Կա՛մ շահն է մորթում, կա՛մ շահին են մորթում

Կա՛մ շահն է մորթում, կա՛մ շահին են մորթում

Այս պատմությունը սկիզբ է առել նորանկախ Հայաստանի առաջին իշխանության շրջանում եւ շարունակվում է մինչ այսօր: Գնալով՝ օր-օրի անարդարությունները եւ թալանը շատանում ու մեծ չափերի էին հասնում՝ շերտավորելով հասարակությունը գերհարուստների եւ հարուստների, աղքատների ու ծայրահեղ աղքատների: Բնական է, որ առաջին երկու խավերն անչափ գոհ էին ստեղծված իրավիճակից՝ օրվա իշխանությունների գործելակերպից, իսկ վերջին երկու շերտերը մշտապես դժգոհում էին եւ իրենց անհամաձայնությունը հայտնում ստեղծված իրավիճակի հետ կապված: Եվ գնալով՝ օր-օրի խորանում էին հակասություններն այդ շերտերի միջեւ, հասարակությանը բաժանելով իրար հետ ընդհանուր ոչինչ չունեցող մասերի: 

Պետք է ֆիքսել, որ հասարակության այս տարանջատումը սկիզբ է առել հենց այդ ժամանակներից ու գնալով խորացել է: Եղել են նաեւ ածանցված պատճառներ, որոնք նպաստել են այդ տրոհմանը, սակայն ոչ մի իշխանություն դրանց վրա լուրջ ուշադրություն չի դարձրել: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ այդ իրավիճակի համար հաճախ եմ մեղադրել ժողովրդին, սակայն եթե անկեղծ ու խորքային վերլուծենք, իրականում, իհարկե, ժողովուրդը մեղքի իր բաժինն ունի, որն անտարբերության եւ իր հիմնական՝ վերահսկողության գործառույթները վատ իրականացնելու համար է հայտնվել այս վիճակում։ Սակայն հիմնական մեղավորները եղել եւ մնում են տվյալ ժամանակի իշխանությունները, որոնք, մոռացած երկրի ուժեղացման ու ժողովրդի վիճակի մասին, մշտապես առաջին պլան են մղել իրենց թալանը, ինչն էլ այսօրվա սարսափելի իրավիճակի՝ ընդհուպ հայրենիքի, պետականության կորստի ռեալ վտանգի պատճառներից է: 

Իսկ այսօր իշխանությունները «եղբայրական» դարաշրջան են բացում մեր դարավոր թշնամու՝ թուրքերի հետ: Ընդդիմությունը փորձում է այս վտանգների դեմն առնել, բայց առայսօր լուրջ հաջողություններ չի արձանագրել: Օդում են մնում Արցախի եւ Հայաստանի կորստյան դեմն առնելու փորձերը, ժողովուրդն անտարբերություն է դրսեւորում այս ճակատագրական հարցերի նկատմամբ, եւ մենք քայլ առ քայլ կորցնում ենք նաեւ Հայաստանը։ Իշխանությունը, ժամանակի ընթացքում համոզվելով, որ ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն իրականացնել, ավելի ինքնավստահ է դառնում։ Այնքան, որ հրապարակ է նետել Ազգային ժողովի նիստերից բացակայած ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից եւ մանդատներից զրկելու թեզը: Եվ այդ խոսակցությունները մե՛կ ակտիվացնելով, մե՛կ պասիվացնելով՝ իշխանությունը վերջին օրերին դարձյալ մի քանի ընդդիմադիր պատգամավորների անուններ է շրջանառում, որոնց իբր պատրաստվում են զրկել անձեռնմխելիությունից՝ բոլոր հնարավոր հետեւանքներով: Կարծում եմ՝ եթե գլխավոր դատախազն իրոք այս անգամ մտնի ԱԺ՝ այդ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ապա իշխանության եւ ընդդիմության միջեւ առկա հակասություններն էլ ավելի կթեժանան, երկիրն էլ ավելի կընկղմվի քաոսի հորձանուտում, եւ հայտնի չէ, թե դա ինչ հետեւանքների կբերի: 

Ավելին, կարծում եմ, եթե իրոք նման հարց մտնի ԱԺ օրակարգ, ապա իշխանությունն իր շրջանառած երեք պատգամավորներով չի բավարարվի եւ իրադարձությունների ընթացքն այնպես կտանի, որ կավելանա այդ պատգամավորների թիվը, որոնց պետք է զրկել անձեռնմխելիությունից: Այս վիճակը գալիս է նրանից, որ ընդդիմության պայքարը հիմնականում մարել է, իսկ վարչապետն սկսել է առատորեն օգտվել ընդդիմության առաջարկություններից՝ ասելիքը կառուցելիս առաջնորդվում է ընդդիմության լեքսիկոնով եւ բարձրաձայնած մտքերով։ Միեւնույն ժամանակ, չի հրաժարվում իր մեջ կուտակված վրեժը կյանքի կոչելուց՝ առաջին հերթին անձեռնմխելիությունից կզրկեմ, կկալանավորեմ ինձ ամենից շատ քննադատած, ցավեցրած ընդդիմադիրներին, եթե դա մյուսների համար դաս չդառնա, կանցնեմ մյուսներին: 

Իհարկե, ընդդիմությունը դեռ ժամանակ ունի։ Քանի որ ընդդիմադիրները ժամանակին ճիշտ չկողմնորոշվեցին ու շատ բացթողումներ թույլ տվեցին, այժմ պարտադրված են ոսկերչական ճշտության ու արագ քայլերի գնալ՝ այդ վիճակից պատվով դուրս գալու համար: 

Կարծում եմ՝ ընդդիմությունն ինքն է իր չհաշվարկված քայլերով իրեն բերել այս վիճակին։ Եվ փոխանակ հասնելու իշխանափոխության, հակառակը՝ ինքն է հիմքեր տվել, որ իշխանությունը հարձակման անցնի եւ օգտվելով ունեցած լծակներից՝ էլ ավելի թուլացնի իրեն: Ժամանակին ընդդիմությունը լիարժեք չօգտագործեց իշխանափոխության տարբերակները։ Եվ իշխանությունը, օգտվելով դրանից, ոչ միայն քրեական լծակներն է օգտագործում, այլեւ հոգեբանական հարվածներ է հասցնում ընդդիմությանը: Ընդդիմության եւ իշխանության միջեւ ծագած երկարատեւ պայքարն ավելի շատ շախմատային խաղի է նմանվում՝ կհաղթի այն կողմը, ում հաշվարկներն ավելի ճիշտ ու նուրբ կլինեն։ Ընդդիմության վիճակը բարդ է հատկապես ժողովրդի պասիվությունը հաշվի առնելով, որն իշխանություններին է ձեռնտու։ Բայց մեծ բանաստեղծն ասում էր. «Կա՛մ շահն է մորթում, կա՛մ շահին են մորթում»։ 

Պարոնայք ընդդիմադիր պատգամավորներ, կարծում եմ՝ մտածելու բան շատ կա։  

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ