Ընդդիմությունը պետք է առերեսվի սեփական սխալների հետ

Ընդդիմությունը պետք է առերեսվի սեփական սխալների հետ

Տարեվերջյան մտորումները մեզ հանգեցնում են տարվա ընթացքում բազմիցս հնչեցված դատողությունների կրկնությանը, երբ ցավով արձանագրում ես, որ այդպես էլ ոչինչ չփոխվեց։ Ինչպես մեկ տարի առաջ, այսօր էլ են ընդդիմադիրները պնդում, որ Փաշինյանն իշխանությունից չի հեռանում նախեւառաջ սեփական անվտանգության նկատառումներով, բացի այդ՝ իր սեւ գործը դեռեւս անավարտ է, հետեւաբար՝ ուժային կենտրոնները նրան շարունակում են օգտագործել։ Արդեն ավելի քան մեկ տարի է՝ լսում ենք, որ օր առաջ, ժամ առաջ Փաշինյանը պիտի հեռանա, եւ նրա իշխանության ամեն րոպեն միայն երկարաձգում է ճգնաժամը։ Մեկ տարի անց այլեւս բնավ ակտուալ չեն այն մտավարժանքները, որ եթե նա արժանապատվություն ունենար, կհեռանար սեփական կամքով կամ ինքնասպան կլիներ, կամ էլ՝ որ նա ինքն իրեն չի տիրապետում եւ կիսախելագար է։

Իրականության հետ առերեսվելու եւ սեփական տապալումները վերլուծելու փոխարեն ընդդիմությունը դեռեւս զբաղված է ինքնախաբեությամբ, այն է՝ թե Փաշինյանն իբր կողմնակիցներ չունի, իսկ նրա մասին հիացական արտահայտվողները բացառապես սեփական ֆեյքային ֆաբրիկաներն են։ Կան նաեւ լուրջ մեթոդաբանական սխալներ, օրինակ՝ պետք է դադարել անարգել նախկինում Փաշինյանին աջակցած մտավորականներին։ Ժողովրդի հետ երկխոսելու փոխարեն նրանից ավելի դիստանցավորվելով եւ պիտակներ կպցնելով՝ ընդդիմությունը երբեք չի հաջողի իր հիմնական խնդրի՝ իշխանափոխության իրականացման հարցում, եթե, իհարկե, անկեղծորեն ցանկանում է դա։

Գերմանացի հանճարեղ փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի պնդմամբ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ինքնապահպանության հետաքրքրությունը տեսնում է նրանում, որ հակընդդեմ կուսակցությունն իր ուժը չկորցնի, եւ նույն բանը կարելի է ասել նաեւ միջազգային քաղաքականության մասին։ Ըստ մտածողի՝ ցանկացած նորաստեղծ պետություն ավելի շատ թշնամիների կարիք ունի, քան բարեկամների, քանի որ միայն հակադրության մեջ է իրեն անհրաժեշտ զգում։ Նույնկերպ, Նիցշեի տեսության համաձայն, մենք վերաբերվում ենք նաեւ «ներքին թշնամուն», քանի որ թշնամությամբ ենք ոգեշնչվել եւ դրա արժեքը հասկացել։

Մեր տիտղոսային ընդդիմությունն իր գոյությամբ, հռետորությամբ եւ քայլերով, ըստ Նիցշեի, չպետք է ուժեղացնի այս իշխանությանը՝ լցնելով հաղորդակից մյուս անոթն ու դառնալով իշխանական օրակարգի գերին, թեեւ երբեմն հենց այդ տպավորությունն է։ Երկիրն իրապես ջլատված է եւ անթույլատրելիորեն անզոր, նման համակարգային պետական եւ գոյաբանական ճգնաժամ վերջին հարյուր տարում մենք չենք ունեցել։ Մեր սպիները դեռեւս տասնամյակներով չեն ամոքվելու, եւ այդպես էլ անանուն մնացած մեր լուսավոր նահատակների հիշատակը ոգեկոչելու լավագույն տարբերակը պետականության այս խլյակները վերջնականապես չկորցնելն է, անհայրենիք իշխանության եւ գաղափարների դեմ շարունակական պայքարը։ Այստեղ է, ահա, որ մտավորականությունը ոչ միայն կարող է, այլեւ պարտավոր է հասարակական-քաղաքական հստակ դիրքորոշում հայտնել եւ ուղղորդել հանրային զանգվածներին։

2022-ի ուղերձն ու հրամայականը պետք է լինի վերածնունդը՝ ի հեճուկս ազգադավ իշխանության բոլոր խարդավանքների։ Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը մեր ներքին համոզվածությունը ճշմարիտ էր, որ մենք արժանապատիվ ազգ ենք, ուրեմն պետք է «գետնի վրա» ապացուցել դա։ Չընկճվելու եւ առաջ նայելու համար մեզ անհրաժեշտ կենսական ուժի աղբյուրները խիստ սակավ են, բայց կան, եւ ցանկության դեպքում կարող ենք գլուխներս բարձր առաջ շարժվել։ Դրա համար իրատեսական այլընտրանքային քաղաքական կողմնորոշիչներ են պետք՝ ի դեմս ընդդիմության եւ ոչ թե խորհրդարանական դատարկախոսություն եւ շարունակական հապաղում։

Խոսքը ոչ թե աշխարհացունց գաղափարների, այլ, օրինակ, արտագաղթը կանխելու, ավելին՝ ճգնաժամային գաղթօջախներից սփյուռքահայերի հայրենադարձման, երկրում նոր որակական մեծամասնության ձեւավորման եւ այդկերպ իշխանափոխության միջոցով երկիրը ոտքի հանելու փորձի մասին է։ Խոսքը զոհերի ընտանիքների հետ հետեւողական աշխատանքի, ծնողներին, վիրավորներին, տնավեր արցախցիներին իրադրությունը ճիշտ ներկայացնելու մասին է։ Թիրախային խմբերի հետ անդուլ քարոզչական-տեղեկատվական աշխատանքի արդյունքում ընդդիմությունը չի կարող չհաջողել։

Դավիթ Սարգսյան