Սամվել Ալեքսանյանը՝ անօրինական ձեռնարկատեր

 Սամվել Ալեքսանյանը՝ անօրինական ձեռնարկատեր

Գրեթե մեկ տարի առաջ մեր երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Այդ ժամանակ արդեն մեկ տարի էր, ինչ ես աշխատում էի Երեւանում գտնվող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկության  տարածքում գործող «Քարերի արտադրամասում»՝ որպես շինանյութերի արտադրության տեխնոլոգ։ Շուրջ 5 օր այդ տարածքում աշխատանքային շուրջօրյա եռուզեռը դադարեց։ Տարածքում շրջող հատուկենտ անձինք միմյանց հետ նույնիսկ շշուկով էին խոսում։ Ինձ ասացին, որ նոր իշխանությունների կողմից կատարվում են ծանուցողական ստուգումներ։

Ստեղծված սրտակեղեք պատկերն ինձ ստիպեց կատարվածի նկատմամբ իմ վերաբերմունքն արտահայտել «Մեզ Փանջունիներ ու Կոզբադիններ պետք չեն» հրապարակախոսական հոդվածով, որը լույս տեսավ «Հրապարակ» օրաթերթում։ Ասելիքս այն էր, որ օրինականություն հաստատելու համար գործող ձեռնարկությունների վրա ամենեւին էլ տեղին չէր միանգամից արշավանքներ կազմակերպելը։ Լավ է՝ արտառոց ոչինչ տեղի չունեցավ՝ հայոց պատմության մեջ «ավարտվեց» Սերժի դարաշրջանը։ «Քարերի արտադրամասում» ինձնից ու մյուս աշխատողներից արտադրության պետը հավաքեց մի շարք փաստաթղթեր եւ երկու օր անց հայտարարելով, որ բոլորիս գրանցել է որպես օրինական աշխատողներ, կազմակերպեց աշխատանքների վերսկսումը։ 
Այդ օրվանից անցել էր 8 ամիս, որի ընթացքում քարերի արտադրության պետի՝ Անդրանիկի օգնական Աշոտն իմ այն հարցերին, թե ինչու է Անդրանիկը հոգեկան անհավասարակշիռ  անձի տպավորություն թողնում՝ ամեն ինչի մասին ստախոսում է, պատմեց, որ Անդրանիկը, լինելով մեր հանրապետությունում հեղինակավոր շինարար, երկար տարիներ Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտներում շինաշխատանքներ է կատարել, իսկ Սամվել Ալեքսանյանը նրան «քցել» է 350 հազար դոլարի չափով գումար, որի արդյունքում Անդրանիկի գլխավորությամբ այդ աշխատանքները կատարած տասնյակ մարդկանց մեծ գումարներ է պարտք մնացել։

Այնուհետեւ, ըստ Աշոտի, Անդրանիկը պարտատերերից փրկվելու համար ապաստան է խնդրել Սամվելից ու դարձել նրա քարերի արտադրության ղեկավարը՝ հաց ու փոր աշխատանքի դիմաց։ Այդ մասին պնդեց նաեւ Անդրանիկը։ Հետո նրանք ինձ պատմեցին, որ այդ արտադրամասն իրենց ղեկավարությամբ արդեն գործում է 6 տարի, այն ոչ մի տեղ՝ որպես ձեռնարկություն կամ որեւէ ձեռնարկությանը հարող մաս, գրանցված չէ եւ այն Սամվել Ալեքսանյանի ստվերային, անօրինական, ձեռնարկատիրական դաշտի մի չնչին մասն է կազմում։ Իմանալով, որ Սամվելի մոտ իմ օրինական գրանցված աշխատող լինելը բլեֆ է եղել, «դիմում գրեցի» ու «ազատվեցի» աշխատանքից։
Բոլորս ենք հիշում, թե ինչպես Ազգային ժողովի ընտրություններից առաջ Արարատ Միրզոյանը՝ որպես մեծ ձեռքբերում, Սամվել Ալեքսանյանի շինարարական օբյեկտների ֆոնի վրա օրինականացված բիզնեսների մասին ժամերով տեսախցիկի առջեւ ելույթ էր ունենում։ Խեղճ մարդն ի՞նչ իմանար, որ մի օր իրեն կասեն՝ ախր այդ կադրերում երեւացող հարյուրավոր աշխատողներից ոչ մեկն օրինական գրանցված աշխատող չի եղել, ինչի՞ մասին էիր ճամարտակում։

Սույն հոդվածն ընթերցելով՝ գուցե շատերին թվա, որ վերոհիշյալ քարերի արտադրություն կոչվածը մի «բուդկա» է՝ պատի տակ դրված, մեջն էլ մի քանի խեղճուկրակ բանվոր են աշխատում։

Իրականում խոսքը գնում է ժամանակակից տեխնիկայով հագեցած քարերի արտադրության մասին, որի գրաված տարածքը կազմում է 7000 մ2, աշխատողների թիվը՝  80 մարդ, որոնցից ոչ մեկը գրանցված աշխատող չի եղել երբեք, ամսական աշխատավարձի ֆոնդը՝ 35 միլիոն դրամ, տարեկան ապրանքաշրջանառությունը՝  6 միլիոն դոլարին համարժեք դրամ։ Այս արտադրամասում հազվագյուտ քարերից ՀՀ բոլոր օլիգարխների բնակարանային ու գրասենյակային կահույք է նաեւ պատրաստվում։ Իսկ  Սամվել Ալեքսանյանի թագավորությունում կառուցվող օբյեկտներում այդ արտադրամասի թողարկած շինանյութերի կիրառման համար աշխատում է 500-ից ավելի չգրանցված աշխատող։ Այդ ո՞ր իրավապահն է ասելու, որ սա անօրինական ձեռնարկատիրության տիպիկ օրինակը չէ, եւ Սամվել Ալեքսանյանի կողմից տասնյակ միլիարդների հարկ ու տուրք չի թաքցվել այս ճանապարհով։ Հետո էլ ասում եք, թե բան չի փոխվել Հայաստանում։

Սամվել Ալեքսանյանի թագավորությունում տարբեր ժամանակներում աշխատած մարդկանց տարբեր խմբերի հետ եմ զրուցել։ Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանի բիզնես-համակարգում աշխատողների 70 տոկոսն օրինական գրանցված աշխատողներ չեն ու երբեք չեն եղել։ Դե արի ու մի ասա՝ պարոն Փաշինյան, այդքան գումար որտեղի՞ց ես ճարելու, որ այդ տասնյակ հազարավոր մարդկանց թոշակի հարցերը լուծվեն, երբ Սամվել Ալեքսանյանը մեր պետբյուջեն համապատասխան մուծումներ անելու փոխարեն այդ գումարները տվել է Սերժի Վաչոյին՝ «Փարվանայում» կայֆեր անելու համար, հիմա էլ չի ասում, թե ում է մուծվում։

Այ մարդ, այսքան բան ոչ մեկը կառավարությունից չի՞ տեսնում։ Ինչպե՞ս եղավ, որ ՀՀ նոր իշխանությունները հայտնվեցին Սամվել Ալեքսանյանի գրպանում, երբ Սերժի օրոք նա էր իշխանավորների գրպանում ապրում։ Այս հոդվածն իմ գործողությունների «ժուռնալն» է դեռեւս։ Թող ոչ մեկը չկասկածի, որ շուտով հազարավոր մարդիկ ԱԺ-ի դռնից ոչ մի պատգամավորի ներս չեն թողնելու, մինչեւ իրենց աշխատանքային ստաժը հետին թվով չվերականգնվի, ու նրանց հասցված վնասները չփոխհատուցվեն։ Իշխանությունների ուժը փողոցներում բանջար ծախողների վրա էր միայն պատում։ Գիտեմ՝ Սամվելը վաղը կսկսի իր աշխատողների աշխատավարձերի կրճատման ճանապարհով նրանց առաջարկել օրինական ձեւակերպված աշխատողի կարգավիճակ, որպեսզի ժողովրդին իշխանության դեմ հանի։ Նա դրանով կփորձի գերի վերցնել իշխանություններին, բայց դա նրա մոտ չի ստացվելու, քանզի դրանով նա հանրային հնչեղություն կտա իր մեղքերին, ու ժողովուրդը վարչապետից, բնականաբար, կպահանջի բացահայտել Սամվել Ալեքսանյանի պետական հովանավորների անունները։

Շուտով իմ կողմից հանրությանը կմատուցվի նաեւ մասնագիտական տեղեկատվություն Սամվել Ալեքսանյանի ցորենի օղու որակական արժեքների մասին ու նաեւ այն մասին, թե ինչու աշխատատեղեր «ստեղծող» իշխանությունների աչքի առաջ մեռնում է մեր խաղողագործությունը, իսկ մեզ մոտ օղին ներկրված անասնակեր ցորենից քիմիական ճանապարհով ենք ստանում, ու նրա «որակն» ու արժեքը կախված են շշերի սիրունությունից։