Ինստիտուցիոնալություն

Ինստիտուցիոնալություն

Ինչո՞ւ են պետություններն ինստիտուցիոնալ կառույցներ եւ կառավարման մշակույթ ձեւավորում իրենց երկրներում։ Ինչո՞ւ են փորձում ստեղծել իշխանություններին ընտրելու արդար եւ կայուն համակարգ։ Ինչո՞ւ են սահմանում կառավարման բարձր օղակներում ընտրվելու-նշանակվելու ցենզեր՝ կրթական, մասնագիտական։ Ինչո՞ւ են հզոր պետություններում ձգտում ապահովել իշխանության շարունակականությունը։ Ինչո՞ւ են ստեղծում հակակշիռների մեխանիզմներ եւ ինստիտուտներ, անկախ դատական ու դատախազական համակարգ։ Ինչո՞ւ են կայացնում քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը, պետական կառավարման համակարգից անկախ ու տարանջատված վերահսկողական մարմինները։ Այդ բոլորն արվում է, որպեսզի պետությունները զերծ մնան ցնցումներից եւ յուրաքանչյուր ընտրությունից հետո չհայտնվեն բախտախնդիրների ձեռքում, որոնք կարող են 180 աստիճանով շրջել պատմության անիվը։ Որպեսզի ամեն նոր եկող իշխանություն գործողությունների ազատության այնքան փոքր «լյուֆտ» ունենա, որ չկարողանա ճակատագրական որոշումներ կայացնել եւ երկիրը տանել փորձանքների։ Եվ որքան էլ պնդենք, թե աշխարհի շատ երկրներում իշխանության են եկել պոպուլիստներն ու տեղ-տեղ նաեւ՝ անհավասարակշիռ ու անկանխատեսելի անձինք, կայացած երկրներում նման անձինք նվազագույն ազդեցություն կարող են ունենալ պետության կենսագործունեության եւ հասարակական կյանքի վրա։ Թրամփը սխալ քա՞յլ է անում, ԱՄՆ գլխավոր դատախազը գործընթաց է սկսում նրա դեմ։ Կոնգրեսը Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձեւ է քննարկում՝ Սենատն իմպիչմենտի գործընթաց է սկսում եւ այլն։ Անգամ ուժեղ նախագահական կառավարում ունեցող երկրներում չի կարող նախագահը խելքին փչած քայլն անել։ Նրան սահմանափակող ինստիտուտներ կան երկրում, եւ դրանով է երկիրն ուժեղ։