Լեւոն Տեր-Պետրոսյանի «հրամայականը»

Լեւոն Տեր-Պետրոսյանի «հրամայականը»

Հայաստանի առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը երկու կետից բաղկացած հայտարարություն է տարածել՝  «Հայկական կողմի համար պահի հրամայականը»։  

Ըստ առաջին կետի՝ «Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է»։ Նկատենք, որ «ռազմական գործողությունները» չեն «սանձազերծվում», ինչպես նշված է․ սանձազերծվում է պատերազմը։ Նաեւ՝ «պատերազմը» չի «դադարեցվում», ինչպես դարձյալ նշված է այդ կետում․ դադարեցվում են ռազմական գործողությունները։ 

Սա՝ բոլոր նրանց համար, ովքեր տասնամյակներ շարունակ հավատում են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «գերագույն» բանասեր լինելու միֆին։ 

Բայց առավել հետաքրքիրը երկրորդ կետն է, որով «քաղաքագետ» Առաջինի կողմից անուղղակի գնահատական է տրվում Արցախի հիմնախնդրի շուրջ հայ-ադրբեջանական ավելի քան երկու տասնամյակ ձգվող բանակցություններին։ Լ․ Տեր-Պետրոսյանը դրանք բնորոշում է «ձեւական»․ «Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձեւական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

Ձեւակերպման մեջ հատկանշականը «առարկայական բանակցությունների» շեշտադրումն է։ Այս մարդը, փաստորեն, այդպես էլ չի ընկալել բանակցությունների նաեւ այնպիսի նշանակությունը, որ դրանց արժեքը ժամանակի (երբեմն՝ տասնամյակներ տեւող) մեջ ձգվածությունն է։ Որովհետեւ միայն այդ պարագայում է, որ կողմերը կարողանում են ապահովել երկուստեք անհրաժեշտ խաղաղությունը եւ իրենց նախապատրաստել իրական արդյունքների հասնելու համար։ 
Սակայն հայտարարության մեջ առանցքայինը Ռուսաստանի հիշատակումն է այն շեշտադրմամբ, թե բանակցությունների «առարկայականությունը» պետք է ապահովվի «Ռուսաստանի նախաձեռնությամբ»։ Թե ինչպես պիտի Ռուսաստանը «նախաձեռնի», առաջին նախագահը չի ասում։ Կամ՝ «նախաձեռնությունը» Ռուսաստանը ե՞րբ պիտի ստանձնի, «հայկական կողմն» ի՞նչ է անելու դրա համար, մանավանդ ընթացող պատերազմի պայմաններում, առաջին նախագահը դարձյալ ոչինչ չի ասում։ Եվ քանի որ նա չի ասում ամենակարեւորը, նրա ամբողջ ասածը վերածվում է անկարեւոր, անասելիք մի հայտարարության, որը տոնայնության մեջ, նույնիսկ քերականական կառուցվածքում, պարտվողականության տարրեր ունի։

Պարտվողականությունն ավելի ակնհայտ է դառնում այն հանգամանքը նկատի ունենալով, որ պատերազմական լարված իրավիճակում դիմել Ռուսաստանին՝ խնդրելով, որ «առարկայական բանակցություններ» «նախաձեռնի», ուղղակի նշանակում է՝ ընդունել սեփական պարտությունը։ Հատկապես որ Տեր-Պետրոսյանի հայտարարության համատեքստում «առարկայական» բառը հոմանիշ է «զիջումներին»։

Ի դեպ, Լ․ Տեր-Պետրոսյանին լավագույնս «պատասխանել» է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ եթե հիմա հրադադար խնդրենք, ուրեմն պարտված ենք։
Էլի մի «ի դեպ»՝ դեպի բանասեր Լ․ Տեր-Պետրոսյան «վերադարձով»․ ինչպե՞ս կարելի է մեկին հրահրել-հակել մի բանի եւ դա համարել վերջինիս «նախաձեռնությունը»։ Տեր-Պետրոսյանը չի՞ շփոթում այդ բառի պարզ իմաստը։

Վերջին «ի դեպ»-ը․ Լ․ Տեր-Պետրոսյանը շարունակում է ներկայանալ որպես ՀԱԿ առաջնորդ։ Հետաքրքիր է իմանալ՝ «առաջ»նորդի «ետեւում» ովքե՞ր են․ այնտեղ կուսակցություն կա՞։ Եթե կա, բա որտե՞ղ են «կուսակցականները», ինչո՞ւ առարկայական ոչինչ չեն նախաձեռնում, ինչպես, օրինակ, դաշնակցականները։

Չէ՞ որ հենց դա՛ է «հայկական կողմի համար պահի հրամայականը»։