Շրջիկ կրկեսը

Շրջիկ կրկեսը

Քարոզարշավի առաջին օրերը ցույց տվեցին, որ քաղաքական ուժերից ու դաշինքներից շատերը, այդ թվում եւ «Քաղպայմանագիրը», վատ են պատկերացնում մեր խնդիրները: Հնչում են հայտարարություններ, որոնք ոչ միայն կապ չունեն մեր խնդիրների, այլեւ Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես: Ասես Շվեյցարիայի մասին են խոսում:

Ես մեծ սպասելիքներ էն գլխից էլ չունեի, օրինակ՝ Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան անհասկանալի զույգից, «Սասնա ծռեր» անունից ափալ-թափալ հրաժարված եւ «ազգային ժողովրդավարներ» հռչակված խմբակից, ոչ մի տպավորիչ բան չեմ տեսնում  «Արեւմուտքի գուսան» Արամ Զավենի Սարգսյանի եւ մյուսների մեջ, որոնք ընտրապայքարում են հայտնվել զուտ այն պատճառով, որ այս օրերին պարզապես ուրիշ զբաղմունք չեն ունեցել:

Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ լուսանցքայիններից շահեկանորեն առանձնանում է ՀԱԿ-ը, որ մրցավազքում, ճիշտ է, առայժմ հետնապահների մեջ է, բայց միակ կուսակցությունն է մնացածի մեջ, որ ի զորու է գաղափարական բանավեճի տրամադրել առաջատար ընդդիմադիր դաշինքներին եւ կուսակցություններին:

Իշխանական կուսակցությունը, անխոս, տապալել է քարոզարշավի մեկնարկը եւ արժանիորեն տեղ զբաղեցրել միմոսների շարքում, գուցե դարձել նրանց առաջատարը: Կարո՞ղ էր ավելին անել իշխանության թիմը: Իհարկե՝ կարող էր, բայց դրա համար այդ թիմը պետք է առաջնորդեր ոչ թե պարտված Նիկոլ Փաշինյանը (այստեղ կարելի է շարել նրա բոլոր ածական անունները), այլ մեկ ուրիշը, օրինակ՝ Սուրեն Պապիկյանը կամ նախկին ՀԱԿ-ից փոխառնված որեւէ դեմք: Համաձայնեք, որ Փաշինյանն այս օրերին ոչ այնքան ընտրական գործերով է զբաղված, որքան ինքնարդարացմամբ, վերջին երեք տարիների տապալումների համար բացատրություններ որոնելով, ժողովրդից ինչ-որ պողպատյա մանդատ պահանջելով, որ գնա, նախկինների ատամները փշրի:

Կարելի է մտածել՝ հանրապետությունում դեռ մարդ կա, որ հավատում է, թե նախկիններն են Փաշինյանի բոլոր դժբախտությունների պատճառը: Իսկ ո՞վ պետք է խոսի Ալիեւի ատամները փշրելու մասին: Ո՞վ պետք է խոսի տնտեսությունը վերականգնելու, բանակը հզորացնելու, մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու, Հայաստանն ուժեղ եւ նորմալ երկրների շարքը վերադարձնելու, տարածաշրջանային գործոնի վերածելու մասին:

Առավոտից երեկո նախկիններ, հա նախկիններ, կոռուպցիա, հա կոռուպցիա, ջարդեմ, փշրեմ, փռեմ ասֆալտին… Այս մարդը մնացել է 2018 թվականում: Մեկ-մեկ, պատահում է, հիշում է, որ պատերազմ է եղել, պարտվել է խայտառակ ձեւով, հազարավոր զոհեր ունենք, անհետ կորածներ, չթաղված մարմիններ, գերիներ… Եվ ի՞նչ է անում այդ պահին: Մի կեղծ ներողություն է խնդրում, ապա հպարտանում իր պարտությամբ, թե դա լավ ապագայի գրավական է: Մարդկային ուղեղն ուղղակի անկարող է մարսել Փաշինյանի այն «յալանչիությունը», որով նա արդարացնում է մեր զինվորների գերության մեջ մնալու խայտառակ իրողությունը: Պոպուլիզմին էլ չափ կա, ստահակությանը, ցինիզմին ու անպատասխանատվությանը՝ նույնպես: Մարդ ինչ աստիճանի ցինիկ պետք է լինի, որ գերիներին ազատելու որեւէ քայլ չձեռնարկելով հանդերձ, արդարացնի նաեւ գերությունը՝ ասելով, թե մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար: 

Այսքանից հետո մնում է թերահավատությամբ հարցնել՝ ապագա կա՞, որտե՞ղ, Նիկոլի Հայաստանո՞ւմ: Իմ կարծիքով, դա մեծագույն սուտ է, աճպարարություն, իսկ Փաշինյանն էլ ավելին չէ, քան մի շրջիկ կրկեսի տնօրեն, որին թվում է, թե կկարողանա տապալված ներկայացումից հետո փախչել հանդիսատեսից՝ չվերադարձնելով փողերը: