Նախարարի ցանկալի տնօրենը հավաստագիր չունի եւ չի կարող մասնակցել մրցույթին 

Նախարարի ցանկալի տնօրենը հավաստագիր չունի եւ չի կարող մասնակցել մրցույթին 

Մենք գրել էինք, որ ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում։ Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները։

Դրսից ԺՊ նշանակելու որոշումը տարակուսանքի տեղիք է տվել․ նման դեպքերում, որպես կանոն, մինչ մրցույթի անցկացումը, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում փոխտնօրենը։ Ուստի ակնհայտ է, որ նախարարը որոշել է «կանխորոշել» մրցույթի արդյունքները։ Բայց Բաբայանի՝ տնօրեն դառնալուն այլ խոչընդոտներ էլ կան։ Մենք տեղեկացանք, որ նա տնօրենի հավաստագիր չունի եւ արդեն հայտարարված մրցույթին՝ ապրիլի 8-ին, չի կարող մասնակցել։ Հիմա նախարարությունը տարբեր պատճառաբանություններ է փնտրում մրցույթը հետաձգելու համար, որ ցանկալի տնօրինացուն հասցնի հավաստագիր ստանալ եւ մասնակցել մրցույթին։  

Լուսինե Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ ինքը տնօրենի հավաստագիր չունի եւ, հետեւաբար, ամսի 8-ի մրցույթին չի մասնակցի։

Հարցին, թե ցանկություն չունի՞ հավաստագիր ձեռք բերելու, պատասխանեց․ «Չեմ կարող այս պահին որեւէ բան ասել, չեմ որոշել»։ 

Մրցույթն էլ իր համար հետաձգելու մասին տեղեկություն չունի․ «Ես որեւէ մեկին չեմ ճանաչել, բարձրաստիճան ոչ մի պաշտոնյայի։ Իմ մասին լսել էին, հրավիրել էին։ Ես շատ երկար եմ աշխատել ոլորտում, այս դպրոցին միշտ մոտիկ կանգնած եմ եղել, 1999 թվականից Մանկավարժական համալսարանում եմ մինչ օրս դասավանդել, գիտությունների թեկնածու եմ, թեզս էլ վերաբերում է լսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթությանը։ Պատահական մարդ չեմ ոլորտում»։