Սխալներ, որոնց շուրջ պետք է մտորի Ռոբերտ Քոչարյանը

Սխալներ, որոնց շուրջ պետք է մտորի Ռոբերտ Քոչարյանը

Այլեւս աներկբա է, որ Փաշինյանը պետք է հեռանա: Դա բխում է մեր պետականության շահերից: Ակնհայտ է նաեւ, որ այսօր քաղաքական դաշտում երկբեւեռ պայքար է գնում՝ Փաշինյանի եւ Քոչարյանի միջեւ: Երկփեղկված է նաեւ հասարակությունը՝ մոլի նիկոլապաշտներ, որոնք արդարացնում են Փաշինյանի բոլոր ազգակործան քայլերն ու անհեթեթ հայտարարությունները, եւ մարդիկ, ովքեր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու միակ ելքը տեսնում են Քոչարյանի՝ իշխանության գալով:

Սակայն հասարակության մեջ կա մի մեծ չկողմնորոշված ընտրազանգված, որը հավասարապես մերժում է ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ «նախկիններին»: Մասնավոր զրույցներում շատերը խոստովանում են, որ, այո, նախկինների ժամանակ մեր երկիրն անվտանգ էր, ապահով, թշնամին մեր երկրում իրեն այսպես սանձարձակ չէր պահում, բայց միեւնույն ժամանակ հիշում են, որ եղել են նաեւ իրողություններ, որոնց վերադարձը նույնպես չեն ուզում: Դա, ինչպես Փաշինյանն է սիրում կրկնել, թալանը, կոռուպցիան էր, որը ճյուղավորվել ու բարգավաճել էր բոլոր ոլորտներում:  

Կոռուպցիոներներին վերադարձ չկա

Հայաստանում երկար տարիներ ի վեր փոքր ու միջին գործարարները ենթարկվել են մաքսային ու հարկային «տեռորի». ներկրողներն ու արտահանողները, շարքային քաղաքացիներն անգամ, ովքեր հարեւան հանրապետությունից մի արկղ միրգ կամ ընտանիքի անդամների համար մի քանի կտոր հագուստ էին բերում, մաքսակետերով անցնելիս ուղղակի դժոխքի միջով էին անցնում. մաքսատան աշխատողներն ինչ գումար ուզում՝ պահանջում էին, ընդդիմանալու դեպքում կարող էին ապրանքը բռնագրավել, տարբեր սանկցիաներ կիրառել: Ստացվում էր այնպես, որ մարդիկ գերադասում էին առանց մաքսային քաշքշուկների միջով անցնելու այդ ապրանքը գնել տեղում, քան բերել դրսից: Հարկային աշխատողները երբ ուզում՝ մտնում էին փոքր ու միջին առեւտրի կետեր, ձեռնարկություններ, մի փոքր խախտում ձեւակերպում ու կլորիկ գումար պահանջում տիրոջից:

Հարկային տեսուչներն ու մաքսավորները չէին վախենում որեւէ մեկի բողոքից, քանի որ իրենց թալանից փայ էին տալիս վերադասին, վերադասն էլ՝ իր վերադասին, ու այսպես մինչեւ ամենավերեւ: Պատահական մարդիկ չէին կարող այս ոլորտներում աշխատանքի ընդունվել, անգամ լավագույն մասնագետները: Դրա համար պետք էր ե՛ւ հզոր «տանիք» ունենալ, ե՛ւ կլորիկ գումար մուծվել վերեւներին:

Բավական է մի փոքր ուսումնասիրել Հայաստանի նախկին ՊԵԿ եւ մաքսային ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը՝ հասկանալու համար, թե այսօր հասարակությունն ինչու չի ուզում «նախկինների» վերադարձը: Մարդիկ պարզապես վախենում են նրանց վերադարձից: Կարիքավոր ընտանիքներն իրենց ընտանեկան նպաստը ստանալու համար պետք է կարողանային լեզու գտնել իրենց տարածքի «Փարոսի պետի» հետ, վերջինս էլ տեսուչների միջոցով փայ էր մտնում՝ երկու-երեք ամսվա նպաստը վերցնելով կարիքավոր ընտանիքի ձեռքից: Հակառակ դեպքում ընտանիքին նպաստից զրկելու տարբերակ էին գտնում: Կոռուպցիան ամենուր էր՝ զորակոչ, առողջապահություն, կրթություն, կադաստր, տարբեր պետական գերատեսչություններ, ոստիկանություն, ճանապարհային ոստիկաններ… Մարդիկ գոյատեւելու եւ իրենց փոքր խնդիրները լուծելու համար պետք է անընդհատ եւ ամենուրեք կաշառեին:

Շատ տեղերում, իհարկե, ավանդույթները պահպանվել են, սակայն հեղափոխականները կարողացել են տպավորություն ստեղծել, որ կոռուպցիան ներքեւի օղակներում վերացել է։ 
Ինչ-ինչ, բայց պետք է ասել, որ Փաշինյանի իշխանության օրոք փոքր բիզնես ունեցող մարդիկ հիմնականում հարկային տեսուչների ու մաքսավորների կամայականություններին չեն ենթարկվում, տարբեր պետական հիմնարկներում նրանց առջեւ կաշառքի պահանջներ չեն դրվում: Ա՛յ, այստեղ է հիմնական խնդիրը. մարդիկ մի կողմից տեսնում են,  որ Հայաստանը կործանվում է, թուրքը հասել է իրենց տան դուռը, եւ դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց մյուս կողմից՝ չեն ուզում նրան մերժել. վախենում են նախկին բարքերի վերադարձից:  

Սխալներն ընդունելը տղամարդկություն է

Նախկին բարքերն այլեւ չեն կարող վերադառնալ, քանի որ ՀՀ քաղաքացին այլեւս նախկինը չէ, Հայաստանն այլեւս նախկինը չէ… Ուստի իշխանության հավակնող Ռոբերտ Քոչարյանը պետք է խորհի այս սխալների շուրջ, որոնք սաղմնավորվել են իրենից առաջ, զարգացել ու բարգավաճել են իր եւ հատկապես իրեն հաջորդած Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, պետք է հետեւություններ անի, որ Հայաստանում կոռուպցիան այլեւս պետք է խստագույնս բացառվի, այն պետք է դիտվի որպես հայրենիքի դավաճանությանը համարժեք հանցանք:

Պետք է բացառել թալանի խորհրդանիշների վերադարձը, որպեսզի եկող իշխանությունն արժանանա հասարակության վստահությանը, որպեսզի կոռուպցիայից զզված հասարակությունն այլեւս չգնա որեւէ ազգակործան պատուհասի ետեւից: Եվ այս ամենի մասին հասարակության հետ պետք է խոսել պարզ եւ բաց, խոստովանել սխալները, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով եղել են: 

Ընդդիմադիր մամուլը՝ հաջորդ իշխանության «խորհրդատու» 

Հաջորդ իշխանությունը պետք է ոչ թե ամեն կերպ լռեցնի ու խոչընդոտի ընդդիմադիր մամուլին, այլ հաշվի նստի իշխանություններին քննադատող, սխալների մասին բարձրաձայնող լրատվամիջոցների հետ: Ընդդիմադիր մամուլն ու հաջորդ իշխանությունը պետք է լինեն ինչ-որ առումով դաշնակիցներ՝ կոռուպցիան երկրում բացառելու եւ առկա խնդիրները լուծելու հարցում: Հակառակ դեպքում Բաղրամյան 26-ում նստած ոչ մի ղեկավար չի կարող իմանալ, թե ինչ «ղալաթներ» են թույլ տալիս տարբեր տրամաչափի պաշտոնյաները, ինչից է դժգոհ հանրությունը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, ում իշխանության գալուն նպաստեց նաեւ մամուլը, շատ շուտ մոռացավ իր՝ ընդդիմադիր լրագրողի անցյալը եւ այդպես էլ իր ու իր կառավարության հանդեպ որեւէ քննադատությունից, խորհրդից հետեւություններ չարեց, չփոխեց իր կառավարման վարքագիծը, այլ թշնամական բարիկադներ կառուցեց իր եւ իրեն ժամանակին սատարող ԶԼՄ-ների միջեւ: 

ՀԳ․ Այո, շարքային քաղաքացին իր կենցաղում այսօր գրեթե չի հանդիպում կոռուպցիոն երեւույթների: Բայց նա չի տեսնում նաեւ, թե ինչպիսի «էլիտար» կոռուպցիա է տիրում իշխանական վերնախավում, ինչպես են պետության ղեկը ստանձնած երբեմնի փողոցի «նիկոլական հեղափոխականներն» ալան-թալան անում իր հարկերից գոյացած պետական բյուջեի փողերը: Ի վերջո, այս իշխանության գործած սխալների պատճառով Հայաստանն այնպիսի աղետների մեջ հայտնվեց, այնպիսի կորուստներ կրեց, որ դրանց հետ համեմատած՝ «նախկինների» կոռումպացված լինելը պարզապես շատ փոքր մեղք է…