Ես չեմ կարծում, որ հեռանալը պատասխանատվություն կրել է

Ես չեմ կարծում, որ հեռանալը պատասխանատվություն կրել է

Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին Սուրեն Պապիկյանն առաջարկել է Շիրակի մարզպետի պաշտոնը՝ օրերս այդ պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի փոխարեն, սակայն նա հրաժարվել է։ Կառավարության այսօրվա նիստում մարզպետ կնշանակվի առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Վստահ եմ, որ անձը, ում անունը շրջանառվում է, կկարողանա ստանձնել այդ պարտավորությունը եւ այս դժվարին վիճակում կկարողանա մարզը ճիշտ ուղղությամբ տանել։ Նա ունի կառավարման հմտություններ եւ, լինելով Շիրակի մարզից, լավ տիրապետում է այն խնդրակազմին, որն ունենք մարզում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

- Նախկին մարզպետն ինչո՞վ չարդարացրեց իրեն, որ ազատվեց պաշտոնից։

- Տեղյակ չեմ, եւ էթիկորեն ճիշտ չէ, որ ես մեկնաբանեմ։

- Իսկ ինչպե՞ս կբացատրեք հետպատերազմյան այս լարված շրջանում այսօրինակ փոխատեղումները՝ մեկին ազատում-տանում են մեկ ուրիշ տեղն, մյուսին՝ մեկ այլ տեղ, ընդամենը գումարելիների տեղերն են փոխվում։

- Գիտե՞ք, քաղաքական գործընթացներ են, եւ որեւէ մեկը հավերժ ու մշտական չէ, ինձ թվում է՝ այս փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ լավագույնս փորձում են յուրաքանչյուրի հմտություններն օգտագործել այն ոլորտում, որտեղ ինքն օգտակար կլինի։

- Հիմա Արսեն Թորոսյանն ինչո՞վ օգտակար չեղավ առողջապահության նախարարի պաշտոնում եւ ինչո՞վ պետք է օգտակար լինի կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։

- Ինձ թվում է՝ ժամանակը ցույց կտա, բայց գործելաոճը եւ մոտեցումները, վստահ եմ, որ նոր պաշտոնում տեսանելի արդյունքներ կտան։

- Դուք տրամաբանություն տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ․ առողջապահության նախարարին ազատում են առանց լուրջ հիմքի, այն դեպքում, երբ քովիդի պիկի ժամանակ նրան այդքան քննադատեցին, բայց Թորոսյանը չազատվեց պաշտոնից, հիմա, երբ առանձնապես լուրջ քննադատություն չկա, հանում՝ այլ պաշտոնի են նշանակում, նրա փոխարեն էլ նախարար է նշանակվում իրավաբան Անահիտ Ավանեսյանը։

- Ես կարծում եմ, որ պարոն Թորոսյանի հմտությունները լավագույնս այս պաշտոնում կկարողանան ծառայել, եւ մենք աշխատանքների մաքսիմալ արդյունավետություն կկարողանանք տեսնել։

- Նույնկերպ Արգիշտի Քյարամյանը կարող էր նշանակվել առողջապահության նախարար եւ «լավագույնս ծառայեցնել իր հմտությունները»։

- Չէ, տեսեք, ինչ վերաբերում է նախարարի պաշտոնին, ապա դա քաղաքական պաշտոն է, որն ինքնին ենթադրում է նաեւ տվյալ ոլորտի քաղաքականության եւ մոտեցումների արտացոլում։ Եթե խոսքը վերաբերում է տիկին Ավանեսյանի նշանակմանը, ապա նա տեւական ժամանակ տեղակալի պաշտոնում է եղել, եւ իրապես կարծում եմ, որ եթե այս ոլորտում գործադիրի ղեկավարը տեսել է տիկին Ավանեսյանին, ուրեմն կան որոշակի նախադրյալներ։ Ես տվյալ ոլորտից չեմ եւ չեմ կարող մեկնաբանել, թե ինչքանով արդյունավետ կլինի։ Զուտ իրավական առումով ասեմ, որ այստեղ որեւէ խնդիր չկա, որ նախարարը պետք է լինի ոլորտի մասնագետ, այն քաղաքական պաշտոն է։

- Իհարկե, դժվար է մեկնաբանել այն կադրային քաղաքականության տրամաբանությունը, որն իրականացվում է ձեր թիմի կողմից, բայց հանրության շրջանում արդեն հեգնանքի ու ծաղրի են արժանանում այս նշանակումները, հատկապես Արգիշտի Քյարամյանի ֆենոմենը, որն առանձին ուսումնասիրության ենթակա հարց է։

- Պարոն Քյարամյանի հետ անձնապես ծանոթ չեմ, չեմ կարող ասել, բայց, հավանաբար, ունի այնպիսի հմտություններ, որոնք իրավական ոլորտում, իրավապահ համակարգում շատ կարեւոր են։

- Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը համագործակցություն է առաջարկել, ասելով, թե կառավարության ցանկացած անդամի կարող են փոխել, միայն ուժայինները իրեն թողնեն, որպեսզի թոթափվի լարվածությունը։

- Չեմ կարող մեկնաբանել, տեղյակ չեմ նման հայտարարությունից։

- Իսկ կա՞ նման մոտեցում ձեր թիմի կողմից, որ նման փոխատեղումներով լարվածությունը կմեղմվի երկրում։

- Բացառում եմ, որովհետեւ փոփոխությունները խիստ տարբեր մոտեցումներով են եղել։ Տեսեք, օրինակ՝ փոխակերպումները, որոնք տեղի են ունեցել պաշտպանության նախարարությունում, այլ տրամաբանությամբ են եղել, փոփոխությունները, որոնք միգուցե դեռ կլինեն ուժային կառույցներում, այլ տրամաբանություն կդրվի։

- Իսկ վարչապետի փոփոխություն ե՞րբ է լինելու։

- Ես կարծում եմ, որ մեր օրակարգում, քանի որ չկա հարց, վարչապետի փոփոխություն մոտ ապագայում դժվար է սպասել։

- Դուք կարծում եք, որ վարչապետը որեւէ մեղք չունի՞ այս իրավիճակում, եւ ի՞նքը չէ թիվ մեկ պաշտոնյան, որ պետք է առաջինը հեռանար պատերազմից հետո։

- Ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում, երբ մարդ որեւէ գործողության համար ստանձնում է պատասխանատվություն, պետք է այդ պատասխանատվությունը կրի։ Վարչապետն այս պարագայում պատրաստ է այդ պատասխանատվությունը կրել։

- Դե թող կրի եւ հեռանա, ինչո՞ւ չի հեռանում, պատասխանատվություն կրելը պաշտոնին մնալո՞վ է։

- Ոչ, պատասխանատվություն կրելը հետեւանքների համար պատասխանատվություն ստանձնելն է։ Ես չեմ կարծում, որ հեռանալը պատասխանատվություն կրել է։

- Իսկ ո՞րն է պատասխանատվություն կրելը։

- Այն հետեւանքները, որոնք առաջացել են, իրենց տալ արագ եւ համակողմանի լուծում եւ գտնել հենց հիմնավոր պատճառները, որոնք առիթ են հանդիսացել ստեղծված իրավիճակի, եւ, այո, եթե կլինեն իրավական գործընթացներ, եթե կլինեն պրոցեսներ, նաեւ այդ համատեքստում կրել։

- Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեկը հանցանք գործի, որի հետեւանքով մարդ մահանա, եւ ասի՝ ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել, բայց ազատության մեջ։

- Ես չեմ կարծում, որ այստեղ մենք խոսում ենք հանցանքի մասին՝ զուտ իրավական եղանակով, վստահ եմ, որ եթե խոսում եք պատերազմի եւ դրա հետեւանքի մասին, կլինեն քննիչ հանձնաժողովներ, կլինի մեծ գործընթաց, որն արմատապես կքննի պատերազմի ծնած պատճառները, եւ այդ ինտերվալը չի լինի երկու տարի, կլինի 94 թվականից մինչ այսօր տեղի ունեցած բոլոր դեպքերն անխտիր, ե՛ւ դիվանագիտական հարթակներում, ե՛ւ պաշտպանության ոլորտում։