Ով ումից եւ ինչու է դժգոհ Օպերային թատրոնում

Ով ումից եւ ինչու է դժգոհ Օպերային թատրոնում
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում բանավոր զգուշացում էր հղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ մասնավորապես գրելով․ «Հայտարարում եմ բանավոր զգուշացում՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը եւ պահանջում խստագույնս հետեւել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների եւ գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»:



Նախ զարմանալի էր, որ նախարարը, իբրեւ պաշտոնական հարթակ, Ֆեյսբուքն էր ընտրել իր բանավոր զգուշացումը փոխանցելու համար, ավելին՝ բանավոր զգուշացումը նախընտրել էր անել գրավոր մակարդակով եւ ոչ թե անձնապես, այլ ի տես բոլորի՝ առցանց ռեժիմով։ Մակունցը հորդորել էր նաեւ այդ զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին:



**Կարինե Կիրակոսյանը** մեզ հետ զրույցում նախ ասաց, որ հիմա պատրաստ չէ, երբ պատրաստ լինի, կպատասխանի հարցերին։ Պատրաստ լինելու ի՞նչ խնդիր կա՝ տեղեկությունը կա՛մ ճիշտ է, կա՛մ՝ ոչ։ «Ես հիմա նախարարին նամակ եմ գրում՝ հիմքերը պարզելու համար, եւ խնդրում եմ ինձ հիմքերը տալ, թե երբ եմ նման գործունեությամբ զբաղվել, երեւի իրենք գիտեն դրա մասին»։ Այսինքն՝ զրպարտությո՞ւն է։ «Չեմ ուզում մեկնաբանություն տալ, ներսից զրպարտություն է, թե դրսից՝ չեմ կարող ոչինչ ասել»։ Կարինե Կիրակոսյանն իր նամակում նաեւ հանդիպում է խնդրել նախարարի հետ, որպեսզի պարզաբանեն իրավիճակը։



Օգտատերերից մեկը գրել էր, որ նախօրեին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ քննարկել է Օրբելյանի անօրինական նշանակման հիմքերը եւ գործուն դերակատարում ունի թատրոնում՝ ավելին, քան Օրբելյանը։ «Այդ տեղեկություններին եւ քոմենթներին մի հավատացեք, Օրբելյանը տնօրենն է եւ իրականացնում է իր տնօրենի ֆունկցիաները, ես իրականացնում եմ այն, ինչ վերապահված է ինձ։ Դժգոհություններ թատրոնում Օրբելյանի դեմ, իհարկե, չկան, հարցրեք ինքներդ թատրոնի աշխատողներին»։ Հարցրել ենք, ասում են, որ շատ է բացակայում։ «Դե, հիմա իր աշխատանքն էլ դա է»,- նկատեց Կիրակոսյանը։



Հնարավոր համարո՞ւմ է, որ ընտրություններին ընդառաջ սա նախաքարոզչական քայլ էր նախարարի կողմից։ «Ես ոչինչ չեմ ենթադրում, այդ իմաստով ոչինչ չեմ կարող ասել»։ Բայցեւայնպես, ունի՞ քաղաքական համակրանքներ, գուցե դրանց մասին բարձրաձայնել է աշխատակիցների մոտ։ «Քաղաքական համակրանքներ չունեմ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ միայն իմ աշխատանքային պարտականությունների կատարմամբ»,- ասաց Կիրակոսյանն ու բացառեց, որ իր կողմից թեկուզ ակամա կարող էր քարոզչություն արվել։



Ինչպես տեղեկացանք, օպերային թատրոնում զարմացած էին նախարարի բանավոր զգուշացումից, նախ՝ որ նման քարոզչություն չեն նկատել, հետո՝ ո՞ւմ օգտին եւ ինչո՞ւ պիտի աներ տնօրենի տեղակալը, չէ՞ որ դրանով առաջին հերթին իրեն էր վնասելու։ Մնում է ենթադրել, որ դա նախարարի կողմից մտածված նախընտրական PR քայլ էր։ Ինչ վերաբերում է Օրբելյանին, ապա թատրոնում նրանից հավասարապես կան ե՛ւ դժգոհ, ե՛ւ գոհ մարդիկ․ դժգոհությունները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ շատ է բացակայում թատրոնից եւ ունի իր սիրելիների խումբը, մյուս կողմից էլ՝ նրանք, ովքեր մեկնել են հյուրախաղերի Դուբայ, առավել քան գոհ են Օրբելյանից, ով տեղավորել է ստեղծագործական կազմին «Sheraton» հյուրանոցում, ապահովել 3-անգամյա սննդով, օրապահիկով, նաեւ ինքնաթիռում իր կողմից սնունդ տվել։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**