Ուզում են բռնագանձել 2016 թվականից քրեական հետապնդման ենթարկվող տիկնոջ գույքը

Ուզում են բռնագանձել 2016 թվականից քրեական հետապնդման ենթարկվող տիկնոջ գույքը

Հակակոռուպցիոն դատարանը օրերս հերթական հայցադիմումն է վարույթ ընդունել դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունից։ Այս անգամ բռնագանձման պահանջը վերաբերում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախկին նախագահ Ժ․Հ․-ին։

Մեր տեղեկություններով, խոսքը Ժաննա Հովհաննիսյանի մասին է։ Դատախազությունը պահանջում է նրանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ պետության բռնագանձել երկու անշարժ գույք` մոտ 38 մլն դրամ և մոտ 80 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, 130 մլն 875 հազար 843 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ և մոտ 4, 3 մլն դրամ։ Գումարն այս, ըստ դատախազության, ունի ապօրինի ծագում և ենթակա է բռնագանձման։ 

Ժաննա Հովհաննիսյանը դեռ նախկինների  օրոք՝ 2016 թվականին անցնում էր բժշկասոցիալայան փորձաքննության նախկին պետ Արմեն Սողոյանի և հանձնաժողովների 11 նախագահների աղմկահարույց գործով։ Այս գործը, որը հարուցվել էր ԱԱԾ բացահայտումից հետո, հետաքրքիր էր  նրանով, որ բժշկասոցիալական փորձաքննության պետն ու 11 հանձնաժողովների պետերը դատվեցին, բայց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, որի պաշտոնում այն ժամանակ Արտեմ Ասատրյանն էր, ջրից չոր դուրս եկավ: 

Արմեն Սողոյանը 2 տարի անցկացրեց անազատության մեջ, ապա նրա և նախկին հանձնաժողովականներից ևս մեկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Մյուսների, այդ թվում Ժաննա Հովհաննիսյանի  գործը դեռ դատարանում է։ Հերթական նիստն այս գործով նշանակված է հուլիսի 10-ին։ 

Հիշեցնենք, Արմեն Սողոյանն, ըստ մեղադրանքի, իր աշխատասենյակներում ընդունել էր իրեն ենթակա ԲՍՓ հանձնաժողովների մնացած նախագահներին, նրանցից ստացել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1.528.600 դրամին համարժեք կաշառք: Հանձնաժողովների գործով անցնող պետերի թվում էր նաև 6-րդ հանձնաժողովի այն ժամանակվա պետ Ժաննա Հովհաննիսյանը։ Այս հանձնաժողովն աշխատում էր Երևանում։ 

Ըստ նախաքննության նյութերի, Ժաննա Հովհաննիսյանը Արմեն Սողոյանին նրա աշխատասենյակում 200.000 ՀՀ դրամ կաշառք էր տվել: Թե որ քրեական գործից է սերվել ապօրինի ծագում ունցող գույքի բռնագանձման վարույթը, դատախազությունը չի հայտնում։ Չի բացառվում, որ հենց այս ընթացիկ քրեական գործի շրջանակում են ի հայտ են եկել փաստեր, որոնք էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը սկսել է ստուգել և դրել է հայցի հիմքում։