Ադրբեջանցի ժողովրդին

Ադրբեջանցի ժողովրդին

Ես արտահայտելու եմ իմ խիստ անձնական կարծիքը, բայց, անշուշտ, կուզենայի, որ այն ընդունելի լիներ երկու ժողովուրդների՝ հայերի ու ադրբեջանցիների համար էլ:
Ընդունված է, որ դիվանագիտությունն ունի իր յուրահատուկ լեզուն, եւ որ քաղաքականությունն անմաքուր գործ է: 

Հիմա ես հեռու կմնամ քաղաքականությունից եւ դիվանագիտական անորոշ ձեւակերպումներից:
Ե՛վ մենք՝ հայերս, ե՛ւ դուք՝ ադրբեջանցիներդ, չենք վախենում մեկս մյուսից: Ես կուզենայի, որ չփորձենք էլ վախեցնել: 

Ե՛վ մենք՝ հայերս, ե՛ւ դուք՝ ադրբեջանցիներդ, ուզում ենք ապրել ու զարգանալ մեր հողի վրա: 
Ահա, այստեղ գլուխ է բարձրացնում մեր որոշ ընկալումների միջեւ եղած տարբերությունը, ինչը խանգարում է դա անել խաղաղ ու առանց չդադարող պատերազմական վիճակի: Անձամբ ես կարծում եմ, որ ժողովուրդների հին ու նոր պետականություն ունենալը ոչ մի նշանակություն չունի նրանց միջեւ հարաբերությունների կառուցման համար: Բայց իր հողի վրա ապրելու եւ իր ազատությունը պահպանելու իրավունքն էլ անվիճելի է: Ստացվել է այնպես, որ երբ մենք՝ հայերս, եւ դուք՝ ադրբեջանցիներդ, խոսում ենք Արցախի մասին, ըստ էության, տարբեր բաների մասին ենք խոսում: Մենք՝ հայերս, եւ դուք՝ ադրբեջանցիներդ, կարող ենք պատմաբանների ու պատմության դասագրքերի ճշմարտացիությունն ստուգել համաշխարհային պատմական աղբյուրներով, բայց կա նաեւ դասագրքային չդարձող շատ կարեւոր բան՝ պատմական գենետիկ հիշողությունը: Ես արտերկրում, բնականաբար, շատ հայ ու չափազանց քիչ ադրբեջանցի եմ տեսել: Ադրբեջանցին կարող էր ասել, որ Ղարաբաղն ու Ղարաբաղի համար կռիվն իրեն պետք չէին, իսկ հայը՝ ոչ մի անգամ: Հայը կարող էր ադրբեջանցու հետ անձնական դիվանագիտական լավ հարաբերություններ պահպանել ու լռել Արցախի մասին, բայց չասել, թե իրեն պետք չէ: Որովհետեւ ադրբեջանցու համար դա հող ու տարածք է, հայի համար՝ հող հայրենի: Եվ ասածիս մեջ վիրավորական ոչինչ չկա ադրբեջանցու համար: Համաշխարհային պատմության մեզ հայտնի ամբողջ ընթացքում համայն աշխարհում պատերազմներ են մղվել տարածքների ու երկրների համար: Բայց երբ չեն բացառել խաղաղ համակեցության հնարավորությունը, զարգացել են այն պետությունները, որոնք խաղաղ հարեւանությունը գերադասել են պատերազմից ու բռնությունից: 

Ես տղա չունեմ, ցավոք, բայց մեր բոլորի զավակներն են պատերազմի դաշտում: Ռազմական տեսարաններն արցունք են քամում իմ աչքերից, նույնիսկ երբ տեսնում եմ հակառակորդի զոհերի նկարները: Ես հայ տատիկ եմ տեսել, որն իր թոռանը ռազմաճակատ էր ուղարկել եւ Աստծուն աղոթում էր նախ ադրբեջանցու երեխայի, հետո իր թոռան համար: 

Մտածենք այս մասին, գուցե Աստված մեզնից այս բարձրագույն մարդկայնությունն է ակնկալում: 
Այսօր մեր 3 միլիոնից պակաս բնակչությամբ Հայաստանն աներեւակայելի վստահությամբ դուրս է եկել 10 միլիոնանոց Ադրբեջանի ու 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ, ոչ հարուստ ռեսուրսներով փոքր երկիրը դուրս է եկել հարուստ նավթատեր ու գերտերություն երկրների դեմ:
Մտածեք, մենք իրոք կարող էինք խաղաղ ու հաշտ ապրել, գոհանալ մեր ունեցածով: Դուք հարուստ երկիր եք, բայց աչքածակ հարուստի պես, որ չի գոհանում երբեք, ձեր իշխանությունն աչքը գցել է մեր ունեցած քչի վրա: Դուք գիտեք աշխատել, ծաղկեցնել ամեն ինչով հարուստ ձեր երկիրը, հաշտվեք խաղաղ եւ նույնիսկ ժամանակի ընթացքում բարեկամական դարձող հարաբերություններ ստեղծելու մտքի հետ: 

«Մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է»,- ասում է ժողովրդական ասացվածքը: Դուք այսօր մշտական թշնամանքի ու անհաշտության մեջ ապրելով, թուրք պետության հրահրմամբ պատերազմ սկսելով՝ որեւէ իրական արդյունքի հասնելու հույս էլ չեք կարող ունենալ: Ի՜նչ եղբայր է նա, որ քո զավակներին անվերապահ մահվան է ուղարկում՝ իր քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակներին ձգտելով: Աշխարհը բոլորինն է, ոչ ոք չի տանելու իր հետ, իսկ տանել փորձողն ավելի շուտ ու մենակ է հեռանալու:

Եկեք մտածենք, միտքը բարձրագույնն է, որ Աստված տվել է մարդուն:

Ռուզան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ