Անլուրջ նկարներից բացի այլ՝ շատ ավելի լուրջ խնդիր կա այս նշանակման տակ

Անլուրջ նկարներից բացի այլ՝ շատ ավելի լուրջ խնդիր կա այս նշանակման տակ

Երկու օր է՝ համացանցում տեղադրում են արտաքին գործերի փոխնախարար նշանակված Վահան Կոստանյանի՝ նախկինում արած անլուրջ ու մանկապատանեկան նկարներն ու ծաղրում, թե տեսեք՝ ով է մեր երկրի փոխարտգործնախարարը, ահա այս դեմքով երիտասարդը պետք է ներկայացնի Հայաստանը դրսում։ Իրականում, այնպես չէ, թե Կոստանյանի՝ հետհեղափոխական, արդեն կոստյումով ու փողկապով կամ դեմքի «լուրջ» արտահայտությամբ կերպարը շատ է տարբերվում նրա՝ մինչ հեղափոխական, փաբային նկարներից։ Ընդամենը գունագեղ գուլպաների, ցանցառ մորուքի և ծամածռված դեմքի փոխարեն հիմա սև կոստյում է ու մի փոքր ավելի «լրջին» տված կերպար, բայց հայացքն ու ներսը, միևնույն է, մնում է նույնը՝ փաբոտ ու փրչոտ։ Բայց սարսափելին այս անլուրջ նկարները չեն, դրանցից զատ այլ՝ ավելի լուրջ խնդիր կա այսօրինակ նշանակումների մեջ, քան ծամածռված դեմքով ու եվրոպական գունագեղությամբ ջրիկ նկարներն են։ Խնդիրն այստեղ արժեհամակարգային է։

Նիկոլ Փաշինյանը հատուկ ընտրում է այնպիսի կադրերի, որոնք ունակ են ու պատրաստ են Հայաստանը տանել այն հունով, որի ուղին ինքն է գծել 2018-ից ի վեր։ Դրա համար նա հերթով ազատվում է հատկապես կարևոր պոստերում նախկինից նշանակված պրոֆեսիոնալ պետականամետ ու հայամետ կադրերից և նրանց փոխարեն նշանակում այնպիսիններին, որոնք իրենց հայացքներով, դավանած գաղափարներով ու արժեքներով, եթե ուղիղ չասենք՝ թրքամետ են, գլոբալիստ, հակահայ ու Արցախին դեմ, ապա գոնե պատրաստ են անտրտունջ Հայաստանը հրել թուրք-ադրբեջանական տանդեմի տակ և միջազգային հարթակներով առանց դիմադրելու Արցախը ձևակերպել որպես Ադրբեջանի մաս։ Իսկ դրա համար նրան պետք էր նախևառաջ համապատասխան կադրերով համալրել այն կարևոր պաշտոնները, որոնք ուղիղ առնչություն ունեն արտաքին հարաբերությունների հետ։ Օրինակ՝ անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԳ նախարար։ Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղար և Արարատ Միրզոյանին` ԱԳ նախարար նշանակելը հենց Նիկոլ Փաշինյանի այս պրոթուրքական և հակաարցախյան ծրագրի առանցքային մասն են կազմում։ Մարդիկ, որոնց մասին այս տարիներին տասնյակ դրվագներով խոսվեց ու ներկայացվեց որպես թուրքական շահը սպասարկող պաշտոնյաների։

Ուստի բնավ պետք չէ զարմանալ, որ Արարատ Միրզոյանի ուսանողական տարիների ընկեր, իբրև թե գիտությամբ զբաղվելու անվան տակ բանակից տարկետում վերցած ու չծառայած, մինչև Շուշին հանձնելը Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի դիմաց հողերը հանձնելու թեման ծաղրող, իսկ իրականում այդ մասին անոնսող Վահան Կոստանյանի՝ ԱԳ փոխնախարար նշանակվելու վրա։ Այստեղ այդքան վնասակար չէ պետության շահի տեսակետից այն, որ այս մանկական դեմքով անփորձ ու դիվանագիտության հետ որևէ կապ չունեցող երիտասարդը պետք է արտաքին աշխարհում ներկայացնի Հայաստան պետությունը, որքան այն, որ նա այդ հանդիպումներում շարունակելու է առաջ մղել այն քաղաքական գիծը, որը Հայաստանը տանում է դեպի թուրքական տիրապետություն՝ հրաժարվելով Արցախից, Ցեղասպանության ճանաչումից, մեր արժեքներից, մեր ինքնությունից։ Այսինքն՝ ինքը հիմա արդեն նաև փոխնախարարի կարգավիճակում է սպասարկելու այն գիծը, որը Հայաստանը տանելու է դեպի կործանում։

Այս նշանակմամբ ևս կարելի է հասկանալ, թե ինչու չդիմացան ու հրաժարվեցին այս կառավարության, այսպիսի ԱԳ նախարարի հետ աշխատել արտգործանախարարության երկարամյա փորձառու դիվանագետները՝ փոխնախարարներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, նախարար Արա Այվազյանը, ի վերջո, որոնք պետության ու Հայաստանի շահը գիտակցող իրապես փորձառու և պրոֆեսիոնալ նվիրյալներ էին։

Ու պատահական չէ նաև, որ Վահան Կոստանյանը, ինչքանով որ հասցրինք երեկ տեղեկանալ, համակարգելու է հենց Թուրքիայի և սահմանակից երկրների հետ հարաբերությունների բլոկը։ Պրոթուրքական ու հակառուսական այս թիմի ներկայացուցիչը, որը հենց այս արժեքների տարածմամբ էլ աչքի է ընկել այս տարիներին կամ գոնե հակառակը չի քարոզել, միանգամայն հասկանալի է` ինչու է հենց այս ուղղություններով իր «առաքելությունը» զարգացնելու։ Առաջինը, որպեսզի նախ Թուրքիայի գծով արագացնի հայ-թուրքական «բարեկամությունը»՝ դրանից բխող փաշինյանական հետևանքներով։ Այնպես որ, նրա «տելեպուզիկյան» նկարները ամենաանմեղն ու անվնաս են իր իրական կերպարի և ստանձնած առաքելության ֆոնին։