ԱՄՆ-ն Ադրբեջանին երաշխիքներ է խոստանում 

ԱՄՆ-ն Ադրբեջանին երաշխիքներ է խոստանում 

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով վերջին շրջանում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ աճող լարվածությանը եւ պատասխանելով հարցին, թե Վաշինգտոնը պատրա՞ստ է պաշտպանել Ադրբեջանին, եթե Իրանի հռետորաբանությունը շարունակվի, ասել է. «Մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին եւ, ի վերջո, հակազդել Իրանի ապակայունացնող ազդեցությանը տարածաշրջանում եւ, հնարավոր է, դրանից դուրս»: 

Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում որոշակի լարվածություն կա. Իրանն Ադրբեջանի սահմանին է զորավարժություններ անցկացնում, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանն էլ Իրանի սահմանին է իրականացնում: Բայց Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ուղղակի հակամարտություն, ռազմական բախումներ չկան: Չնայած դրան՝ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին, որովհետեւ Իրանին դիտարկում է թշնամի երկիր, իսկ Ադրբեջանին` դաշնակից:
Արդեն 2 տարուց ավելի Ադրբեջանն ակտիվ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի եւ Արցախի դեմ: Գրավել է Արցախի 75 տոկոսը, Հայաստանի մի մասը, բայց Միացյալ Նահանգները որեւէ էական հակազդեցություն չի ձեռնարկում՝ կանխելու Ադրբեջանի ագրեսիան, ընդամենը կոչ է անում Ադրբեջանին՝ զորքերը վերադարձնել մինչեւ 2022թ. սեպտեմբերի 13-ի դիրքեր: Պարզ է, որ դա էլ՝ զուտ դիվանագիտական ձեւականություններից ելնելով: Միացյալ Նահանգները երբեք Հայաստանին օգնություն չի առաջարկի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիան հետ մղելու կամ այդ ագրեսիայից պաշտպանվելու համար, քանի որ Ադրբեջանն ԱՄՆ դաշնակիցն է, իսկ Հայաստանն ԱՄՆ թշնամի Իրանի եւ Ռուսաստանի դաշնակիցն է: Նույն Նեդ Փրայսը, խոսելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ աճող հարաբերությունների մասին, ասել է. «Այս ամենը մտահոգիչ է գործընկերության համատեքստում, որը զարգանում է վերջին տարիներին, տարբեր ձեւերով՝վերջին ամիսներին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Սա աճող դաշինք է, որը ողջ աշխարհը պետք է դիտարկի որպես լուրջ սպառնալիք»:

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապն անցնում է Հայաստանի միջով, ցամաքային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է Հայաստանով: 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը տիրացավ Իրանի հետ Արցախի ունեցած սահմանին: Հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանն Իրանից կտրելու համար՝ այդպիսով Ռուսաստանը եւս կտրելով Իրանից: Ո՞ւմ է ձեռնտու, որ Ադրբեջանը վերահսկողություն ունենա Իրանի սահմանի ամբողջ երկայնքով՝ կտրելով Ռուսաստանի եւ Իրանի ցամաքային կապը: Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե Ադրբեջանի կողմից միջանցքի միջոցով հայ-իրանական սահմանին տիրանալը բխում է Ռուսաստանի շահերից: Փաշինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ադրբեջանը տիրանա հայ-իրանական սահմանին եւ դրանով կտրի իր կապը դաշնակից Իրանի հետ:

Իշխանության գալով՝ Փաշինյանն իր քաղաքականությունը կառուցել է հենց նման անհեթեթ ու կեղծ տրամաբանության վրա: Իրականում լինելով Ադրբեջանի, Թուրքիա-ԱՄՆ դաշինքի գործընկերը՝ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի շահերը շարունակում է զոհել այդ դաշինքի շահերը սպասարկելուն՝ դրա մեղքն անձնապես ու միջնորդավորված բարդելով Ռուսաստանի վրա: Փաշինյանի համար իրականում կարեւորը ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերի սպասարկումն է՝ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի: Հայաստանը շատ փոքր միավոր է այս խաղի մեջ, եւ անգամ նրա ոչնչացումն այնքան աննշան է, որ կարելի է ուշադրություն չդարձնել, եթե դրա արդյունքում ԱՄՆ-ն կարողանա իրարից կտրել Իրանն ու Ռուսաստանը եւ վերահսկողություն հաստատել նրանց նկատմամբ:

Ավետիս Բաբաջանյան