Հետաքրքիր պատկեր

Հետաքրքիր պատկեր

Ֆեյսբուքի Artsakh 2020 օգտատերը կազմակերպել է հարցում` ում են արցախցիները տեսնում նախագահի պաշտոնում: Առաջարկվել է ընտրություն կատարել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի եւ Աշոտ Ղուլյանի, Վիտալի Բալասանյանի եւ Սամվել Բաբայանի միջեւ: Առաջին դեպքում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Վիտալի Բալասանյան`  29 , Արայիկ Հարությունյան` 71տոկոս: Իսկ, ահա, գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին սատարել է հարցման մասնակիցների միայն 30 տոկոսը, մյուսները պատրաստ են իրենց քվեն տալ Վիտալի Բալասանյանին: Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյան-Սամվել Բաբայան մրցակցությանը, ապա այստեղ առաջատարը Սամվել Բաբայանն է, նրա օգտին քվեարկել է մասնակիցների 73 տոկոսը:

Ինչու քվեարկության չի դրվել Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան կամ Աշոտ Ղուլյան-Արայիկ Հարությունյան զույգը: Կամ ինչու հարցման կազմակերպիչն ընտրել է հանրային կարծիքի բացահայտման այս ձեւը, այլ ոչ թե փորձել պարզել նախագահի բոլոր հավանական թեկնածուների վարկանիշը` պարզ չէ: Ակնհայտ է, որ հարցման կազմակերպիչները ոչ թե մասնագիտական վերլուծություն անելու, այլ պարզ քարոզչություն իրականացնելու նպատակ են հետապնդել: Բայց, ամեն դեպքում, ստացվել է բավականին հետաքրքիր պատկեր: Մասնավորապես, 1800 մասնակիցների շրջանում Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 71 տոկոսը: Այն դեպքում, երբ Աշոտ Ղուլյան-Վիտալի Բալասանյան վարկանիշային մրցապայքարին մասնակցել է ընդամենը 479 հոգի: Նրանց ընդամենը 30 տոկոսն է գործող ԱԺ նախագահին տեսնում ԱՀ նախագահի պաշտոնում: Տպավորությունն այնպիսին է, որ ներկա պահի դրությամբ հանրությունը նախագահի ամենահավանական թեկնածու է տեսնում Վիտալի Բալասանյանին եւ Արայիկ Հարությունյանին:

Ինչ դասավորություն կլինի ժամանակ անց, կփոխվեն հանրային տրամադրությունները, թե ոչ՝ ենթադրություններ, թերեւս, չարժե անել: Արցախում ներքաղաքական խմորումներ են ընթանում, եւ նոր թեկնածուներ նույնպես կարող են ի հայտ գալ: Դաշնակցությունը, մասնավորապես, հակված է նախագահի պաշտոնում առաջադրել արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի թեկնածությունը: