Պատերազմի եւ պատերազմի միջեւ

Պատերազմի եւ պատերազմի միջեւ

«Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»,-19-րդ դարի պրուսական բանակի գեներալ, ռազմական տեսաբան Կարլ Կլաուզեւիցի այս պնդումը թերեւս կարելի է վերագրել մեծաթիվ պատերազմների, սակայն ո՛չ ղարաբաղյան այս պատերազմին: Ավելի ճիշտ՝ այս պնդումը վերաբերում է պատերազմը սանձազերծած Ադրբեջանին եւ Թուրքիային, պատերազմով շահագրգիռ եւ դրա ելքին սպասող տարբեր պետությունների, սակայն ո՛չ Հայաստանին եւ նրա անբաժան մասը կազմող Ղարաբաղին: 

Ադրբեջանի կոռումպացված իշխանությունն այս պատերազմով լուծում է իշխանության պահպանման բարդ խնդիրը: Աշխարհը պատուհասած համաճարակի երկարատեւ ընթացքը, միջազգային շուկայում նավթի գների տեւական եւ կտրուկ անկումը, կոռուպցիայի բարձր մակարդակը, սոցիալական բեւեռացումը, սպառազինությունների օրավուր աճը եւ ահռելի ֆինանսական հատկացումները` թանկարժեք սպառազինությունների ձեռքբերման համար, արդեն առաջիկայում այդ երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքը տեւտոնական ցնցումների էին ենթարկելու՝ իրական սպառնալիք դառնալով Ալիեւի կլանային իշխանության համար: Իլհամ Ալիեւը հույս ուներ, որ նավթի արդյունահանումն ու վաճառքը, ինչպես նախկինում, այժմ եւս կփոխհատուցեն սպառազինությունների վրա ծախսված ահռելի միջոցները, սակայն համաճարակը խառնեց նրա հաշիվները: 

Նմանօրինակ գերբարդ իրավիճակում Բաքուն ընտրեց ռազմական ճանապարհով ներքաղաքական խնդիրները լուծելու վտանգավոր ճանապարհը՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Հայաստանի եւ նրա անբաժան մասը կազմող Ղարաբաղի դեմ: Հարյուրավոր մարդկային զոհերի, մեծաթիվ զինտեխնիկայի կորուստների գնով ալիեւները ադրբեջանցիներին ստիպված են խոստանալ «վերադարձնել» Ղարաբաղը, երբ Մեհրիբանը հուսադրում է «համբուրել Ղարաբաղի սուրբ հողը»: 

Բացի այդ, հուլիսյան ռազմական գործողություններից հետո ադրբեջանական ռազմական վերնախավում հասունացող տարաձայնությունները, բարձրաստիճան գործիչների պաշտոնանկությունները վկայում են, որ լայնածավալ պատերազմի հույսով ալիեւները հիմնականում ներքաղաքական խնդիրներ են փորձում լուծել: 

Միաժամանակ, հենց այս խնդիրներն են առաջիկայում դառնալու Ալիեւի պաշտոնանկության պատճառը: Ռազմաճակատում ունեցած մարդկային եւ տարածքային կորուստները, սիրիացի վարձկանների վրա ծախսված ահռելի գումարները, երկրի տնտեսական անկումը, ռազմական վերնախավի խռովությունները, կոշտ գրաքննությունը, հասարակական դժգոհությունների ճնշման փորձերը պատերազմի ավարտից հետո արագորեն վերածվելու են Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման գործող ականների՝ հանգեցնելով Ալիեւի իշխանազրկման: Պատերազմը լայնորեն բացելու է ներքաղաքական կյանքի ապակայունացման դարպասները: Եվ Ալիեւի փորձերը՝ զսպել ու պատժել երկրի ապակայունացման փորձերը, է՛լ ավելի են արագացնելու նրա կլանային իշխանության կազմաքանդումը: Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը կարող է հայտնվել երկարատեւ ապակայունացման մեջ: Ի վերջո, Ադրբեջանում էլչիբեյական արկածախնդրության կրկնության այս փորձը հանգեցնելու է խռովությունների եւ հեղաշրջումների՝ այդ երկիրը երկարատեւ քաոսի մատնելով: 

Բացի այդ, Թուրքիայի հետ ռազմադաշնակցային խորացող հարաբերությունները մեծապես նվազեցնելու են Ադրբեջանի ինքնիշխանությունը, եւ արդեն պատերազմի ավարտին Անկարան կարող է վերջնականապես տիրել այդ երկրին կամ էլ նրա շահերի արժեթղթերը խաղարկել աշխարհաքաղաքական սակարանում: 

Թուրքիան պատերազմի մեջ է ներգրավվել օրըստօրե ավելի ու ավելի խելացնոր դարձող իր աշխարհաքաղաքական շահերի համար: Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության վեց տարիների ընթացքում թուրքական հմուտ եւ նենգ դիվանագիտությունից հմտությունն իսպառ անհետացել է, եւ մնացել է միայն նենգությունը: Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն արագորեն վերածվում է տարածաշրջանային Հիտլերի՝ քաղաքական խելագարության չափաբաժինների անվերջ աճով: Այն Հիտլերի, որի ռազմաքաղաքական ձգտումների վտանգները մոլորյալ Եվրոպան տեւական ժամանակ թերագնահատում էր:

Անկարայի համար ղարաբաղյան այս պատերազմը Կովկաս մխրճվելու, այն ճեղքելով՝ դեպի Եվրոպա երկրորդ ուղղություն բացելու փորձ է: Ձգտելով դառնալ իսլամական աշխարհի կենտրոնը՝ Անկարան անվերջ փորձում է դուրս նետել իր կոկորդին եւ աշխարհաքաղաքական ձգտումների ճանապարհին հավերժ կանգնած Հայաստանը: 

Միաժամանակ, Անկարան վերստին համոզվում է, որ սա 20-րդ դարասկզբի հայ ժողովուրդը չէ: Սա թուրքական վախից եւ զոհի բարդույթից իսպառ ձերբազատված, բացառապես սեփական ուժերին ապավինած, իր պատմական տարածքներն ազատագրող եւ Արեւմտյան Հայաստանի վերադարձը սրտերում անմար պահող հայ ժողովրդի նոր սերունդներն են՝ համախմբված, վճռական եւ հաղթելու աներեր կամքով: Հենց այս ժողովրդից է սարսափում Անկարան, որն անվերջ, պատեհ-անպատեհ իր բարոյական եւ ռազմական աջակցությունն է հայտնում եւ ցուցաբերում «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին՝ թեժացնելով պատերազմը եւ փորձելով կրակից շագանակներ հանել Բաքվի ձեռքերով: Անկարան նաեւ գիտե, որ Կարսի պայմանագրի 100-ամյակի նախադռանը բացվելու է դրա չեղարկման հայկական հարցը, ինչն էլ Էրդողանը փորձում է կանխել այս պատերազմով:
Քրիստոնեական Եվրոպան, իր հերթին, սպասում է, թե ինչպես է կրկնակի շրջափակված, մահմեդական տարածաշրջանում սեղմված առաջին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, կագնեցնելու թե՛ Թուրքիային, թե՛ մահմեդական ծայրահեղականության առաջխաղացումը՝ փրկելով Եվրոպային: 

Թուրքական աշխարհաքաղաքական ձգտումների աճող կորագիծը մտահոգում է Հայաստանի «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանին, որի միջոցով է նաեւ զինվել Ադրբեջանը, իսկ տարածաշրջանը՝ ռազմականացվել: Մինսկի խմբի համանախագահ Մոսկվան հետամուտ է ռուսական զենքի վաճառքի, Ալիեւի իշխանության թուլացման, Հայաստանի նոր իշխանություններին «սանձելու», Ղարաբաղը ռուսական կայսրության մաս դարձնելու իր ձգտումներին եւ շահերին: Եվ դեռ հայտնի չէ, թե այս պատերազմի ավարտին ռուս-թուրքական հարաբերությունները շիկանալո՞ւ են, թե՞ հերթական անգամ՝ ջերմանալու:

Հայաստանի քրիստոնեական միակ հարեւանի՝ Վրաստանի տնտեսությունն այժմ ամբողջական կախվածության մեջ է թուրքական տնտեսությունից: Թբիլիսիի տարբեր իշխանությունների ջանքերով Անկարան մխրճվել է Վրաստանի տնտեսության մեջ՝ դրանով իսկ էապես թուլացնելով նաեւ երկրի ինքնիշխանությունը: Ռուսական ներխուժման հանդեպ վախը Թբիլիսիին մղել է դեպի Անկարա: Տնտեսական այս ձախավեր քաղաքական հետեւանքները Թբիլիսին դեռ հետո կզգա: Միաժամանակ, Երեւանի անվերջ ռուսագիծ քաղաքականությունը վանել եւ վանում է Թբիլիսիին նաեւ Երեւանից: Մինչդեռ Վրաստանն ու Հայաստանն այս տարածաշրջանում ամենակարեւոր դաշնակիցներ պետք է լինեին, եւ դրա անհրաժեշտությունը երկու երկրները դեռ զգալու են: 
Միակ երկիրը, որն այս պատերազմով քաղաքականություն չի իրականացնում, Հայաստանն է: Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում ղարաբաղյան հիմնախնդիրը ներքաղաքական հզոր գործոնն է եղել եւ մնում է այդպիսին, դառնալով նաեւ իշխանափոխությունների եւ քաղաքական քարտեզի փոփոխման պատճառ, սակայն Հայաստանը մեր մեծ տարածաշրջանի միակ երկիրն է, որի համար պատերազմը քաղաքականության գործիք չէ: 

Մեծ հաշվով, Հայաստանը ղարաբաղյան պատերազմով քաղաքականություն իրականացնելու հնարավորություն էլ չունի, քանի որ հավերժ անհավասար պատերազմում Հայաստանը ողջ ներուժով մարտնչում է եւ քաղաքականության ժամանակ չունի: Բացի այդ, քաղաքականության եւ դիվանագիտության մեջ եւս Երեւանի դիրքերը խոցելի են, քանի որ քաղաքական խնդիրների լուծման իր մանդատը Երեւանը տարիներ շարունակ հանձնել է Մոսկվային, որը, բանակցելով Երեւանի փոխարեն, Հայաստանի շահերը զոհաբերել է իր շահերին: 

 Հայաստանն այժմ սեղմված է պատերազմի եւ պատերազմի միջեւ, որոնցից դուրս գալու ճանապարհն անցնում է արյունոտ տարտարոսի եւ հերոսական կռիվների միջով: Հայաստանը պատերազմով քաղաքականություն իրականացնելու ցանկություն չունի, քանի որ պատերազմը Հայաստանը չի ընտրել, այլ այն պարտադրվել է նրան: 

 Պատերազմի եւ պատերազմի սեղմված Հայաստանն ու հայ ժողովուրդն այժմ մագլցում են պատերազմի ժայռերով: Հայաստանը պարտադրված է բարձրանալ եւ առաջ ընթանալ՝ լուծելու երկարատեւ խաղաղության խնդիրը: Ղարաբաղյան այս պատերազմի ավարտը ոչ թե միջազգային միջնորդներն են մոտեցնելու, այլ հայկական ուժերը՝ իրենց զգալի առաջխաղացմամբ: 
 

Պատերազմի եւ պատերազմի սեղմված Հայաստանի համար խաղաղության միակ ճանապարհն անցնում է հայկական նոր տարածքների ազատագրմամբ: Պատմությամբ եւ Նախախնամությամբ Հայաստանի վրա է դրված այս առաքելությունը: Հայկական հողում թափված թանկ արյունը փակել է նահանջի, հաշտության մնացյալ բոլոր ճանապարհները, խաղաղության համար թողնելով միայն մեկ՝ հայկական ճանապարհը: