Այս շաբաթվա ԱԺ քառօրյայի քրոնիկան

Այս շաբաթվա ԱԺ քառօրյայի քրոնիկան

Այս շաբաթ տեղի ունեցան ԱԺ հերթական քառօրյա նիստերը: Հետեւելով դրանց՝ շարքային քաղաքացին դժվար թե մեծ հույսեր կապի այս խորհրդարանի հետ․ գնալով ավելի է ընդգծվում նրա անլուրջ բնույթը: Մեծամասնություն կազմող անփորձ, երիտասարդ իմքայլականները մրցավազքի են դուրս եկել, թե ով ավելի «դուխով» կլինի եւ ավելի լավ կշշպռի խորհրդարանական ընդդիմադիրներին: Իսկ նրանց ելույթները, հարցերը, որոնք ուղղվում են կառավարությանը, նման են դասը սերտած աշակերտների խոսքի, որոնց ձեռքին նախապես գրված տեքստեր են, եւ իրենց մնում է միայն վարժ արտասանել դրանք, կուսակից նախարարներին կամ քաղաքական առաջնորդ վարչապետին ցանկալի հարցի շուրջ երկար-բարակ խոսելու առիթ տալ: Այս խորհրդարանին, որքան էլ տարօրինակ է, լրջություն են հաղորդում ԲՀԿ-ական եւ ԼՀԿ-ական պատգամավորները, որոնք, սակայն, պարբերաբար հայտնվում են նորաթուխ «դուխովների» թիրախում. վերջիններս նրանց վրա մատ են թափ տալիս, լռեցնում, անցյալը հիշեցնում: Այս հարցում ընդդիմադիրների բախտը չի բերել, քանի որ երիտասարդ իմքայլականները, բացի քայլելուց, այլ անցյալ չունեն, որ հիշեցվի:

Իհարկե, այստեղ էլ կան լուրջ ու ճանապարհ անցած հատուկենտ մարդիկ, որոնք, սակայն, մնում են երիտասարդ անփորձների ստվերում: Նախորդ խորհրդարանի նման, այս խորհրդարանն էլ է խլացնում ընդդիմության ձայնը, նրանց նախագծերը տարբեր անհեթեթ պատճառաբանություններով մերժում: Ուստի հույս ունենալ, թե այստեղ կլինի կառուցողական քննարկում, երկրի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծում, միամտություն կլինի:

«Փորձառու» իմքայլականները մերժեցին «անփորձ» թեկնածուին

Խորհրդարանում մերժվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը, որը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը: Թեկնածուն Բեռլինում աշխատող, իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանն էր:

Մինչ քվեարկությունը, արդեն լուրեր էին շրջանառվում, որ «Իմ քայլը» կայացրել է քաղաքական որոշում՝ նրա թեկնածությունը մերժելու համար: Սա նշանակում է, որ որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանը, որի նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն էր՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների պաշտպանը ՄԻԵԴ-ում: Մինչ քվեարկությունը, խորհրդարանը հարցեր ուղղեց թեկնածուին, իմքայլականների հարցերն ընդգծված քաղաքական էին եւ պահանջում էին կոնկրետ քաղաքական դիրքորոշում արտահայտող պատասխաններ: Մինչդեռ այդ պաշտոնը քաղաքական չէ, եւ սխալ էր նման հարցեր ուղղելը, առավել եւս՝ կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխան ակնկալելը: Օրինակ՝ հարց ուղղվեց, թե թեկնածուն ի՞նչ կարծիքի է՝ 2008-ի մարտի 1-ին արդյոք Հայաստանում տապալվե՞լ է սահմանադրական կարգը, եւ պահանջվեց, որ Գոռ Հովհաննիսյանը պատասխանի՝ «այո» կամ «ոչ»:

Վերջինս նման գնահատականներ չտվեց եւ, ի պատիվ իրեն, նաեւ բացատրեց, որ նման գնահատականն ու դիրքորոշումը կապ չունեն քննարկվող հարցի հետ, իսկ իրավական գնահատականը տալիս են պատկան մարմինները: Ի՞նչն էր ուշագրավ քննարկման ժամանակ: Իշխող խմբակցությունը թեկնածուին չաջակցելը, մեծ հաշվով, պատճառաբանեց փաստաթղթային անհամապատասխանությամբ, մասնավորապես այն, որ թեկնածուն չունի պահանջվող 15 տարվա ստաժ: Հովհաննիսյանն այդ առիթով ասաց. «Ես չգիտեմ պատճառները, կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, բոլոր նախապայմաններին բավարարում եմ: Եվ հենց պարոն Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ամենից շատն էր քննարկվում այդ հարցը՝ մասնագիտական փորձառության, հենց ինքն իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավելի:

Միեւնույն է, դրանից հետո, երբ որ ինքը համոզվել է, որ ես բավարարում եմ այդ նախապայմանը, հայտարարվեց, որ չեմ բավարարում: Ես դա չհասկացա, ճիշտն ասած: Բոլոր դեպքերում, ես կարող եմ ասել, որ այդ պրոբլեմը, որը բարձրացվեց ու այդքան քննարկվեց, արհեստական էր»: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծիք հայտնեց, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է լինի հանրային ճանաչում ունեցող անձ։ Զավեշտալին այն է, որ համապատասխան մասնագիտական փորձառություն, հանրային ճանաչելիություն են պահանջում Հայաստանի պատմության մեջ ամենաանփորձ թիմի անդամները, որոնց զգալի մասին հասարակությունը չի ճանաչում, եւ նրանք ակամայից են հայտնվել խորհրդարանում ու նման լուրջ հարցեր են քննարկում: Լիլիթ Մակունցը, որը դեմքի լուրջ արտահայտությամբ հարցեր էր ուղղում թեկնածուին, մոռացե՞լ է, որ մշակույթի նախարար նշանակվելիս ընդհանրապես մշակույթի հետ որեւէ կապ չուներ, անգամ մշակույթի գործիչները նրան չէին ճանաչում: Փաշինյանի կառավարության երիտասարդ անդամներից, մարզպետներից, պատգամավորներից քանի՞սն ունեին մասնագիտական փորձառություն: Արձանագրենք, որ Արմեն Սարգսյանի թեկնածուն խորհրդարանի կողմից մերժվեց անհիմն պատճառաբանություններով:

ԱԺ-ն առանց Շմայսի չի մնա

Անցած քառօրյան անցավ բավականին շիկացած մթնոլորտում: Երիտասարդ իմքայլականները կարծես ինքնահաստատման խնդիր էին լուծում՝ իրենց ընդդիմադիր գործընկերներին, ինչպես վարչապետն է ասում, «քուչի բազառի» ոճով պատասխանելով: Իսկ տակավին երիտասարդ Մխիթար Հայրապետյանի անմխիթար պահվածքը լուրջ հետեւությունների տեղիք է տալիս. Փաշինյանն իր «երեխաներին» մարդամեջ հանելուց առաջ լավ չի դաստիարակել: Երիտասարդի պահվածքը նման էր դպրոցի այն աշակերտի պահվածքին, որի հայրիկը վերեւներում լավ գործի է, լավ կապեր ունի ու ցանկացած պահի կարող է զանգել դպրոցի տնօրենին, ասել. «Հանգիստ նստի՛ր տեղդ»: Արձանագրենք, որ այս ԱԺ-ն էլ առանց Շմայսի չմնաց. այստեղ նոր Շմայս է աճում, մի քիչ գրագետ՝ «լայթ» տեսակի:

Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճվարչություն

Պատգամավորներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հնչեցրած տվյալի մասին, որ ավելի քան 50 հազար աշխատող դուրս է եկել ստվերից, եւ արդեն գործում են օրինական դաշտում․ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արտացոլվում են յուրաքանչյուրի համար 1000-ական դրամներ:

Իմ տեղեկություններով՝ հեղափոխությունից հետո, մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերը ներառյալ, ամսական ցուցանիշն աճել է 5 մլն 26 հազար դրամով: Դա նշանակում է, որ ստվերից օրինական դաշտ է եկել ընդամենը 5 հազար 26 աշխատող: Կա՛մ Ձեզ ներկայացված թվերը սխալ են, կա՛մ եթե ճիշտ են, ինչո՞ւ գումարները չեն արտացոլվում հիմնադրամում»: Փաշինյանը պատասխանեց. «Թվերն աշխատատեղերի մասով չեն կարող սխալ լինել, որովհետեւ արտացոլված են ՊԵԿ ու ԱՎԿ տվյալներում»: Փաստորեն, Փաշինյանի հայտարարության հիմքերից մեկն ԱՎԿ-ի տվյալներն են: Այս առումով, առանց մեկնաբանության, վարչապետին կարելի է հիշեցնել 2018-ի մայիսի 17-ի կառավարության նիստում Ստեփան Մնացականյանին արված իր մի դիտարկումը. «Արեւմտյան երկրներից մեկի վարչապետն այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն…»:

Սերժ Սարգսյանի «կոստյումը»

Վատիկանի դրոշից հետո հետհեղափոխական Հայաստանում անցյալի հետ կապվող երկրորդ խորհրդանիշը մտավ ԱԺ. Դա Սերժ Սարգսյանի «կոստյումն» էր: Հաճախ են Փաշինյանին մեղադրում, որ նա «հագել է» հատուկ Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը»՝ Սահմանադրությունը, եւ իրեն բավականին հարմարավետ է զգում դրանում: Էդմոն Մարուքյանը կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ խորհրդարանի դահլիճում հանեց իր կոստյումը եւ առարկայորեն ցույց տալով նշեց, թե ինչ մանր-մունր դետալներ են փոխվել այդ «կոստյումի» վրա՝ կոճակ պակասեցնելով կամ ավելացնելով, եւ հարց ուղղեց. «Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի «կոստյումը»»: «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց. «Հավատում եմ, որ պարոն Մարուքյանն ամենայն մանրամասնությամբ, ոչ թե կոճակներով, այլ թելերով կարող է տիրապետել Սերժ Սարգսյանի կոստյումին, բայց կընդգծեմ, որ մենք միշտ կրել ենք մեր կոստյումը, ո՛չ ցանկություն ենք ունեցել որեւէ մեկինը կրել, ո՛չ էլ տեսլական ենք ունեցել դրա համար»:

Դո՛ւ, հասարակ մի դերանուն, դո՛ւ, հասարակ լրագրող

Իմքայլական Վահագն Հովակիմյանն իր ելույթում խոսեց նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին եւ ասաց, որ վերջինս, լինելով երկար տարիների պատգամավոր, միայն վերջերս է ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել: Սրան ի պատասխան, Ծառուկյանը լրագրողներին ասաց. «Տվյալ բան ասած մարդն իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե «Ծառուկյան» անունն ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյանն ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը շարունակել ու խոսել»: