Թուրքիան պատրիարքի թեկնածուների շրջանակը սահմանափակեց

Թուրքիան պատրիարքի թեկնածուների շրջանակը սահմանափակեց

Մենք անդրադարձել ենք Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական ընտրության թեմային։ Եվ, ահա, սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը), ինչպես փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ հաղորդման՝ սույն կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնցից բոլորին համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել: Կանոնադրության սահմանած պայմանները հետեւյալն են․

1. պատրիարքի թեկնածուի հայրը պետք է եղած լինի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի:

2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն եւ գործունեություն չծավալել, ինչպես նաեւ չմասնակցել պետության վստահությունը եւ հեղինակությունը խաթարող գործողություններին):

3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի հայոց պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:

4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:

5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, եւ չլինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:

6. Թեկնածուն պետք է ի զորու լինի պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարելու:

Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր եւ խնդրահարույց է 3-րդ կետը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը, քանի որ սահմանափակում է դնում՝ եւ միայն Պոլսի պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսներին արտոնելով առաջադրվել։ Թուրքական պետության այս որոշումը դեռեւս երկար կքննարկվի, անշուշտ, թե՛ տեղի համայնքում, թե՛ ողջ հայկական աշխարհում, քանի որ Պոլիսը մեկ կարեւոր մասնիկն է համահայկական իրականության։ Արդեն իսկ հայտնի են առաջին արձագանքները։

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, օրինակ, ով պատրիարքական թեկնածուներից է, պոլսահայ «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձել է վերոնշյալ սահմանափակմանը՝ այն համարելով ցավալի կետ։ Տեղի համայնքի երեւելիներից Պետրոս Շիրինօղլին էլ այնքան է ուրախացել, որ մաղթել է, որ կանոնադրությունը «խերով-բարով» ընթացք ունենա, մինչդեռ թուրքական պառլամենտի հայազգի անդամ Կարո Փայլանն էլ իր վերապահումն է արտահայտել՝ մատնանշելով, որ թուրքական պետությունը, այնուհանդերձ, միջամտեց ընտրական գործընթացներին։