Փարաջանովի հայրենիքը չի կարող չունենալ կինոյի լավ մոդել․ Սվիտալսկի

Փարաջանովի հայրենիքը չի կարող չունենալ կինոյի լավ մոդել․ Սվիտալսկի

Գաղտնիքը, թե վերջապես ինչո՞ւ տասը երկարուձիգ տարիներ կինոյի մասին օրենք ունենալու անհրաժեշտության մասին խոսող կինեմատոգրաֆիստների ձայնը տեղ հասավ և արդեն իսկ մշակվել է նման նախագիծ, թերևս, այսօրվա ԱԺ լսումներին բացահայտեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ նշելով, որ Հայաստանն արդեն իսկ մասնակցում է «Ստեղծարար Եվրոպա»-ի 2 ենթածրագրերի և հայտ է ներկայացրել 2020-2022 թթ․մասնակցել մեկ այլ ծրագրի, որի համար անհրաժեշտ նախապայման են Կինոյի մասին և մամուլի ազատություններին առնչվող համապատասխան օրենք ունենալուն։ Պյոտր Սվիտալսկին «Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական լուծումները թեմայով» լսումներին հայտարարեց, որ Փարաջանովի հայրենիք Հայաստանը պետք է լավ մոդել դառնա ու օրինակ ծառայի մյուսների համար։

«1-ին, քանի որ գտնում ենք, որ մշակույթը շատ հզոր գործիք է Հայաստանի համար, որը ոչ միայն կարող է բարձրացնել Հայաստանի իմիջը, այլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում։ Երկրորդ, քանի որ հավատում ենք, որ կինոմատոգրաֆիան այն ոլորտներից մեկն է, որտեղ Հայաստանն ունի ներուժ, որը պետք է վերականգնվի։ Փարաջանովի հայրենիքը պետք է լավ մոդել և լավ օրինակ ծառայի մյուսների համար։ Ուզում ենք, որ Հայաստանը ներգրավվի ԵՄ այսպես կոչված «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին։ Իսկ օրենքը մշակված է «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպչական թիմի կողմից, որը մոբիլիզացրել է հարուստ փորձագիտություն, նաև միջազգային փորձագետներ։

Սվիտալսկին հավելեց, թե չեն կարող կանխատեսել, թե «Ստեղծարար Եվրոպան» ինչպիսի տեսք կունենա 2021 թվականին, բայց խոստացավ ամեն ինչ անել, որ ծրագրին Հայաստանի վերջնական մասնակցությունը տեղի ունենա։ Եվ որ այս ԱԺ-ն էլ հաստատի Կինոյի մասին լավ, ուժեղ և իրատեսական օրենք։

Բացման խոսքով հանդես եկած Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ տարբեր «բլա-բլա»-ներով մի տեքստ ասաց մշակութային ժամանակակից և մրցունակ արտադրանք տալու անհրաժեշտության մասին։ Ապա ասաց, որ այսօր ժամանակն է գործուն քայլեր ձեռնարկել կինոարվեստում պետական քաղաքականության զարգացման և կինոավանդույթների պահպանման ու տարածման ուղղությամբ։