Ինչպե՞ս հասկանալ

Ինչպե՞ս հասկանալ

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, վերահաստատելով նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը, հարցազրույց է տվել «168 ժամին», որից ՀՅԴ Արցախի ԿԿ «Ապառաժ» պաշտոնաթերթն առանձնացրել է, թերեւս, ամենաէականը. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա: Բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված բանակցությունների եռակողմ ձեւաչափը՝ բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ՝ որպես հակամարտության լիիրավ կողմ»:

Առաջին անգամ չէ, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը վկայակոչվում է, բայց այլ բան է, երբ դա անում է որեւէ փարձագետ, այլ՝ երբ  Արցախի արտգործնախարարն է շրջանառության դնում: Հիշյալ փաստաթղթում խնդրին անդրադարձ է կատարվել «Տարածաշրջանային հարցեր» բաժնում՝ «Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ԵԱՀԽ գործողություններն ակտիվացնելու» ենթավերնագրի տակ:

Փաստաթղթում, ճիշտ է, օգտագործված է «հակամարտության կողմեր» ձեւակերպումը՝ հրադադարի համաձայնությունը վերահաստատելու իմաստով, բայց այն ամբողջովին նվիրված է հակամարտության զինված փուլին վերջ դնելու նպատակադրվածությանը, որի դեպքում, ինչպես պատկերվում էր կազմակերպության անդամ երկրներին, հնարավոր կդառնար Մինսկի խորհրդաժողովի գումարումը: Ավելի պարզ ասած, ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը հակամարտության կողմերին հորդորում է հասնել խաղաղության համաձայնագրի կնքման, որի երաշխավորը պիտի լիներ խաղաղապահ գործողությունը, ապա անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշարկմանը՝ Մինսկի խորհրդաժողովի ձեւաչափով, որտեղ, ըստ ԵԱՀԽ նախարարների կոմիտեի 1992թ. մարտի 24-ի լրացուցիչ որոշման, պետք է հրավիրվեին «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»: Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթն, այսպիսով, առաջարկում է հակամարտության փուլային կարգավորում՝ նախ վերջ տալ պատերազմին, կնքել խաղաղության պայմանագիր, ապա անցնել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունների:

Ընդ որում, փաստաթուղթն արձանագրում էր, որ ԵԱՀԽ անդամ երկրները «հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերին»: Ինչպես ասում են, ոզնուն էլ հասկանալի է, թե խոսքն ինչ բանաձեւերի մասին է: Բուդապեշտի գագաթաժողովն, ըստ էության, սահմանել է բանակցությունների օրակարգը՝ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչպես նաեւ՝ դրա պարամետրերը՝ հղում անելով ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերին, որից հետո կարող է հրավիրվել Մինսկի խորհրդաժողով՝ ՄԽ անդամ երկրների եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Դա մի կոնցեպցիա էր, որի շրջանակներում միջնորդները 1997թ. տարեվերջին կողմերին ներկայացրել են կարգավորման փուլային տարբերակը, որը պաշտոնական Ստեփանակերտը մերժել է: Այսօր Ադրբեջանն առաջարկում է վերադառնալ կարգավորման փուլային տարբերակին: Արցախի արտգործնախարարի կողմից ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթին արված հղումն ինչպե՞ս հասկանալ: