Մեզ կփրկի մոբիլիզացիան

Մեզ կփրկի մոբիլիզացիան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ այս իրավիճակից հաղթանակած ենք դուրս գալու, ուզում են հավատալ բոլորը, չնայած իրավիճակն այլ բանի մասին է փաստում, եւ գոնե տնտեսությունը չի կարող հաղթանակած դուրս գալ այս համաճարակից: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, նման «տիեզերական աղետից դուրս գալու համար տիեզերական էլ ջանքեր են հարկավոր», քանզի աշխարհը կաթվածահար արած վիրուսի հետեւանքները ինչպես առողջապահական, այնպես էլ սոցիալական, տնտեսական, նաեւ քաղաքական շրջանակները չեն շրջանցելու։ Ի տարբերություն 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի, այսօրվա իրավիճակը չկառավարվող է. «ՀՀ-ն փոքր երկիր է, ռեսուրսազուրկ, եւ մեզ կփրկի միայն արագ մոբիլիզացիան: Հիմա ռիսկերն ու անորոշություններն են անգամ անկանխատեսելի, դրա համար պետք է տիեզերական ուժերին ապավինել, որ պրոցեսը կանգ առնի:

Մենք չունենք ռեսուրս, շրջանառություն եւ արդիական տնտեսություն, եւ քանի որ իրավիճակը չկառավարվող է, վիրուսի հակաթույնը դեռեւս գտնված չէ, ապա պետք է մաքսիմալ կազմակերպված գործենք: Կոնկրետ տնտեսության կտրվածքով, կարծում եմ, Կենտրոնական բանկը համարձակ քայլի գնաց եւ 0.25 տոկոսով վերատոկոսադրման դրույքն իջեցրեց, բանկերին առաջարկվել է որոշ տնտեսվարողների նկատմամբ առեւտրային, անհատական մոտեցում ցուցաբերել՝ վարկային պարտավորությունների կատարման առումով: Ես կարծում եմ, որ, օրինակ, հանրաքվեի համար հավաքված գումարն էլ պետք է ուղղել այս իրավիճակի դեմ պայքարին կամ, ասենք, հանրաքվեի համար հատկացված 3.5 մլրդ դրամը: Ինչպես նաեւ հանքահումքային արտահանման վրա հիմա պետք է կենտրոնանալ, եթե մենք կարողանանք մի քիչ էլ ավելացնել, ապա մուտքերը կկարողանանք նորմալ ունենալ, մենք թերեւս ուրիշ բան էս պահին չենք կարող անել, պիտի սպասենք ու գործենք ըստ իրավիճակի»:

Գործարար Հակոբ Հակոբյանը հույս ունի, որ շուտ կավարտվի այս իրավիճակը, ու իրենք իսկապես հաղթանակած դուրս կգան: Իսկ ի՞նչ պայմաններում է այսօր հայտնվել բիզնեսը. «Վատ, շատ վատ: Սննդի օբյեկտները փակվել են, բնական է, որ մեր ապրանքը չի իրացվում, թե ինչ չափով է նվազել, էս պահին չեմ կարող ասել, բայց հույս ունեմ, աղոթում ենք, որ այս վիճակից շուտ դուրս գանք: Մեր առաջնային խնդիրը մարդկանց աշխատավարձեր տալն է, բայց եթե այս իրավիճակը երկար շարունակվի, հնարավոր է չաշխատենք էլ, մեզ մոտ միայն արտահանումով հնարավոր չի լինի ձեռնարկություն պահել, բացի այդ, գիտեք, որ Լարսն այս պահին փակ է, ունենք մեքենաներ, որ ե՛ւ այս կողմից են կանգնած, ե՛ւ այն, հումք են բերում: Ունենք վարկեր, բայց ոչ կուտակած գումարներ, որ երկար կարողանանք դիմակայել: Աստված մի արասցե, եթե այս վիճակը ձգվեց, ես չգիտեմ էլ այդ վարկերի հարցը ոնց է լինելու, այդ դեպքում արդեն կդիմենք մեր պետական կառույցներին՝ հետաձգելու կամ սառեցնելու, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: 
Գործարանը շարունակում է աշխատել, բայց երկրի պես՝ արտակարգ ռեժիմով. «Ում աշխատանքը հնարավոր է տնից կազմակերպել, այդպես էլ արել ենք, խստացվել են նաեւ անվտանգության նորմերը, ուժեղ հսկողություն ենք սահմանել»:

Հակոբյանի գնահատմամբ, այսօրվա իրավիճակը բացարձակ չի կարելի համեմատել ֆինանսական որեւէ ճգնաժամի հետ։ «Ես արդեն թոշակառու մարդ եմ, բայց իմ կյանքում չեմ հիշում նման մի ժամանակ, երբ չես էլ կարող կանխագուշակումներ անել՝ ինչ կլինի, ինչ չի լինի»,- ասում է Հակոբյանը։ «Հիմա յուրաքանչյուրս պիտի բռնենք մեկս մյուսի ձեռքը, համախմբվենք, մեկս մյուսին օգնենք… Մենակ գարեջուր խմելը չի, ես ընդհանուր եմ ասում, որ պետք է իրար օգնենք, ոչ թե խորտակենք, ինչպես արվում է այսօր։ Ուզում են բիզնեսմենները, փող ունեցողներն ունեզրկվեն, նախանձ է մտած մեր մեջ, բայց պետք է մոռանանք, ամեն ինչ մի կողմ դնենք ու համախմբվենք։ Սա լուրջ ճգնաժամ է, ես անհանգիստ եմ ոչ թե իմ անձի, այլ ազգի, երկրի համար»: