Ինչ հետևանքներ կունենա ստեղծված իրավիճակը տնտեսության վրա

Ինչ հետևանքներ կունենա ստեղծված իրավիճակը տնտեսության վրա

Կորոնավիրուսի պանդեմիան, բացի մարդկանց կյանքին ու առողջությանը հասցնող վնասներից, նաեւ տնտեսական լուրջ վնասներ է առաջացնելու աշխարհում, ինչն այսօր արդեն տագնապի տեղիք է տալիս եւ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացնում: Համատարած չգործող հիմնարկները, առեւտրի եւ սպասարկման կենտրոնների փակվելն ու առեւտրաշրջանառության կտրուկ անկումը կհանգեցնեն ֆինանսատնտեսական լուրջ հետեւանքների, ինչից զերծ չի մնալու նաեւ Հայաստանը: Թեպետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ իրենք պետք է փորձեն սրանից շահած դուրս գալ, եւ որ կորոնավիրուսից հետո հնարավոր է նոր հնարավորություններ բացվեն մեզ համար, եւ անգամ սա կարող է տնտեսական հեղափոխության սկիզբը դառնալ: Սակայն այս հայտարարություններն ավելի շատ ինքնաներշնչանքի ոլորտից են, քան ռեալ կանխատեսումների։

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար, տնտեսագետ Գարեգին Մելքոնյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ մեզ համար այս պահին ամենակարեւորը հանդարտություն պահպանելն ու խուճապի չմատնվելն է, ինչը եւս կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա:

«Որովհետեւ մի բան է ինքը՝ խնդիրը, մի բան է խուճապի արդյունքում մուլտիպլիկացիան եւ բնականոն տնտեսական գործելակերպը խեղաթյուրելն ու ինչ-որ ձեւով վնասակար պրոցեսներն աքսելերացնելը: Հիմա ընդհանուր արտակարգ դրության իրավիճակը, մարդկանց քիչ շփումները, քիչ շարժը բերելու են, բնականաբար, տնտեսական ակտիվության պակասեցման կամ պասիվացման: Դա, բնականաբար, բերելու է նաեւ ֆինանսական հոսքերի նվազեցման՝ իր հետեւանքն ունենալով նաեւ պետության եկամուտների վրա՝ առաջացնելով պետբյուջեի մուտքերի անկում»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

- Ֆրանսիայի կառավարությունն արդեն սոցիալական պատասխանատվության բավականին մեծ միջոցառումներ է սկսել, իսկ Հայաստանում ՊԵԿ-ը տնտեսվարողներին նախազգուշացնող նամակներ է ուղարկում, որ հանկարծ տնտեսվարողները չհամարձակվեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ եթե թաքցնեն իրական շրջանառությունը կամ խուսափեն վճարել հարկերը, պատիժներ են սպասվում: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ճիշտ լուծումը, մարդկանց վախեցնել, որ հանկարծ չհամարձակվեն հարկ թաքցնե՞լ, թե՞ հակառակը՝ գնալ որոշակի հարկային զիջումների, որ վնասները մեղմվեն:

- Վախեցնելու բան... այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ հանկարծ չփորձեք օրենքը խախտել, օրենքը եթե կա, գործում է, դա ենթակա է պահպանման: Եթե հարկերի մասով որեւէ այլ իրավական նորմատիվ ուժ չի սահմանվել, հետեւաբար, այդ հարկերը ենթակա են վճարման: Հիմա հարցը, թե պետությունը ֆիսկալ առումով՝ այն, ինչ վերաբերում է եկամուտների գանձմանը, որոշակի քայլեր ունի՞ անելու, թե՞ չէ։ Ես սրան առնվազն այս պահի դրությամբ կուզենայի չարձագանքել, մի քիչ ավելի թվային պատկերների մեջ մանրամասն նայելու կարիք կա, որից հետո նոր սրան կարձագանքեմ:

- Խնդիրը հետեւյալն է․ այն քաղաքացիները, որոնք մասնավոր սեկտորում են աշխատում եւ այն էլ՝ օրավարձով, հիմա հարկադիր պարապուրդի են մատնվել եւ տանը նստելով՝ աշխատավարձ չեն ստանում: Կարո՞ղ է պետությունը ներել այդ ընկերությունների հարկային պարտավորությունները կամ արտոնություններ տրամադրել, որ նրանք էլ դրա հաշվին վճարեն իրենց աշխատակիցներին:

- Գնահատել է պետք այդ ամենը՝ դրա կշիռը հասկանալու, դա որպես գործիք աշխատեցնելու համար: Չէի ուզենա հիմա արագ դրան արձագանքել: Գործիքները, թե պետությունն ինչ ֆինանսական կամ ոչ ֆինանսական գործիքով պետք է սատար կանգնի իր մասնավոր հատվածին՝ այս վիճակից դուրս գալու համար, կարող են զանազան լինել: Բայց այդ գործիքները պետք է գնահատվեն ե՛ւ ֆինանսական տեսանկյունից, ե՛ւ էֆեկտիվության, ե՛ւ կիրառելիության տեսանկյունից: Ձեր հարցադրումը, ընդհանուր առմամբ, առնվազն գոյություն ունենալու իրավունք ունի, որովհետեւ կա իրավիճակ, որից տուժում է նաեւ մասնավոր հատվածը: Եվ կա՞, արդյոք, անհրաժեշտություն, որ պետությունը որեւէ ձեւով դա մեղմելու համար ինչ-որ նպաստող գործիքակազմ կիրառի, կարծում եմ՝ գլոբալ առումով կա որոշակի քայլերի անհրաժեշտություն: 

- Ըստ Ձեզ՝ մենք այս իրավիճակի հետեւանքով ունե՞նք տնտեսության փլուզման կամ տնտեսական ճգնաժամի առջեւ կանգնելու վտանգ:

- Ես նման ձեւակերպումներից ձեռնպահ կմնայի, բայց եկեք փորձենք միասին այդ հնարավոր սցենարի շուրջ բարձրաձայն մտածել: Մեր տնտեսությունը մեծապես կապակցված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի հետ, լեռնամետալուրգիայի ոլորտի հետ, արդյունաբերությունն ու վերամշակող արդյունաբերությունն ունեն իրենց որոշակի մասնաբաժինը, նաեւ IT ոլորտը եւ այլն: Հիմա, եթե խոսում ենք տեսանելի հետեւանքի մասին՝ տնտեսության վրա, բնականաբար, ոլորտ առ ոլորտ պետք է փորձենք հասկանալ, թե ամեն ոլորտ ինչ ազդեցություն կունենա, որպեսզի կարողանանք ընդհանուր հնարավոր ազդեցությունը գնահատել: Վերցնենք ոլորտ առ ոլորտ։ Առեւտուր եւ ծառայություններ․ այստեղ, իհարկե, կա բացասական ազդեցություն։ Հանքարդյունաբերություն. այստեղ շատ բան կախված է միջազգային գներից՝ արդյոք այն հանքարդյունաբերական ապրանքը, որը մենք արտահանում ենք՝ պղինձ, մոլիբդեն եւ այլն, կունենա՞ շատ էական անկում, քան այն սահմանագիծն է, որը մեր տնտեսության համար թույլատրելի է: Վերջին տվյալներով՝ այդ տատանումը գտնվում էր այն թույլատրելի մարժայի մեջ, որի շրջանակներում մեր ձեռնարկությունների մեծ մասը կարողանում էր շահութաբերության տիրույթում աշխատել: Դրա համար այստեղ պետք է թվային առումով գնահատվի: Բայց առնվազն պետք է հույսով լինենք, որ այս ամենը շատ մեծ կոլապսային իրավիճակի չպետք է հանգեցնի, որովհետեւ, ի վերջո, կան որոշակի հատվածներ, որտեղ որ պետք է այս երեւույթը շատ կրիտիկական նշանակություն չունենա: