2-րդ բուժմիավորումը վաճառվո՞ւմ է

2-րդ բուժմիավորումը վաճառվո՞ւմ է

Տեղեկություն ունեինք, որ 2-րդ բուժմիավորման, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանին, իրական սեփականատերը Սարոյանի ազգականն է։ Անգամ գինն էր նշվում՝ 4 միլիոն դոլար։ Ինչը Սեյրան Սարոյանի հեռախոսազանգին պատասխանած անձը (գեներալ Սարոյանը, նրա փոխանցմամբ, սիստեմա էր ընդունում) հերքեց՝ ասելով․ «2-րդ հիվանդանոցն իրանը չի, ընտեղ բաժնեմասեր կան տարբեր մարդկանց ձեռը, ես տեղյակ չեմ՝ ինքը բաժնեմաս չունի, ես գիտեմ, որ գլխավոր բժիշկն է հարազատ մարդ, էդքան բան»։ Բայց երբ փոխանցեցինք, որ, ըստ լուրերի, հիվանդանոցը վաճառվում է 4 միլիոն դոլարով, թերահավատություն հայտնեց՝ ասելով․ «Ես տեղյակ չեմ՝ 4 միլիոն հիվանդանոցի համար․․․ էտի մի քիչ․․․»։

Հիվանդանոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Կակոսյանը եւս մեր հարցին, թե հիվանդանոցի սեփականատերը Սարոյա՞նն է, ասաց․ «Ես չգիտեմ, որոշ չափով երեւի ինչ-որ կապ ունի, բայց կոնկրետ չգիտեմ»։ Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե տեղեկություն ունենք, որ բուժհաստատությունը վաճառվում է, ապա ասաց․ «Գիտեք ինչ, ես տասը տարի է՝ նման տեղեկություն ունեմ, բայց կոնկրետ հիմա չգիտեմ։ Ամեն տարի էլ ինչ-որ մի խոսակցություն կա»։

Տիկին Կակոսյանից հարցրինք, թե փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող այս հիմնարկում ովքեր են ընդգրկված տնօրենների խորհրդում, ասաց, որ տնօրենների խորհրդում ինքը չկա։ Հիշեցնենք, որ Երեւանի սրտում՝ հենց Մարգարյան հիվանդանոցի հետեւում գտնվող այս բուժմիավորումը մշտապես եղել է ստվերում, եւ շատերն անգամ չգիտեն, որ դա այլ հիվանդանոց է՝ Մոր եւ մանկան առողջության կենտրոնից տարբեր։ Մյուս կողմից՝ այս հաստատությունը հայտնի է նրանով, որ շատ հաճախ այստեղ բուժվում են «Կիսաբաց լուսամուտների» կամ «Սուր անկյան» սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ։ Փոխտնօրենն ասաց, որ հիմա էլ ունեն 2 հիվանդ։

Տիկին Կակոսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ 2019-ին պետպատվերն ավելացե՞լ է՝ այլ տարիների համեմատ։ Հասմիկ Կակոսյանն ասաց, որ ինչպես կար, մոտավորապես նույնը մնացել է։ Հիշեցնենք․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին գովաբանում են մարզային հիվանդանոցների պետպատվերն ավելացնելու եւ փնովում իր կնոջ՝ Վարդանուշ Թեւանյանի գլխավորած «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին հսկայական պետպատվեր տալու համար, որը նախորդ տարվա համեմատ շուրջ երեք անգամ աճել է։ 2018-ին այն կազմել է 25 148 մլն, 2019-ի հունվարին գերազանցել է կրկնակիի շեմը, իսկ 2019-ին հասել 86 934 մլն-ի։ Համեմատության համար նշենք, որ «ՄԻԲՍ»-ին տրամադրված գումարները գերազանցում են առողջապահական հսկաներ «Էրեբունի» եւ «Արմենիա» հիվանդանոցներին։