Օլիգարխիան այսօր 2 ճանապարհ ունի՝ կա՛մ ինտեգրվել Հայաստանի տնտեսությանը, կա՛մ միջազգային մաֆիային

Օլիգարխիան այսօր 2 ճանապարհ ունի՝ կա՛մ ինտեգրվել Հայաստանի տնտեսությանը, կա՛մ միջազգային մաֆիային
_Հարցազրույց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար __**Սմբատ Կարախանյանի**__ հետ_



**- Հայաստանի տնտեսության վիճակի վերաբերյալ մռայլ թվեր են ներկայացվում՝ տնտեսական անկում, ներդրումների պակաս, ՊԵԿ նախագահն է հոռետեսական սցենարներ նկարագրում՝ ասելով, որ եթե առաջիկայում տնտեսության զարգացման տեսլականը չլինի, ապա կասկածներ ունի, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլ նաեւ ռեգրեսի կգնա։ Մինչդեռ հիշում ենք, որ հեղափոխության օրերին հայտարարվում էր, որ հազարավոր մարդիկ մեծածավալ ներդրումների խոստումներ են տվել։**



-Իրավիճակը ո՛չ կտրուկ, բայց փոփոխվել է, եւ տրամադրությունները, որ կային վարչապետի ու կառավարության մոտ։ Մի քիչ թյուր պատկերացումներ կային այդ ներդրումների հետ կապված, ինչու՝ որովհետեւ նման ձեւով ներդրումներ չեն լինում։ Թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ կար հստակ պայմանավորվածություն եւ, առհասարակ, արտաքին աշխարհի հետ, որն այսօր հստակ ծրագիր է պահանջում․ որ ի՞նչ ենք անում, ի՞նչ քաղաքական ու տնտեսական կոնցեպտով, օրինակ՝ ռազմարդյունաբերությո՞ւն, թե՞ ինչ, հետագա քայլերն ինչպե՞ս ենք շարունակում, բայց այսօրվա դրությամբ կառավարության կողմից հստակ ծրագրեր եւ մեծ ենթակառուցվածքային ապահովում՝ մեծ եւ լուրջ ներդրումների համար, չկա՛ն, չե՛ն ներկայացվում։ Ըստ այդմ էլ՝ արտաքին խաղացողները՝ ֆինանսական եւ ուժային, այս հարցում շատ սառն ու վատ են տրամադրված՝ հասկանալով, որ չկա հստակ ծրագիր։ Գոնե Ռուսաստանի մասով կարող եմ ասել, որ հնարավոր են այդ ներդրումները, այսինքն՝ գումարներ, որոնք Հայաստանի համար էական են ու կարող են ինչ-որ սկզբունքային հարցեր լուծել տնտեսության համար։



**- Բայց չէ՞ որ Ռուսաստանն ինքը փող չունի։**



-Ռուսաստանը փող ունի, դրանք հեքիաթներ են, որ չունի, որ տնտեսությունն այսօր-վաղը ու վաղը չէ մյուս օրն է, երեւի արդեն 1․5-2 տարի շարունակ ամեն եռամսյակ լսում ենք՝ որպես գրանտային քարոզչություն։ Կրկնում եմ՝ քանի որ թե՛ ՌԴ-ի ու թե՛ ԱՄՆ-ի հետ այդ պայմանավորվածությունները կան, պետք չէ, որ Հայաստանի նման երկիրը, որը մեծ տնտեսություն չունի, տրվի նման հեքիաթների։ Այն գումարները, որոնք ՀՀ տնտեսության զարգացման համար սկզբունքային նշանակություն կունենան, ՌԴ-ն ունի եւ կարող է տալ, բայց ՌԴ-ն պետք է հասկանա՝ ո՞ւր է տալիս, ի՞նչ ծրագրերի համար։ Եվ հասկանա ծրագրերը ավելի երկարատեւ համագործակցության կոնտեքստում։ Սա պետք է լինի համատեղ, համալիր՝ տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական։ Եվ ՌԴ-ից, չմոռանանք, որ կարող են գալ ոչ միայն շատ մեծ ներդրումներ, այլեւ ռազմարդյունաբերական համալիրում կան շատ բարձր տեխնոլոգիաներ, որոնք այսօրվա դրությամբ որոշ հարցերում ու որոշ ուղղություններով նույնիսկ առաջ են արեւմտյան եւ ամերիկյան տեխնոլոգիաներից։



Մի խոսքով՝ էս ծրագրերը չկան, էս քաղաքականությունը չկա, էս կոնցեպտը չկա ու էս աշխատանքը Ռուսաստանի հետ չկա․ ոնց որ առաջ, այնպես էլ շարունակվում է։ Խոստանում էին, ասում էին՝ երեք ամիս, 100 օր հետո, 6 ամիս, 100 օրն էլ անցավ, 6 ամիսն էլ անցավ։



**- Ի՞նչն է պատճառը, որ չկա՝ չե՞ն անում, չե՞ն ուզում։**



-Դժվար է ասել… չգիտեմ… կարելի է մտածել՝ չեն կարողանում, չգիտեն ինչ անեն, ասեն, չեն ուզում ինչ-որ մեկին նեղացնեն, որովհետեւ կային նախահեղափոխական այդ բուռն խոստումները, այդ մեծ-մեծ խոսելը, հետո այդ 180 աստիճան շրջադարձերը՝ ձախ, աջ՝ անընդհատ փոխվող իրավիճակին համընթաց։ Սա՝ մեկ շատ հստակ պատճառ։ Երկրորդը․ այդքան էլ սկզբունքային չէ, բայց նույնպես պատճառ է, եւ դա այն է, որ Հայաստանի ներքին շուկայում ներդրումներ գոյություն չունեն։ Բնական է, որ արտաքին խաղացողներն ասում են, որ ինչո՞ւ Հայաստանում, դե հիմա օլիգարխներ չկան, մեծահարուստները կապիտալն ինչո՞ւ չեն սկզբունքային ու երկարաժամկետ ներդրումներ անում արդյունաբերության, արտադրության, բարձր տեխնոլոգիաների մեջ։ Չեն անում, չկա, դրսում սա չեն տեսնում, չի ներկայացվում, նման ծրագրերի պրեզենտացիաներ չկան։ Նախկինում մենք սա տեսել ենք։ Իհարկե, հայաստանյան տնտեսությունն օֆշորային էր, բայց ինչ-որ մի հետադարձ շրջապտույտով մտնում էր երկիր ու դուրս էր գալիս։ Եվ, իհարկե, նախկինում այն պրոբլեմը կար, որ այդ գումարների շատ քիչ մասն է եղել իրականության մեջ․ դրանց մեծ մասը եղել է ֆինանսական շրջապտույտի մի օղակը, մի մասը՝ փողերի լվացման, մի մասը՝ բազմաքայլանոց մի ինչ-որ պրոյեկտի մի ինչ-որ օղակ։ Օրինակ՝ 6-7 քայլանոց ծրագիր, որի 4-րդ քայլը, ենթադրենք՝ Հայաստան մտնել-դուրս գալն էր։ Բայց հիմա դա էլ չկա, կանգնեց։ Այնպես որ, դուրսը հիմա սպասողական դիրք է գրավել։



**- Բա սփյուռքահայերի ոգեւորված տրամադրությունների հետ ի՞նչ կատարվեց։**



-Ենթադրենք՝ վարչապետը եկավ, Մոսկվայում հանդիպեց 50, 100 գործարարների հետ, թող լինի 1000, 1500։ Բայց շարժ չկա։ Մանր ինչ-որ բաներ կան, բայց ո՛չ ինչ-որ շոշափելի, որովհետեւ դա էլ էր սխալ մոտեցում՝ պոպուլիզմի, քարոզչության հնչերանգներով գալ, հավաքել, ժամերով խոսել, լավ, հասկացանք… Ինչ վերաբերում է սփյուռքի ոգեւորությանը․ ոգեւորությունը՝ ոգեւորություն, բայց իրենք այսօրվա դրությամբ պետք է նայեն իրենց կառավարություններին, իշխանություններին, որ նրանցից ազդակներ ստանան։ Ու ասեմ, որ շատերն ուզում էլ են, բայց չեն ստանում նման ազդակներ։ Ու այսօրվա դրությամբ Հայաստանից հետո հեղափոխության նորագույն պատմության իրավիճակն այնպես է, որ մինչեւ պետություններն ամենաբարձր մակարդակներով չտան այդ ազդակները, որ պետք է ներդրումներ արվեն, ոչ մի լուրջ ներդրում չի լինի ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից։



**- Պարոն Կարախանյան, այս պայմաններում երկրից կապիտալի արտահոսք սպասո՞ւմ եք:**



-Ինչքան եղել է, եղել է արդեն, որովհետեւ հիմա արդեն համապատասխան կառույցները հետեւում են այդ ամենին։ Եվ օլիգարխիան, որին հիմա անվանում են խոշոր սեփականատերեր, մի առիթով էլ եմ ասել՝ այսօր 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ ինտեգրվել Հայաստանի տնտեսությանը, կա՛մ միջազգային մաֆիաներին։ Վերջին դեպքում իրենց համար դժբախտությունն այն է, որ իրենց դրսում չեն սպասում:



**Անի ՊԵՏՐՈՍՅԱՆ**