Ծիծեռնակաբերդը կլինի վերջին կանգառը․․․

Ծիծեռնակաբերդը կլինի վերջին կանգառը․․․

ՔՊ-ի վերջին կանգառը ցեղասպանության կանգառն է։ 2018-ին շատ եմ ինքս ինձ հարցրել՝ ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չհամբերեց, որ նախկինների կողմից կազմակերպված ցեղասպանության մեծ միջոցառումը Սերժ Սարգսյանն անցկացներ։ Աթոռը փախչու՞մ էր, ժողովուրդը կսառե՞ր, թե՞ մի այլ բան, որը մեզ անհայտ էր։ Այդ ի՞նչ հողմ էր, ի՞նչ ուժ էր, որ նրան փոթորկի նման քշեց ու նստեցրեց վարչապետի աթոռին։ Վեց տարիների ընթացքում շատ կարծիքներ եմ լսել, բայց ոչ մեկի  պատասխանը ինձ չի բավարարել։ Կծիկի հետպտույտից ոնց որ թե երևում է թելի  ծայրը։ Վերջին կանգառում ենք․ թուրքական մեծ հարցի առաջ։ Ամբողջ աշխարհը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, շատ դժվար ու բարդ հարց է։  Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ցեղասպանությունը յոթերորդ դասարանի Հայոց պատմության մի  գիրք է, որը կարող է տարբեր հեղինակների միջոցով փոխել։ Աղազարյանը մի բան կասի, մյուս աղազարյանները մի այլ բան և ահա՝ կստացվի, որ ցեղասպանություն չի եղել։ 

Սա արդեն ՔՊ-ի վերջին կանգառն է, որտեղ կամ պիտի իջնեն կամ ոչնչացնեն մեր պատմությունը։ Կանգառային տրամաբանությամբ առաջնորդվենք․ առաջին կանգառը եղել է ցեղասպանության կանգառը, որտեղ նա հայտնվել կամ երկնքից անսպասելի ընկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Բայց քանի որ առաջին կանգառից շարժվելուց հետո նորից պիտի վերադառնա առաջին կանգառ՝ իր տունը,  հիմնական նպատակակետը, բոլոր քայլերն արել է, որպեսզի առաջին կանգառ վերադառնալու ճանապարհը բաց լինի։ Քայլերը չթվարկեմ, թե վեց տարվա մեջ ինչ անուղղելի ընթացք են ստացել։ Այդ քայլերից հետո նա  ուզում է, որ ցեղասպանության կանգառից հետ վերադառնա, որովհետև իր իշխանության սկիզբը կնքվել է Ծիծեռնակաբերդի համալիրում՝ ծաղկեպսակների մեջ։ Մի այսպիսի բան կա, մեղավորը միշտ վերադառնում է այն վայրը, որտեղ մեղք է գործել։ Հիմա նա պիտի վերադառնա կրկին այն վայրը, որտեղից սկսել է իր իշխանության ձևավորումը։ Մի հուսադրող բան պիտի ասեմ։ Սովորաբար, երբ մեղավորը վերադառնում է այն վայրը, որտեղ մեղք է գործել, նրան սպասում են․․․ Հուսով եմ, որ Ծիծեռնակաբերդը կլինի նրա  վերջին կանգառը։