների թողած ցավը մեղմելու ոխորը: Հարցնում եմ – Բայց չէ՞ որ մեր նպա­տակը դա չէ: Ձեզ մենք՝ ժողովուրդը, ընկալում է որպես առաջնորդներ և ոչ թե խռովարարներ: Հետևաբար՝ նոր էթիկա, նոր վարք, մոռանալ հինը, հոտածը, կմախքը, չդառնալ հարազատ ժողովրդի դահիճը, մի ավերեք մեր տունը – մեզ մնացել է մի ափ հայրենիք և մի բուռ ժողովուրդ: Մի դարձրեք հայրենիքը որբանոց: Եթե կարող եք՝ նայեք ձեզ մի քիչ հեռվից, մի քիչ կողքից – ու կտեսնեք, թե ինչ խղճուկներ ու ինչ չնչին ու ողորմելի արարածներ եք դուք: Մտածելու և ելք գտնելու փոխարեն, թե ինչպես կտրենք այն թույն տարածող գլուխը, որ երազում է և այն լեզուն, որ արտասանում է «Էրիվան» կամ «Գյոդակչայ» բառերը – մտածում և ելք եք որոնում, թե ինչպես կտրեք գլուխն ու լեզուն սեփական եղբոր, որ մտածում ու գործում է այլ կերպ, քան դուք:

Ձերպեսների մտածելակերպը միշտ կործանարար է եղել Հայաստան աշխարհի համար, հայ մարդու տեսակի համար: Մենք մեր տունը քանդեցինք մեր իսկ ձեռքերով ու ապականված փառասի­րութ­յամբ: Ո՞ւր է Կարսը, ո՞ւր է Արդահանը, Վանը, Սասունը, Մուշը: Այնտեղ, որտեղ իրենց տեղն է՝ գերության մեջ: Ինչո՞ւ: Ո՞ւր են ձեր մշակած մտքերը, ո՞ւր են ձեր գիտական կամ գրական ուսումնա­սիրությունները, ֆիլմերը, ինչ գաղափարներ ու գործունեություն եք դուք թելադրում ու տրամադրում երիտասարդությանը: Միայն մեխանիկական, կույր, զգացական հայրենա­սիրություն: Դժբախտաբար այդպես է եղել դարեր շարունակ: Հիշենք Ավարայրի ճակա­տամարտը: Երկու կողմից 140 հազար մարդը: 120 հազարը հայեր: 60 հազարական երկու կողմերից՝ Սպարապետ Վարդան Մամիկոնյան – քրիստոնեական հավատի մոլե­ռանդ պաշտ­պան (եկեղեցու պահապան հրեշտակ) և Սյունիքի տեր, Հայաստանի փոխարքա (նշանակված պարսկա­կան թագավորի կողմից) պաշտպա­նում է զրահա­դաշտականությունը (քաղա­քա­կան նկատառում­ներով) խմում են իրար արյուն 120 հազար եղբայրներ – խելահեղ ճիճուներ, ոջիլներ և մոլեգնած արյունռուշտ հրեշներ: Ի՞նչ է սա: Հայի ոգի՞: Ձեր ուզածը սա՞ է: Չե՞ք կարող ձեզ զսպել – 1570 տարի է անցել և դուք մնացել եք նույնը՝ եղբոր արյունը խմող հրեշներ – չի փոխվում հայի ոգին: Դուք ապացուցում եք հենց դա՝ 1570 տարի հետո եղբայրասպան ջարդից հետո: Ձեր արյունռուշտ ոգին մսխեց Հայաստանը, նրա միլի­ոնավոր տերերին, նրանց հարստու­թյունը, արարածը, կամքը, ճակա­­տագիրը, մշա­կույթը և համարձակվում եք երեսպաշտ ստախոսության - «մեզ մորթեցին», փոխանակ ասելու. «մենք մորթեցինք իրար եղբայ­րաբար»:

Հոգացեք նոր սերնդի ապագան և ոչ թե ապագա որբանոցների ու գժանոցների մասին մտածեք: Եթե անտեսեք այս մտքերը, ես կանիծեմ ձեզ, ոջիլներ, ճիճուներ ու կատաղած, արյունռուշտ հրեշներ…

ՏԻԳՐԱՆ ԱՎԱԳՅԱՆ
Գրող, էթիկական մտածող


Տեր Աստված, շնորհակալ եմ քեզանից ինձ տված մարդկային կերպարի համար։
ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

Քեզ տվել եմ կամք ու խիղճ - դու ինքդ ես քո արարիչն ու ստեղծողը։ Միայն քեզ եմ պարգևել աճելու ու զարգանալու կամքը։ Քո մեջ ես դրել եմ տիեզերական կյանքի սերմերը։
ՊԻԿՈ ԴԵԼԼԱ ՄԻՐԱՆԴՈԼԱ
«Մարդու արժանապատվության մասին» ճառից

Եվ այսպես - հնարավոր է փոխել ամեն ինչ, բացի բնատուր և անմերժելի օրենքները՝ տրված մարդուն։
ԹՈՄԱՍ  ՋԵՖՖԵՐՍՈՆ