Ընտրությունների նախապատրաստումը նման է նոր տարվա առեւտրին

Ընտրությունների նախապատրաստումը նման է նոր տարվա առեւտրին
Թեեւ պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկին դեռ ավելի քան 10 օր կա, սակայն հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում մի իրարանցում է սկսվել, մի աժիոտաժ, որ տպավորություն է ստեղծվում, թե դեկտեմբերի 9-ին Հայաստանում լինելու է աշխարհի վերջը, եւ դեկտեմբերի 9-ին դեկտեմբերի 10-ը չի հաջորդելու։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ նման իրարանցումը ոչ միայն անիմաստ է ու անտեղի, այլեւ նույնիսկ՝ ծիծաղելի։ Ավելին, ամեն դեպքում պետք է հիշել, որ դեկտեմբերի 9-ին հաջորդելու է 10-ը։ Սակայն հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտին այս միտքը կարծես թե այնքան էլ չի հետաքրքրում, եւ դասական էսխատոլոգիական (աշխարհի վերջի մասին պատկերացումներ) տրամադրություններով տոգորված, ով հինգ ծանոթ-բարեկամ ունի կամ մի տասը հոգի մարդ ավել է ճանաչում, շտապում է հանգրվանել որեւէ կուսակցության ռեյտինգային ցուցակում։



Պատկերավոր ասած՝ այս տարվա ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստությունը նմանվել է Նոր տարվա առեւտրի։ Դե, գիտեք, թե հայաստանցիներիս մոտ դա ինչպես է լինում։ Ամբողջ տարի ճռռալ, գումար հավաքել, տնտեսել, իսկ եթե պորտաբույծ ես ու մտնում ես էն 800 հազարի մեջ, որ նստած է 350 հազարի վզին, նաեւ բանկի դուռ-լուսամուտը ջարդել, վարկի ու պարտքի տակ մտնել՝ հանուն այն բանի, որ դեկտեմբերի 31-ի կեսգիշերին հնարավորինս ճոխ սեղան լինի տանը։ Ու ջհանդամ, որ ամեն մի ընկույզն ու կաղինը հաշված են, ամեն մի երշիկի կտորն ու «բլինչիկը» զուտ ցուցադրելու համար են։ Կարեւորը, որ կա։ Էլ չասած պարտադիր նախապայման հանդիսացող ատրիբուտների մասին՝ անանաս, խոզի բուդ։ Նույնն է նաեւ այս դեպքում, պարզապես մի քիչ քաղաքական փաթեթավորմամբ։ Առանց հետ նայելու, թե կարո՞ղ է արդյոք մարդը տեղ ունենալ ԱԺ-ում եւ եթե ունենա, ինչ պետք է անի, առանց հաշվելու սեփական հնարավորությունները կամ ընտրվելու ապագայում անելիքները, բոլորն առաջադրվում են, բոլորը ռեյտինգային են վազում ու հատկապես «ՔՊ»-ի բաղձալի ցանկով, եթե բախտները բերում է՝ իրենց ընկերական-բարեկամական եւ այլ կապերը որպես խոզի բուդ ցուցադրելով, իսկ եթե ոչ՝ մյուս քաղաքական ուժերի ցանկերով։



Մինչդեռ կա մի պարզ հարց, որին պետք է ամեն մի թեկնածու պատասխանի՝ ինչի՞ է պատրաստ ինքը հանուն երկրի, որի պատգամավորն է դառնում։ Ենթադրենք, քաղաքացի ոմն Պողոս Պողոսյան անցավ ռեյտինգայինով եւ բազմեց ԱԺ 105 բազկաթոռներից մեկին։ Հետո՞։ Առջեւում 2020 թվականն է, երբ լրանում է Հայաստանի արտաքին պարտքի խոշոր բաղադրիչներից մեկի 7-ամյա վերջնաժամկետը, եւ արտաքին պարտքի սպասարկումը կարող է չափազանց մեծ ռեսուրսներ վերցնել պետությունից։ Ու հանուն դրա, օրինակ կառավարությունը, նույնիսկ Փաշինյանի գլխավորությամբ, գնալու է լրջագույն զիջումների։ Պատրա՞ստ է արդյոք Պողոս Պողոսյանը քվեարկել այդ զիջումների օգտին, եթե նրա խմբակցությունը կողմ քվեարկի, կամ նույնիսկ եթե նա անկախ պատգամավոր է եւ եթե դեմ քվեարկի, կարժանանա՞ ընտրազանգվածի քննադատությանը։ Կամ, ենթադրենք, ընտրություններից հետո Բոլթոնի ասած «ղարաբաղյան հարցում վճռական նախաձեռնության» օրերն են գալիս, եւ ԱԺ է բերվում Ադրբեջանի հետ հաշտության միջանկյալ համաձայնագրի տեքստ, որը, ըստ Մադրիդյան սկզբունքների, ենթադրում է գոնե 2 շրջանի հանձնում։ Պողոս Պողոսյանն ի՞նչ պետք է անի։ Պատրա՞ստ է գալիք սերունդների նզովքին արժանանալ եւ կողմ քվեարկել, օրինակ, Փաշինյանի հորդորին անսալով, թե՞ ոչ։ Ի՞նչ է ստացվում․ որ իրականում պատմության եւ սերունդների անեծքից խուսափում են նրանք, ովքեր չեն մասնակցելու ընտրություններին։



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**