Կալանքի միջնորդությունները քննվում են, նիստեր կան՝ հետաձգվում․ կորոնավիրուսի օրերը՝ դատարաններում

Կալանքի միջնորդությունները քննվում են, նիստեր կան՝ հետաձգվում․ կորոնավիրուսի օրերը՝ դատարաններում

«Հստակ հարցին պատասխանել այս պահին կդժվարանամ, որովհետեւ լայն առումով չենք ուսումնասիրել դաշտը, բայց հավաստիացնում  եմ Ձեզ, որ դատարաններն աշխատում են բնականոն հունով  եւ անհետաձգելի բոլոր նիստերը կայանում են եւ խնդիրները, հարցերը, քննարկվում, լուծվում են»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն՝ անդրադառնալով հարցին, թե այս օրերին կալանքի միջնորդությունները դատարանները քննո՞ւմ են։

Փոլադյանը նաեւ ավելացրեց․ «Որպես անձնական կարծիք ասում եմ, որ քննարկվելու են բոլոր կալանքի միջնորդությունները,  եթե հիմքերը եղան, դատարանը քննարկելու է եւ բնականոն հունով աշխատելու  արդյունքում կայացնելու է համապատասխան որոշումներ»։

Հարցին, թե դատական նիստերը չե՞ն հետաձգվում, պատասխանեց․ «Կան նիստեր, որոնք հետաձգվում են, կալանքի միջնորդություններն անհետաձգելի են, կարծում եմ՝ չեն հետաձգվի։ Շատ նիստեր ունենք, որ հետաձգվում  են կողմի բացակայության պատճառով, դատարաններն աշխատում են բնականոն հունով»։

-Եթե անձը չի ներկայանում նիստին վիրուսի պատճառով, դա հարգելի պատճառ համարվո՞ւմ է։

-Կարծում եմ՝ այո։ Դատավարական օրենսգրքերը սահմանում են, որ, եթե կողմերը ծանուցված են եւ չեն ներկայացել նիստին, դատարանը կարող է նիստը անցկացնել, բայց այս իրավիճակում կարծում եմ՝ բոլորը իրավիճակը հաշվի առնելով կմտնեն դատավարության կողմերի վիճակի մեջ եւ նիստերը կհետաձգվեն մինչեւ այս իրավիճակի կայունանալը։

-Նույնը քաղաքացիական գործերո՞վ։

-Խոսքս վերաբերում է բոլոր գործերին։