Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ջատագով

Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ջատագով

Նիկոլ Փաշինյանն ասուլիս էր հրավիրել 2 նպատակով՝ հայտարարելու, որ ինքն է հրահանգել կալանավորել Գայանե Հակոբյանին՝ որպես վրեժ իր հրաժարականը պահանջող զոհված զինծառայողների ծնողներից ու հարազատներից, եւ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել նաեւ, այսպես կոչված, ադրբեջանական անկլավները՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անմիջական հետեւանք:

Գայանե Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, անշուշտ, քաղաքական է եւ հրահանգավորված է անձամբ Փաշինյանի կողմից: Փաշինյանն ասում է, որ ինքն իբրեւ թե չի տիրապետում քրգործի մանրամասներին եւ տեղյակ է այդ գործից այնքանով, որքանով իրեն դրա մասին պատմում է իր որդին՝ թեյի սեղանի շուրջ, բայց, միեւնույն ժամանակ, կարդում է Քրօր․-ի այն հոդվածը, որով պետք է մեղադրվի Գայանե Հակոբյանը, եւ հատուկ նշում պատժաչափը`ազատազրկում 4-8 տարի: Փարիսեցիաբար հայտարարում է, որ ինքը բարոյական իրավունք չունի որդու գործով զբաղվելու, քանի որ ո՛չ քննիչ է, ո՛չ դատավոր, բայց միաժամանակ ասում է, որ իր մասնակցությամբ սպանված Սոնա Մնացականյանի հորն է պատվիրակել՝ զբաղվել դստեր քրեական գործով եւ նույնիսկ իր հեռախոսահամարն է փոխանցել նրան, որ եթե ինչ-որ դժգոհություններ ունենա գործի ընթացքից, կարողանա զանգել իրեն, բայց մինչեւ հիմա զանգ չի ստացել: Իսկ ինչո՞ւ պետք է սպանվածի հայրը զանգեր իրեն. ո՞վ է տեսել, որ զոհը կամ զոհի հարազատը դահիճից արդարադատություն ակնկալի: Սոնա Մնացականյանի սպանությունը որքան էլ զարհուրելի եւ անպատիժ մնացած հանցագործություն լինի, ընդամենը մեկ հղի կնոջ սպանություն է եւ որեւէ համեմատություն չունի Արցախի հանձնման հետ, որը շարունակվում է արդեն 5 տարի՝ ամեն օր խլելով մարդկային կյանքեր, որոնց իրական թիվը հնարավոր չէ հաշվել, որովհետեւ դրանք միայն ռազմաճակատում զոհված 4 հազարից ավելի զինվորները չեն, այլ վշտից ու կորստի ցավից մեռնող հարազատները, շրջափակման մեջ մնացած եւ տառապանքի ենթարկվող արցախցիները, անձնական եւ համազգային նվաստացումից ողբերգություն ապրող միլիոնավոր մարդիկ: 

Փաշինյանն ասուլիսի ամբողջ ընթացքում խոսում էր այն մասին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ինքը ճանաչում է ներառյալ Արցախը եւ, այսպես կոչված, անկլավները, որոնք պատրաստվում է վերադարձնել Ադրբեջանին, եւ դրան այլընտրանք չկա: Մտածում էի, որ ասուլիսին ներկա որեւէ լրագրող Փաշինյանին հարց կուղղեր, թե արդյոք Փաշինյանն այդ գաղափարի կողմնակից է եղել նաեւ մինչեւ իշխանության գա՞լը, իշխանության գալու պահի՞ն, թե՞ կողմնակից է դարձել ժամանակի ընթացքում, ինչ-ինչ հանգամանքների ազդեցության տակ, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումների արդյունքում: Կարեւորն այս դեպքում նրա պատասխանը չէ, նրանից որեւէ անկեղծ կամ ճշմարտանման պատասխան ակնկալելը միամտություն կլիներ: Փաշինյանն այնքան ոգեւորված եւ խոր համոզմունքով էր խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անխուսափելիության մասին, որ սկսում ես համոզվել, որ նա դրա կողմնակիցն է եղել նաեւ մինչեւ 2020 թվականի պատերազմը: Որովհետեւ եթե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ներառյալ Արցախն ու անկլավները, ապա հասկանալի է դառնում, որ նա այդ պատերազմը վարում էր ոչ թե Ադրբեջանին հաղթելու, այլ այդ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու, Արցախը հանձնելու եւ պատմական «արդարությունը» վերականգնելու մղումով: Այդ դեպքում հասկանալի է դառնում, թե ինչու էր պատերազմի առաջին օրերին կանգնեցրել հայկական զորքի համալրումը, ինչու էր հրաժարվում կանգնեցնել պատերազմը, երբ հնարավոր էր կանգնեցնել՝ հոկտեմբերի 19-ին եւ դրանից առաջ, եւ ինչու պատերազմն ավարտվեց այն պահին, երբ Ադրբեջանի հաղթանակն ակնհայտ էր, իսկ ստորագրված փաստաթղթով Ադրբեջանն ամբողջական վերահսկողություն էր ստանում Արցախի նկատմամբ: 

Այն, որ Փաշինյանն իշխանության է բերվել հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առաքելությամբ, այնքան էլ անհիմն պնդում չէ: Ի վերջո, նրա իշխանության գործունեության միակ շոշափելի արդյունքը հենց դա է. նրանք քայլ առ քայլ գնում են այդ նպատակի իրականացմանը: Սկզբում՝ պատերազմ եւ Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսի վերահսկողության հանձնում Ադրբեջանին, հետո Լաչինի միջանցքի փակման հարցում օժանդակություն եւ Արցախի նկատմամբ որեւէ պարտավորությունից հրաժարում, Հայաստանի տարածքի մի մասի հանձնում Ադրբեջանին։ Հաջորդ քայլը, որ նախատեսում է իրականացնել Փաշինյանը, Տիգրանաշենն ու Տավուշի մարզի նախկին ադրբեջանական համարվող տարածքների վերադարձն է, իբրեւ թե վերադարձ ԽՍՀՄ սահմաններին՝ 29,8 հազար ք/կմ-ին: Բնական է, որ դա վերաբերելու է միայն Հայաստանին, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի խոսել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների եւ առավել եւս դրանք Հայաստանին վերադարձնելու մտադրության մասին. ոչ թե այն պատճառով, որ չգիտի այդ տարածքների գոյության մասին, այլ որովհետեւ Ադրբեջանը նման նպատակ չունի:

Փաշինյանի իշխանությունը շարունակում է սպանել հարյուր- հազարավոր հայ մարդկանց, դատարկել Հայաստանը, այն մաս մաս հանձնել Ադրբեջանին: Սա է նրա հնգամյա իշխանության գործունեության միակ տեսանելի արդյունքը: Եվ այդ պրոցեսը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն իշխանության է, քանի դեռ ծնկի է գալիս եւ խոնարհվում է իր զոհերի առաջ, ինչպես յուրաքանչյուր մսագործ է ծնկի գալիս եւ խոնարհվում իր կողմից մորթվող կենդանու առաջ, որովհետեւ այդ դիրքում առավել հարմար է մորթելը:

Ավետիս Բաբաջանյան