ԱԺ-ում լինելու ենք ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք

ԱԺ-ում լինելու ենք ոչ թե ընդդիմություն, այլ այլընտրանք
Ապրիլյան հեղափոխությունը թեեւ որոշ սրբագրումներ մտցրեց քաղաքական դաշտում, սակայն որոշ տխուր ավանդույթներ կրկնվեցին նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։ Ինչպես միշտ, այս ընտրություններից առաջ էլ հապճեպ համագումարներ հրավիրեցին եւ գրանցվեցին նորելուկ կուսակցություններ, որոնց նպատակն ակներեւ է՝ մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, թեկուզ մեկ տոկոսի շեմը չհաղթահարելու պայմանով։ Նրանցից են «Քաղաքացու որոշում»-ը, «Ազգային առաջընթաց»-ը եւ Հայաստանի քրիստոնեաժողովրդական կուսակցությունը։



Հայաստանի քրիստոնեաժողովրդական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ապրիլյան հեղափոխության օրերին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին եւ նրա համախոհներին։ Ինչո՞ւ որոշեց մասնակցել ընտրություններին նորաստեղծ կուսակցությամբ։ «Ես հավատում եմ հեղափոխությանը, մտածեցի, որ ոչ միայն տեսականորեն կարող եմ բացատրել հեղափոխության իդեալները, այլեւ իմ համախոհների հետ կարող եմ լինել գործնական քաղաքականության մեջ։ Ես ունեմ տարիների փորձություն՝ ազգային պահպանողական մտքի, քրիստոնեական արժեհամակարգի ուղղությամբ, եւ այն, ինչ պետք է ասեմ ուրիշներին, կանեմ իմ ընկերների հետ։ Ես նոր չեմ, ավելին գիտեմ, քան «փորձառու» քաղաքական գործիչները»,- ասում է Լեւոն Շիրինյանը։ Ո՞րն է լինելու Լեւոն Շիրինյանի եւ իր ղեկավարած ուժի դիրքորոշումը ԱԺ-ում՝ լինելո՞ւ է ընդդիմադիր, թե՞ աջակցելու է կառավարող ուժին։



«Ես աջակցելու եմ հեղափոխության իդեալներին եւ հեղափոխության առաջնորդին։ Սակայն, որպես վարչապետ, Նիկոլ Փաշինյանին ուղղելու եմ հարցեր, ներկայացնելու եմ առաջարկներ։ Մենք ազգային-պահպանողական գաղափարների կրող ենք, իսկ դա նշանակում է, որ կլինենք այլընտրանք։ Դա ամբողջ մի ուղղություն է տնտեսության, արտաքին քաղաքականության, մշակույթի ոլորտներում։ Մենք մեր խորհրդարանին եւ ժողովրդին կառաջարկենք այլընտրանքային լավագույն լուծումներ։ Մենք, իհարկե, քննադատելու ենք կառավարող ուժին, բայց դա լինելու է կառուցողական։ Վարչապետն ինքը հեղափոխության սիմվոլն է եւ այդ հեղափոխության հռչակած ակնկալիքները պետք է իրականացնենք։ Մենք լինելու ենք այլընտրանք, աջակենտրոն, համագործակցելու ենք քննադատելով»,- ասում է քաղաքագետը։ Կուսակցության ցուցակում Լեւոն Շիրինյանի հաջորդում են լրագրող Մարիամ Մանուկյանը, կիբեռնետիկ Գեւորգ Հովսեփյանը, կան նաեւ քաղաքագետներ, մշակութային գործիչներ։ Մեզ հետ զրույցում նա ասում է, որ խուսափել է շատ հայտնի անուններ ցուցակում ընդգրկելուց, քանի որ պետք է նոր սերունդ գա, որը մեդալաների համար կյանք չի տալիս եւ դավանում է քրիստոնեական արժեքնեեր։ Նա կարեւորում է, որ քաղաքականությամբ զբաղվեն պրոֆեսիոնալ քաղաքագետները։