Չինաստան-Միջին Ասիա. համարյա ամուսնություն

Չինաստան-Միջին Ասիա. համարյա ամուսնություն

Անցյալ շաբաթավերջը բացառիկ հարուստ էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող միջազգային հավաքներով: Սաուդյան Արաբիան հյուրընկալել էր 22 երկիր միավորող Արաբական պետությունների լիգայի (Arab League) գագաթնաժողովը, որտեղ դիտորդ երկրի կարգավիճակ ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում այդ երկրի վարչապետ Ֆումիո Կիշիդան հյուրընկալել էր Մեծ յոթնյակի առաջնորդներին: G7-ում Հայաստանը որեւէ կարգավիճակ չունի, բայց բոլորն այդտեղ Հայաստանի բարեկամ երկրներն են, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան եւ դիտորդի կարգավիճակ ունեցող ԵՄ-ն ուղիղ ներգրավված են Հայաստանին առնչվող հակամարտությունների կարգավորմանը: 

Վերջապես՝ Չինաստանի Շիան քաղաքում, որտեղից մեկ հազարամյակ առաջ սկիզբ է առել Մետաքսի ճանապարհը, անցյալ շաբաթավերջին գումարվեց պատմության մեջ առաջին՝ Չինաստան-Միջին Ասիա գագաթնաժողովը` Չինաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, Տաջիկստանի նախագահների մասնակցությամբ: Այս միջոցառման մասնակիցները հիմնականում թյուրքալեզու երկրներն էին, եւ նրանց` Չինաստանի ազդեցության գոտում ներառվելու մանիֆեստացիան, որ ի լուր աշխարհի հայտարարվեց մայիսի 18-19-ին՝ Շիանում, Հայաստանի համար ունի որոշիչ նշանակություն, քանի որ էֆեկտիվորեն վերջակետ է դնում 19-րդ դարավերջին ձեւավորված պանթյուրքիզմի ցնդաբանությանը եւ դրանից մնացած գաղափարներին: 

Քանի որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, հայտնի չէ՝ արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչը հրավիրվել էր Ջեդդահում  գումարված Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին եւ մասնակցե՞լ է, թե՞ ոչ: Փոխարենը հայտնի է, որ Ջեդդահ էր հրավիրված եւ 2011-ից ի վեր առաջին անգամ Արաբական լիգայի գագաթնաժողովին մասնակցեց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: 2011-ին Սիրիայում ծայր առած քաղաքացիական բախումներին եւ իշխանության գործադրած բռնություններին ի պատասխան՝ Սիրիայի մասնակցությունը լիգայի աշխատանքներին կասեցվել էր: 

Հետեւաբար, ի՞նչն այժմ դեր կատարեց, որ Ասադը կրկին լիգա հրավիրվի: Հավանաբար այն, որ Իսրայելի հարաբերությունները սրընթաց վատանում են, մի կողմից, պաղեստինցիների, մյուս կողմից` Իրանի հետ, եւ արաբական երկրները, հավանաբար, նախընտրում են համաձայնեցված, ընդհանուր եւ միասնական ճակատով հանդես գալ առաջիկա զարգացումներում` կանխելով առանձին երկրների ինքնագործունեությունը: Գագաթնաժողովում Ջեդդահի հռչակագիր է ընդունվել, որը վերստին կրկնել է արաբ-իսրայելական հակամարտությունների կարգավորման արաբական տեսլականը` հենված 1967-ին օկուպացված Արեւմտյան ափի եւ Արեւելյան Երուսաղեմի տարածքների ազատման եւ Պաղեստինի պետության հիմնադրման վրա` մի կողմ թողնելով Դոնալդ Թրամփի եւ նրա փեսայի հեղինակած Աբրահամյան համաձայնությունները: 

Պարզ է, որ Իսրայելում ուժգնացող պաղեստինա-իսրայելյան բախումների եւ Սուդանում մոլեգնող քաղաքացիական պատերազմի խորքին՝ արաբական երկրներին հատկապես հետաքրքրողն արաբական արեւելքի եւ արեւմուտքի` Մաշրեքի ու Մաղրեբի խնդիրները պետք է լինեին, Սուդանում ծավալվող ավերածությունները, այդուհանդերձ, ֆրանսիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Ջեդդահ էր ժամանել եւ հրավիրյալի կարգավիճակով լիգայի աշխատանքներին մասնակցեց, ելույթով արաբական երկրների առաջնորդներին դիմեց նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: 

Ջեդդահից էլ նույն ինքնաթիռով Զելենսկին մեկնեց Հիրոսիմա՝ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու եւ գործընկերներին համոզելու, որ Ուկրաինային F-16 ռազմական ինքնաթիռներ տրվեն: G7-ի առաջնորդները Հիրոսիմայի գագաթնաժողովում ընդունած հռչակագրով վերահաստատեցին, որ Ուկրաինային կաջակցեն այնքան, որքան անհրաժեշտ լինի, եւ Ռուսաստանի դեմ էլ ավելի խիստ պատժամիջոցներ կգործադրեն՝ դրանք տարածելով նաեւ երրորդ երկրների եւ ընկերությունների վրա, որոնք Ռուսաստանին օգնում են արեւմտյան պատժամիջոցներ շրջանցելու հարցում: Սակայն Ռուսաստանի հանդեպ G7-ի վճռականությունը, դատապարտումն ու միասնականությունն ի ցույց դնելուց բացի, Ճապոնիայի համար էական էր, որ Չինաստանի նկատմամբ էլ միասնական դիրքորոշում մշակվի, ինչի կենսունակությունն ապահովելու համար Հիրոսիմա էին հրավիրվել նաեւ Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի առաջնորդները: Քաղաքագետներն ասում են, որ Հիրոսիմայի գագաթնաժողովի հռչակագրում առաջին անգամ G7-ի միասնական դիրքորոշում ամրագրվեց Չինաստանին դիմակայելու վերաբերյալ:

Չինաստանի ազդեցության ընդարձակումը

Մինչ Արեւմուտքում ամենքը զբաղված են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններով, ամիսներ ձգված անիմաստ բախումներից եւ հազարավոր զոհեր տալուց հետո` ՌԴ զինված ուժերի, վագներականների ու մնացյալի` Բախմուտը գրավել-չգրավելով, Ուկրաինային F-16 ռազմական ինքնաթիռներ մատակարարելու նպատակահարմարությունը ծանրութեթեւ անելով, իսկ մայիսի 19-21-ին էլ Հիրոսիմայում գումարված G7-ի գագաթնաժողովում Չինաստանի հանդեպ միասնական ճակատ ձեւավորելով, Արեւելքում Չինաստանն էլ ավելի հետաքրքիր, ազդեցիկ ու հեռանկարային զարգացումներ գեներացրեց անցյալ շաբաթավերջին: 

Ինչպես արդեն ասվեց, մայիսի 18-19-ին Չինաստանի Շիան քաղաքում նախագահ Սին Ծիապինը հյուրընկալեց Միջին Ասիայի հինգ պետությունների` Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենիայի եւ Ղրղզստանի նախագահներին` պատմության մեջ առաջին անգամ գումարված Չինաստան-Միջին Ասիա գագաթնաժողովի ձեւաչափում: Շիանում ընդունված հռչակագրով ի լուր աշխարհի հայտարարվեց, որ Չինաստանն ու Միջին Ասիայի երկրները պատրաստվում են միասնաբար զարգացնել իրենց տնտեսությունները, առեւտուրը, պաշտպանությունը, իրավապահ համակարգերը, կուսակցական փոխգործակցությունը, կրթությունը, մշակույթը, գիտությունը՝ վերջնահաշվում ձեւավորելով չին-միջինասիական համայնք, որտեղ պետությունները կաջակցեն իրար` չխառնվելով միմյանց ներքին գործերին: 

Տեսանելիորեն, եթե Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ Հարավային Կովկասում հաստատվում են Եվրոպան եւ ԱՄՆ-ն` չսպասելով անգամ Ռուսաստանի հեռանալուն, ապա Միջին Ասիայում նույնն անում է Չինաստանը: Եթե Ղազախստանի նախագահը հասնում է այնտեղ, որ, համարյա ինչպես պսակադրության արարողությունում, հայտարարում է, որ Ղազախստանն ու Չինաստանն ընդմիշտ միասին են` երջանկության ժամին թե դժբախտության, դա խոսում է Միջին Ասիայում Չինաստանի ազդեցության ընդարձակումը ողջունելու մասին: 

Դա մի ընթացք է, որ մեզ` հայերիս, պետք է միանգամայն գոհացնի, քանի որ Չինաստանի` Միջին Ասիայում հաստատվելը ոչ միայն Ռուսաստանի էլ ավելի թուլացում ու ազդեցության ավարտն է նշանավորում տեսանելի ապագայում, ինչի արդյունքում Հայաստանի վզին փաթաթված ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն ու մնացյալ մեռելածին կառույցները վերջապես մահկանացուն կկնքեն` Հայաստանին տալով ազատ շնչառություն եւ գործունեության տարածության, այլեւ Չինաստանի` Միջին Ասիայում հաստատվելն էֆեկտիվորեն արգելափակում է Թուրքիայի` պանթյուրքիստական բոլոր զառանցանքները, այլեւս բոլոր ժամանակների համար: Հակառակ պանթյուրքիստների` 19-րդ դարից իր վեր փայփայած երազանքների եւ զառանցանքների` Արեւելքի թյուրքալեզու երկրներին եւ ժողովուրդներին միավորելու մասին, Չինաստանը Միջին Ասիայի հինգ նախագահների ձայնակցությամբ հայտարարեց, որ Միջին Ասիայում լինելու է Պեկինի ներկայությունն ու ազդեցությունը` առանց արտատարածաշրջանային դերակատարների: 

Չի երեւում, թե Ռուսաստանը դրա դեմ տեսանելի առարկություն ունի, Շիանի գագաթնաժողովի աշխատանքային լեզուները նույնիսկ ռուսերենն ու չինարենն էին: Թուրքիայի համար է այս տեղաշարժը վերջաբան: Այն, ինչ կատարվում է Չինաստանում թյուրքերի նախնիներ հանդիսացող ույգուրների հետ, նախազգուշացում է, թե ինչ կկատարվի Թուրքիայի հետ, եթե չհամակերպվեն Միջին Ասիայի երկրների` չինական ազդեցության գոտու վերածվելուն: Այնպես որ՝ Շիանի գագաթնաժողովի արդյունքում Թուրքիայի բոլոր պանթյուրքիստական հավակնություններից ակներեւաբար մեկ վայր է մնում թուրքական ազդեցության տարածման համար` կոտրած տաշտակ Ադրբեջանը: 

Այն նույն Ադրբեջանը, որ 1918-ին արհեստականորեն ստեղծվել էր, զգալի մասով նաեւ hայկական (Մեծ Հայքի Արցախ եւ Ուտիք աշխարհների) տարածքների վրա՝ որպես պլատֆորմ ու պլացդարմ թյուրքական ազդեցությունը դեպի Ռուսաստանի եւ Միջին Ասիայի թյուրքալեզու տարածքներ տարածելու համար, մեկ դար անց ավարտում է առաքելությունը` շրջափակված Ռուսաստանով, Իրանով, Հայաստանում եւ Վրաստանում հաստատվող ԵՄ-ով եւ պանթյուրքիզմը հուղարկավորող Չինաստանով: