ՔՊ-ն Հայկոյի մրից ելավ, Հրաչի մրջուրն ընկավ

ՔՊ-ն Հայկոյի մրից ելավ, Հրաչի մրջուրն ընկավ

Անհեթեթ վիճակում է հայտնվել Երեւանի նորընտիր քաղաքապետ, նախկինում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ 

Նրան նշանակեցին, որովհետեւ դժգոհ էին Հայկ Մարությանից, այդ թվում՝ դժգոհ էին, որովհետեւ լավ չի աշխատել, հաճախ է արձակուրդ գնացել, Երեւանի խնդիրները չի լուծել, թիմին հավատարիմ չի եղել, ՔՊ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ ՔՊ-ի ծանր օրերին նրանց կողքին չի եղել, չի օգնել, որ այդ ծանր վիճակից դուրս գան։ Սա է մեղադրանքների համառոտ նկարագիրը։
Հիմա տեսնենք, թե նորընտիր քաղաքապետն ինչ է ասում եւ ինչքանով է համապատասխանում այս չափանիշներին, որը Երեւանի ավագանին ու ՔՊ թիմը բարձրաձայնում էր անվստահություն հայտնելու ժամանակ։

Հրաչյա Սարգսյանն ի սկզբանե ՔՊ թիմից չէ։ Ավելին՝ անհասկանալի է, թե նա որ թիմից է, քանի որ նա էլ իր թիմին է ժամանակին դավաճանել եւ հեռացել։ Ընդ որում, ինչքանով հասկանալի է դառնում նրա նախկին կուսակցական ղեկավար Մեսրոպ Առաքելյանի գրառումներից՝ վատով է հեռացել։ Առաքելյանը նրան որակում է որպես անդեմ ու անհաջող մարդ եւ զգուշացնում է, որ բոլոր նախկին քաղաքապետներին երանի ենք տալու, ինչը խոսում է այն մասին, որ հեռացումը խաղաղ չի եղել, այստեղ էլ գործ ունենք թիմին դավաճանելու հետ։ Իսկ, ինչպես հայտնի է, մի անգամ դավաճանողը երկրորդ անգամ էլ կդավաճանի։

Գնանք առաջ․ նա անգամ «Առաքելությանը» դավաճանելուց հետո իր նոր թիմին՝ Հայկ Մարությանին էլ է, ըստ էության, դավաճանել։ Որովհետեւ բոլոր հարցազրույցներում իր գոհունակությունն է հայտնում Մարությանի աշխատանքից, իսկ երեկ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է․ «Մենք այն ծրագրերը, որ իրականացրել ենք, միասին ենք իրականացրել, այդ ծրագրերը թիմային աշխատանքի արդյունք էին։ Չենք կարող ասել, որ դա մեկ հոգու արժանիքն է»։ Այս պարագայում հարց է ծագում, թե ինչու է համաձայնել դառնալ մի գործընթացի մաս՝ ընդդեմ գործող քաղաքապետի, որն, իր կարծիքով՝ լավ է աշխատել։ Այսինքն, ինքը զուտ մարդկային առումով էլ հավատարիմ ու սկզբունքային չէ։ Գոնե այս պարագայում՝ պաշտոնը վեր է դասել ընկերությունից եւ թույլ է տվել, որ լավ աշխատող մարդուն ազատեն միայն նրա համար, որ ինքը զբաղեցնի այդ աթոռը։

Հիմա դառնանք՝ ՔՊ թիմի մասնիկը լինելուն եւ նեղ պահերին թիմին աջակցելուն։ Ոչ մի փաստ չկա, որից կարելի է եզրակացնել, որ նա թիմային նվիրվածություն է դրսեւորելու։ Երեկ- մյուս օրը նշանակվել է քաղաքապետ եւ արդեն փորձում է տարանջատվել թիմից, ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ առաջիկայում ավելի շատ չի հեռանալու թիմից։ 

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ամենածեծված ու ՔՊ-ին ամենից շատ հուզող թեման ԱԺ նախագահի նոր մեքենայի թեման է, որը հանրությունը ծանր տարավ եւ բուռն արձագանքեց այդ գնումին։ Ողջ ՔՊ թիմը փորձեց այս թեմայի շուրջ համախմբված հանդես գալ՝ փաստարկներ բերել, որ դա վատնում եւ շռայլություն չէ, որ ԱԺ ղեկավարությանը ծառայող մեքենաները մաշված են, դրանց սպասարկումն ավելի թանկ արժե, քան նորը գնելը, որ պետության առաջին դեմքերը չեն կարող վատ, մաշված, ոչ ներկայացուցչական մեքենաներով շրջել եւ այլն։ Մի խոսքով՝ փորձեցին հանդարտեցնել ու բացատրել իրենց տեսակետը, հանգցնել աղմուկը։ 

Իսկ ի՞նչ է անում նորընտիր քաղաքապետը, որը դեռ այդ թիմի անդամը դառնալու համար ճանապարհ պետք է անցնի եւ գոնե չպետք է այս պահին փորձի ինքնահաստատվել՝ թիմին խփելով։ Նա ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարում է․«Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը, թե կոնկրետ ինչ մեքենա պետք է լինի, ինչ մակնիշի, կարծում եմ, որ դա քննարկման առարկա պետք է լինի։ Ես չգիտեմ այդ ծախսը իրականացնելը որքանով էր արդյունավետ, որքանով ոչ, դա պետք է կառավարչական գնահատական տալ»։

Ահա այսպիսի «թիմային» մարդ է Հրաչյա Սարգսյանը, որին ՔՊ-ն ընտրել է որպես Մարությանին փոխարինող եւ հույս ունի, որ նա տարբերվելու է Հայկոյից։ Գուցե եւ տարբերվի, բայց առայժմ այդ տարբերությունը հօգուտ ՔՊ-ի չի խոսում։