Ո՞վ է այն հերոսը, որը վերականգնել է ՀՀ սահմանադրական կարգը

Ո՞վ է այն հերոսը, որը վերականգնել է ՀՀ սահմանադրական կարգը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջապես հայտնաբերել է, թե երբ է վերականգնվել Հայաստանի սահմանադրական կարգը, որը, ենթադրաբար, տապալվել էր 2008 թվականին, եւ տապալել էր Ռոբերտ Քոչարյանը։ 

Բայց պարոն Դավթյանը դեռ չի հայտնաբերել, թե ով է այն վերականգնել, որը գուցե արժանի լինի պետական պարգեւի կամ խրախուսանքի։ Երեկ մենք հետաքրքրվեցինք՝ ելնելով դատարանում քննվող դատական գործից․

«Պարոն Դավթյան, իսկ վերականգնվե՞լ է արդյոք 2008 թվականին տապալված սահմանադրական կարգը»։

«Հանգիստ եղեք, Հայաստանի սահմանադրական կարգը վերականգնված է»,- երեկ մեր հարցին ի պատասխան՝ հապշտապ պատասխանեց դատախազը։

- Ե՞րբ է վերակագնվել եւ ո՞ւմ կողմից։

- Վերականգնվել է այն ժամանակ, երբ որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը վերացել է։

- Իսկ դա ե՞րբ եք պարզել, դատավարության ընթացքո՞ւմ։

Պատասխան չհնչեց, դատախազը շտապ մտավ վերելակ ու հեռացավ։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ դեռ չէին մեկնարկել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունները, մեր այս հարցին Արթուր Դավթյանը պատասխանել էր, թե դատավարությունը կմեկնարկի, կիմանանք։ Այսինքն՝ այն ժամանակ դեռ Արթուր Դավթյանը չգիտեր՝ ով, երբ եւ ինչպես է վերականգնել այդ «գրողի տարած» սահմանադրական կարգը, որը «տապալել է» Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա հանկարծ գտել է այդ հարցի պատասխանը, իսկ թե որտեղից է գտել, Դավթյանը չասաց, որ իմանայինք՝ արդյոք դատավարությա՞ն ժամանակ է դա բացահայտվել, թե՞ մինչ այդ էլ գիտեին։

Նկատենք, որ Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ նման հարց երբեւէ չի արծարծվել։ Ի դեպ, սա հռետորական հարց չէ, այլ շատ ուղիղ եւ հստակ ձեւակերպված, իրավական տրամաբանության մեջ տեղավորվող հարց, քանզի, եթե Քոչարյանը, ենթադրաբար, տապալել է երկրի սահմանադրական կարգը, ապա պետք է լիներ մեկը կամ մի քանիսը, որ հետո այն վերականգնեին։

Բայց մենք մինչ օրս այդ հերոսի անունը չգիտենք, թե ով է նման սխրանք գործել՝ վերականգնելով մեր երկրի «տապալված» սահմանադրական կարգը։ 
Մյուս կողմից՝ արդյոք արտակարգ դրություն սահմանե՞լն է համարվում Հայաստանի սահմանադրական կարգի տապալում։ Եթե այո, ապա ինչո՞ւ մեղադրանքում այդ մասին ուղիղ տեքստով նշված չէ, որ մինչ օրս փաստաբաններն ու իրավաբանները գլուխ են կոտրում՝ հասկանալու համար, թե ինչ ասել է սահմանադրական կարգի տապալում։ 

Ոմանք ենթադրում են, որ սահմանադրական կարգի տապալում ասելով՝ նկատի ունեն 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որ Սերժ Սարգսյանի՝ նախագահ կարգվելով՝ տապալվել է սահմանադրական կարգը։ ՀՀ գլխավոր դատախազը, փաստորեն, նոր հայտնագործություն արեց մեզ համար։