Ինքը դա դեբիլությունից չի ասում, ասում է սիմվոլիկաներով, դիտմամբ

Ինքը դա դեբիլությունից չի ասում, ասում է սիմվոլիկաներով, դիտմամբ

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք «մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությունը», ինչպես ասաց ՀՀ վարչապետը, նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին: Պատերազմից հետո անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները որեւէ մեկի մոտ գրեթե պատրանքներ չեն թողել, թե Հայաստանն անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Միայն այն փաստը, որ Հայաստանն իր սահմանների պաշտպանության համար դիմում է ՀԱՊԿ-ին, արդեն ամեն ինչ ասում է։ 

Այնուամենայնիվ, մենք հասարակական-քաղաքական ամենատարբեր, հաճախ՝ իրարամերժ շրջանակները ներկայացնող քաղաքական ու մշակութային գործիչներին խնդրեցինք թվարկել Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ինչ-ինչ ատրիբուտներ եւ նաեւ նշել, թե ինչ ենք կորցրել այդ ատրիբուտներից այս 3 եւ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով․ «Պետականության հիմնական ատրիբուտն ինքնիշխանությունն է, իսկ ինքնիշխանություն՝ նշանակում է կայացնել ինքնուրույն որոշումներ, ինքնուրույն օրակարգ ձեւակերպել, լինել գործուն։ Մենք էսօր առաջնորդվում ենք մեծ տերությունների եւ, դժբախտաբար, ռեգիոնալ տերության թուրքական օրակարգով։

Այսինքն՝ եթե մի իշխանություն, մի պետություն, որի ղեկավարը պառլամենտում հրաժարվում  է Շուշին եւ Հադրութն օկուպացված համարել, մի իշխանություն, որը վախենում է խոսել Արցախի անկախությունից եւ վախենում  է Էրդողանին ու Ալիեւին հանցագործներ կոչելուց․․․ Ինչ վերաբերում է՝ ինչ ունենք․ բանակ։ Ես փաստերով եմ խոսում։ Քանի ամիս է՝ Սեւ լճում 1000 ադրբեջանական զինվոր է տեղակայված, իսկ յուրաքանչյուր պետության սուրբ պարտականությունը սահմանների ավտանգությունն է ու քաղաքացիների անվտանգությունը եւ սեփական օրակարգ ձեւավորելու ինքնուրույնությունը։ Իսկ որ ինքն ասում է՝ խաղաղասիրություն, դա իր օրակարգը չէ, դա Էրդողանի օրակարգն է։ Եթե նման օրակարգ լիներ, նախ ազգային անվտանգության ռազմավարության մեջ կգրեին, էլի։ Այսինքն՝ մեր մանկության երազա՞նքն է եղել Ադրբեջանի հարավով գնալ Ռուսաստան»։

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյան․ «Դե, ախր, «նշել» բառն արդեն իսկ տեղին չէ․․․ ի՞նչը նշենք, հասկացանք՝ անկախության բեկորների առթիվ կարելի է նշել, բայց ոչ թե տոնել»։ Իսկ ի՞նչ բեկորներ են դեռ մնացել։ Ուրիխանյանն ասում է․ «Մնացել է Հայաստանի Հանրապետություն, որի տարածքում դեռ գտնվում են օտարերկրյա թշնամական զինված ուժեր, ունենք նրանց կողմից փակված միջմարզային ճանապարհներ, նաեւ հոխորտում են ուժով գրավել ՄԱԿ-ի կողմից ճանաչված ՀՀ տարածքներ, ներդրողներին հրավիրում են ներդրումների»։

Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Վահան Բադասյանն անկախության մասին հարցին պատասխանեց․ «Փաստորեն այն, ինչ կորցրել ենք, չի բավարարել Նիկոլին, եւ նա շարունակում է կորցնել։ Եվ Նիկոլը մենակ չէ, ինքը կազմակերպված թիմ ունի եւ ժեխակրոն կողմնակիցներ, որոնց անգիտությունից այս տարիներին օգտվել են բոլոր 3 նախագահները, ու հիմա օգտվում է Նիկոլը՝ այս ամենն առաջ տանելով սատանայական սիմվոլիկաներով, սատանիզմով»։ Նաեւ նշեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ցնցակաթվածի մեջ գցող հայտարարություններ անում․ «Դա նույնն է, ինչ ասում էր Նիկոլը՝ ոչ պատահական, իհարկե։ Որ՝ ժողովուրդ, մենք հպարտ ենք, որ պարտվել ենք, կեցցեն մեր զոհերը։ Կամ որ գերեվարված մարդկանց ծնողներին ասում էր․ հաշվեք՝ ձեր երեխաները խոպանում են, նրանք մի քանի ամսից կվերադառնան, եւ ամեն ամիս կստանաք 300 հազար դրամ։ Ինքը դա դեբիլությունից չի ասում, ասում է սիմվոլիկաներով, դիտմամբ, որպեսզի արժեզրկի այն ամենը, ինչ մեր հասկացողությամբ արժեք է»։

ԱԺԲ կուսակցության անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան․ «Երեք եւ կես տարվա մեջ կորցրել ենք ինքնիշխանության այն վերջին բեկորները, որոնք մնացել էին Սերժ Սարգսյանի եւ դրա նախորդող ռեժիմների գործունեության արդյունքում: Այդ ռեժիմները մեզ հետեւողականորեն տարել էին ինքնիշխանության կորստի ուղով, բայց ինչ-որ բեկորներ, այնուամենայնիվ, մնացել էին: Այս վերջին երեք եւ կես տարիներին Փաշինյանի ռեժիմի հատուկ ջանքերի շնորհիվ եւ արդյունքում դա էլ կորցրինք: Ինչ վերաբերում է անկախության եւ ինքնիշխանության մի քանի ատրիբուտներին, որոնք մնացել են, ապա դրանք մի քանիսն են եւ բոլորն էլ՝ առանց բովանդակության․ վերածվել են զուտ եւ մերկ սիմվոլների: Դա դրոշը, զինանշանը, օրհներգն ու մնացած ատրիբուտներն են, որոնք այլեւս Հայաստանի պայմաններում չեն արտահայտում իրական անկախություն եւ ինքնիշխանություն»։

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան․ «Մենք հիմա ոչինչ չունենք՝ ո՛չ իդեա, ո՛չ պետականության զգացում, ո՛չ խնդիր, թե ինչ ճանապարհով ենք գնալու։ Չկա, լրիվ պետականության կորստյան ճամփի վրա ենք։ Սա՝ առանց չափազանցության։ Մենք անգամ մեզ չենք զգում որպես ժողովուրդ, մենք կորցրել ենք մեր ազգային ամբողջականությունը, հայի զգացողությունը։ Հայի ինքնություն մենք չունենք։ Մեզ այսօր մի հզոր ալիք է հարկավոր, որպեսզի կարողանա օգնել՝ հասկանալու, որ բացի մարդ լինելը, անուն, ազգանուն ունենալը, մենք նաեւ երկրի քաղաքացի ենք։ Մի բան, որը մեր ողջ պատմության ընթացքում եղել է ամենագլխավոր բանը հայ մարդու համար»։