Միայն թե չասվի՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի

Միայն թե չասվի՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի

Քաղաքական շատ կոնկրետ շրջանակներ, փորձագետներ, լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերի օգտատերեր հետեւողականորեն թեժ են պահում ԼՂ կարգավորման «փուլային»  տարբերակի մասին  ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը: Վերացարկվելով խնդրի շուրջ քննարկումների ներքաղաքական ասպեկտից (դա բոլորովին այլ խոսակցության թեմա է, որ սկզբունքորեն չենք ուզում շոշափել)՝ հարկ է անդրադառնալ մի էական հանգամանքի, որին մեր մամուլը, գիտակցաբար, թե ոչ՝  չանդրադարձավ: Ի պատասխան առցանց մամուլի ասուլին վարչապետ Փաշինյանի հավաստիացմանը, թե բանակցություններում նոր փաստաթուղթ չի քննարկվում, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ, այո, դա այդպես է, քանի որ «նոր առաջարկությունների անհրաժեշտություն չկա»:

Պաշտոնական Բաքուն այդպիսով հասկանալ տվեց, որ խոսքը նախկինում կողմերին ներկայացված «աշխատանքային փաստաթղթի» մասին է: Այս իմաստով չափազանց կարեւոր է նկատի  ունենալ մի կարեւոր իրողություն. 2018թ. ամռանը ռուս-ադրբեջանական համատեղ նախաձեռնությամբ Ջեբրայիլի շրջանի Ջոջուկ Մարջանլի գյուղում, որտեղ Ապրիլյան պատերազմից հետո շուտափույթ վերականգնողական աշխատանքներ էին կազմակերպվել, տեղի ունեցավ ԼՂ կարգավորման թեմայով խորհրդաժողով, որին ռուսական կողմը ներկա էր ոչ միայն քաղաքագետների, փորձագետների եւ լրագրողների, այլեւ պաշտոնական՝ պետական դումայի պատգամավորական խմբի, մակարդակով: Միջոցառման նշանակությունն ադրբեջանական մամուլին պարզաբանեց Ռուսաստանի եվրասիականության գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը. «Ներկայումս Ռուսաստանը եւ Ադրբեջանը նպատակասլաց մերձենում են, ինչը նշանակում է պատմական արդարության վերականգնում: Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր գործընկերն է: Հայաստանը նույնպես մեր բարեկամը եւ գործընկերն է: Բայց այդ բարեկամությունը եւ գործընկերությունը ոչ մի դեպքում չպետք է դիտել որպես Ադրբեջանի դեմ»: 

Նկատենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո անցել էր ընդամենը երկու ամիս եւ հարցնենք՝ դա նախօրոք ծրագրվա՞ծ, թե իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ սպոնտա՞ն միջոցառում էր: Այսինքն, եթե Երեւանում իշխանությունը չփոխվեր, Ապրիլյան պատերազմից հետո «ազատագրված» Ջոջուկ Մարջանլիում դարձյալ ռուս-ադրբեջանական խորհրդաժողո՞վ կանցկացվեր: Դա շատ խորհրդանշական միջոցառում էր, որի ռուս մասնակիցները  ժամանակ էին գտել բարձրանալու 2016թ. քառօրյա մարտերից հետո ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցած Լելե-թեփե բարձունք եւ անգամ քաջալերանքի խոսքեր ասել տեղում մարտական հերթապահություն կրող զինվորականներին: Ավելի ուշ նույն Դուգինը ԼՂ կարգավորման գործընթացում իրավիճակը մեկնաբանել էր  այսպես. «Փաշինյանն այժմ ամրապնդել է իշխանությունը, եւ Ռուսաստանը հիշեցնում է, որ նրա նախորդի հետ եղել են կոնկրետ պայմնավորվածություններ եւ պահանջում ղարաբաղյան հարցում առաջընթաց» եւ ավելի  մանրամասնել. «Ծրագիրը, որ Ռուսաստանն առաջարկել է դեռեւս Սերժ  Սարգսյանի օրոք, -հինգ շրջանների վերադարձը,-պետք է իրականացնել, ինչի հույս ունեն նաեւ  համանախագահները՝ խոսելով Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին: Պետք է այն բացատրել մարդկանց, ցույց տալ, թե որքան կարեւոր է դա ստեղծված իրավիճակում: Այդ ծրագիրը չի կարող չքննարկվել առաջիկա (Փաշինյան-Ալիեւ) հանդիպմանը»:  

Որքան թույլ են տալիս մեր դիտարկումները, Ռուսաստանի եվրասիականության գլխավոր գաղափարախոսի այս եւ այլ հայտարարությունները Հայաստանի նախկին իշխող ուժի, նրա կողմից վերահսկվող մամուլի եւ փորձագետների կողմից չեն հերքվել: Իհարկե, կարելի է ասել, որ Դուգինն ընդամենը քաղաքագետ է: Բայց, նախ՝ նա Լելե-թեփե է բարձրացել ՌԴ պետդումայի առնվազն երկու պատգամավորի հետ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, երկրորդ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն կամ նախագահի մամուլի ծառայությունը Դուգինին չեն առարկել, վերջապես՝ եթե քաղաքագետի ասածը հիմք չէ քաղաքական եզրակացություն անելու համար, ապա ինչու՞ այսօր գործող իշխանության ընդդիմախոսները վկայակոչում են Ստանիսլավ Տարասովին եւ Սերգեյ Մարկեդոնովին: Իրավիճակն, իհարկե, մի փոքր այլ է. ոչ 2018-ի ամռանը, ոչ այսօր ՌԴ արտգործնախարար Լավրովը չի ասել, թե Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածություններ եղել են: Եւ չի էլ ասի: Դիվանագետները կարողանում են գաղտնիքներ պահել: Հակառակ դեպքում գործը կփչացնեն: Բայց դրանից գրեթե ոչինչ չիփոխվում: Հասկացողի համար Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի  ասածը, որ նոր առաջարկությունների անհրաժեշտություն չկա, շատ բան է ասում: Նույնիսկ այն դեպքում, որ դա հակառակորդ երկրի «գլորած տակառն» է: Անշուշտ, ԼՂ կարգավորման գործընթացում նորարարության փորձն ռիսկային է: Բայց հաջորդայնությունը երաշխավորելու համար խնդիրը պետք է դուրս բերել ներքաղաքական բանավեճից: Իսկ դա, ցավոք, մեր դեպքում մնում է միայն լավագույն ցանկություն: Մինչդեռ դատողություններ եւ, մանավանդ, վերագրումներ անելուց առաջ հարկ է ծանել արմատը եւ ազնվորեն պատասխանել մի հարցի՝ կա՞ բացառապես հայանպաստ կամ հաղթական լուծման տարբերակ, հնարավորություն, ռեսուրս: Եւ, ամենակարեւորը. մենք կարագավորմա՞ն, թե նոր պատերազմի՞ ենք գնում: Միայն թե չասվի՝ խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի: