Ազգային ժողովում հերթական անգրագիտությունն է կանխվել

Ազգային ժողովում հերթական անգրագիտությունն է կանխվել

Դեռեւս անցած շաբաթ ԲՀԿ-ն հանդես եկավ «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության եւ հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ նպատակով, որ այդ շրջանակներում քննության կառնվի նաեւ Ամուլսարի հարցը։ ԲՀԿ-ին միացան նաեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, եւ քննիչ հանձնաժողով ձեւավորելու համար պահանջվող 33 ստորագրությունը հավաքվեց։ Նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանը ձեւաթուղթն ուղարկել էր ԱԺ նախագահին, եւ նախատեսվում էր, որ օրենքի բոլոր պահանջները կատարված են, ու իրավունքի ուժով ԱԺ նախագահը գալիք քառօրյայի մեկնարկին կհայտարարի քննիչ հանձնաժողովի ձեւավորման մասին։ Սակայն երեկ ընդդիմադիրներն ԱԺ նախագահից մերժման գրություն են ստացել, թե տվյալ խնդիրը դուրս է Ազգային ժողովի իրավասությունների շրջանակներից։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահի գրությունն իրավական տեսանկյունից պարզապես խայտառակություն է եղել։ ԱԺ ղեկավարությունը հղումներ է արել օրենքների այնպիսի դրույթների, որոնք ոչ մի առնչություն չունեն ներկայացված նախագծին։

Օրինակ, մերժման պատճառներից մեկը, ըստ գրության, եղել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասը․ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որեւէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաեւ այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»։ Սակայն ընդդիմադիրները չեն առաջարկում ստուգել դատավարության փուլում գտնվող հարցեր, այլ ընդհանուր առաջարկ է արվել մետաղական հանքավայրերի վերաբերյալ։

Մյուս պատճառը՝ Արարատ Միրզոյանը բառախաղի օգնությամբ է փորձել հիմնավորել, թե ինչու խնդիրն ԱԺ իրավասության շրջանակներում չէ, հղում անելով հանձնաժողովի՝ ընդդիմադիրների ներկայացրած անվանմանը՝ «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության եւ հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով»․ գրել է, որ օրենսդիր մարմինը չունի նման իրավունք, որպեսզի մասնավոր տնտեսվարող ստուգի, մինչդեռ ընդդիմադիրները նման առաջարկ չեն արել։ Ուշագրավ է, որ մերժման գրությունն ուղարկելուց ժամեր անց ԱԺ քարտուղարությունը հրավիրել է նախաձեռնության հեղինակներին՝ Սերգեյ Բագրատյանին ու Էդմոն Մարուքյանին, եւ ասել, որ տեխնիկական «վրիպակների» պատճառով է ԱԺ նախագահը մերժել, առաջարկվել է վերացնել եւ նորից ուղարկել նախագահություն, որպեսզի ստեղծվի քննիչ հանձնաժողով։ Ըստ ամենայնի, ԱԺ-ում հասկացել են, որ մեծ աղմուկ է բարձրանալու եւ երեւալու է նախ՝ Ամուլսարի հարցում իշխանությունների դիրքորոշումը, երկրորդ՝ ԱԺ նախագահի անգրագիտությունը, եւ որոշել են հետողորմյա անել, հատկապես, որ այդ հանձնաժողովում առանձնապես դարի բացահայտումներ չեն կատարվելու։

Նախաձեռնության հեղինակ Սերգեյ Բագրատյանը երեկ չհերքեց, որ մերժման գրություն են ստացել՝ մեր նշած հիմնավորումներով, նաեւ հաստատեց, որ քարտուղարությունից իրենց կանչել են եւ առաջարկել որոշակի ուղղումներ մտցնել ներկայացված փաստաթղթում․ «Իրենք ասում են, թե ձեր ներկայացրածից չի երեւում, որ պետական մարմինների գործունեությանն է վերաբերում քննիչ հանձնաժողովի գործունեությունը, այլ երեւում է, որ մասնավոր սուբյեկտների։ Մենք, ճիշտ է, նշել ենք տնտեսվարող սուբյեկտների ներկայացրած հաշվետվությունները, բայց, բնականաբար, նկատի ունենք, թե որտեղ են այդ հաշվետվությունները ներկայացնում՝ ՊԵԿ, շրջակա միջավայրի նախարարություն։ Ուստի շատ պարզ էր, որ մենք նկատի ունեինք պետական մարմինների մոտ արդեն ընդունված հաշվետվությունների ուսումնասիրությունը։

Մենք շտկեցինք հետեւյալ կերպ․ «Հանձնաժողովի քննության առարկա է հանդիսանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտում պետական մարմինների կողմից ընդունված հաշվետվությունների օրինականության, հիմնավորվածության եւ արժանահավատության ուսումնասիրությունը եւ գնահատումը գործադիր իշխանության մարմինների»»։

Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ, ըստ էության, տեխնիկական այս հարցը ոչինչ չէր փոխում, բայց ԱԺ ղեկավարությունը պատասխանել է, թե կարող են ենթադրել, որ մասնավոր սուբյեկտների գործունեության դաշտ են փորձում մտնել․ «Ես էլ ասում եմ՝ բայց չէ՞ որ այդ հաշվետվությունը չեն կարող օդի մեջ ներկայացնել, դա պետական որեւէ մարմնի են, չէ՞, ներկայացնում, եթե մենք ստուգում ենք հաշվետվությունը, պարզ է, չէ՞, որ պետք է ստուգենք ՊԵԿ-ը կամ որեւէ պատկան մարմին, մեզ համար հո մասնավորի տված հաշվետվությունն արժանահավատ չի՞ լինելու»։ 

Մի խոսքով՝ խմբագրումից հետո գրությունը կրկին ուղարկվել է ԱԺ նախագահին, եւ սպասում են նրա պատասխանին։