«Սփյուռքյան պալատի» տեսլականը

«Սփյուռքյան պալատի» տեսլականը

Երևանում անցկացվեց «Ապագա Հայկակականը» քաղաքացիական նախաձեռնության համաժողովը: Կազմակերպված մի շարք մեր հայրենակիցների կողմից. Ռիչարդ Ազարնիա (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյան (Հայաստան), Նուբար Աֆեյան (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյան (նախկինում՝ Ռուսաստան)։ Այս անձինք ոչ միայն հաջողակ գործարարներ են, այլև ողջ աշխարհին հայտնի իրենց մարդասիրական գործունեությամբ: Թե ինչ արդյունքների այն կհանգեցնի քաղաքացիական այս համաժողովը՝ կերևա ավելի ուշ: Բացի, իհարկե, զուտ միմյանց հետ ծանոթանալուց, շփումների ու քննարկումներից: Բայց որ նման համաժողով է անցկացվում Հայաստանում Փաշինյան Նիկոլի վարչապետության պայմաններում՝ արդեն որոշակի արդյունք է: Որովհետև ապագայի պատմաբանները՝ հուսով եմ՝ հայաստանյան, կարձանագրեն այն հանգամանքը, որ հասարակությունը պառակտելու ցեցի սերմացման և ակտիվացման պայմաններում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ նման միջոցառում: 

Իսկ իմ սերունդը լավ էլ հիշում է, որ նման միջոցառումներ անց էին կացվում նախկինների ժամանակ: Եվ, ի տարբերություն այս օրերին անցկացվողի, դրանք կազմակերպվում էին ոչ թե անհատների՝ որքան էլ դրանք լինեն հանրահայտ, այլ հենց գործող իշխանությունների կողմից: Մեկ-երկուսն էլ, եթե չեմ սխսլվում, հենց վարչապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ: Դա բնական էր, քանի որ նախկինների կողմից գիտակցվում էր համահայկական՝ մարդկային, կապիտալ և այլ ռեսուրսների միավորման անհրաժեշտությունը մեր հայրենիքի առաջընթացն ապահովելու տեսակետից: Ժամանակին նույնիսկ փորձ արվեց ստեղծելու միասնական համահայկական ցանց, բայց այն ինչ-ինչ պատճառներով կյանքի չկոչվեց: Դա այն է, ինչ բացարձակ անտեսված է հայաստանցիների երբեմնի «փրկիչ» Նիկոլի կողմից: Ավելացնեմ, որ ես էլ, որպես լրագրող, մասնակցել եմ մեկ-երկու նման միջոցառման:  

Ընդհանուր այս դիտարկումից անցում կատարեմ մի հարցի, որը մի ժամանակ բացարձակ չէի ընդունում, իսկ այժմ ավելի քան կողմ եմ: Ինչպես նախկինների օրոք կազմակերպված, այնպես էլ այս մեկում բարձրաձայվել է ՀՀ ազգային ժողովը երկպալատանի դարձնելու առաջարկը: Երկրորդ պալատը, բնականաբար, պետք է կազմված լինի զուտ սփյուռքահայերից: Այդ պալատը պայմանականորեն կոչենք «Սփյուռքյան պալատ»:Կարծում եմ, որ ոչ մի երկիր չունի հենց սփյուռքյան համայնքների ներկայացուցիչներից բաղկացած օրենսդրական մարմնի առանձին պալատ: Բայց գոյություն ունի ֆրանսիական Սենատի տարբերակը, և հայկականը կարող է հեռավոր նմանություն ունենալ հենց այդ մարմի հետ: Այն, ի դեպ, բաղկացած է մետրոպոլիան (մայր երկիրը), անդրծովյան առանձին տարածքները, Ֆրանսիական համակցությունը (անդրծովյան ենթադրաբար ավելի փոքր տարածքների միավորումը) և արտերկրում ապրող առանձին ֆրանսիացիների ներկայացնող անձանցից: 

Մոտեցանք նման պալատ ընդունելու կամ չընդունելու հարցին: Նախկինների օրոք դա չէի ընդունում զուտ պետական անվտանգության տեսակետից: Որովհետև հաշվի էի առնում ընդհանրական հայի առևտրային բնույթը և ենթադրում էի, որ առանձին համայնքներում շատ փող ծախսելու դեպքում մեր թշնամիններից ոմանց կհաջողվեր տեղ գրավել այդ պալատում: Այսօր ես կողմ եմ դրա ստեղծմանը, քանի որ Փաշինյան Նիկոլի հնգամյա վարչապետությունը դրսի թշնամիններից շատ ավելի վտանգավոր է մեր երկրի անվտանգության առումով: Այնպես որ, դրսեցիներն ինչ էլ անեն՝ ավելի մեծ վնաս չեն կարող հասցնել Հայաստանին, քան այն, ինչ արդեն հասցվել է: Եվ դեռևս շարունակվելու է այնքան ժամանակ, որքան կպահպանվի Նիկոլի իշխանությունը մեր երկրում:

Դա՝ մեկ, և երկրորդ. սփյուռքահայերից բաղկացած պալատի ստեղծումը գոնե ապագայի առումով կունենա մի շարք դրական կողմեր: Եթե, իհարկե, մեր երկիրն ունենա ապագա, բայց ոչ նիկոլական «ապագա կա ապագա»-ն: Հայաստանի խորհրդարանում կհնչի Սփյուռքի կարծիքը, կարտահայտվեն այլ առաջարկներ և խնդիրների լուծման տարբերակներ: Այլ ասելով նկատի ունեմ հայաստանյան համակեցության շրջանակից դուրս եկող: Ինչը, հաստատ, օգտակար կարող է լինել՝ հաշվի առնելով, որ մեր համակեցության արդյունք էին թե՛ նախկինները և թե՛ նրանց փոխարինած «ազգակործան պատուհասն» իր շրջապատով: Ինչ մնում է այդ արտահայտության չակերտավորմանը, ապա դա անում եմ հեղինակային իրավունքը պահպանելու նպատակով: Հաշվի առնելով, որ դրա հեղինակը ՀՀ առաջին նախագահն է, որի ազդեցության ներքո ձևավորվեց ընդդիմադիր գործիչ Նիկոլի՝ Արցախը որպես բեռ ընակալելու տեսակետը:

Երրորդ՝ խորհրդարանի երկրորդ պալատի ձևավորումը, ինչպես ասվեց, թույլ կտա ամրապնդել մայր հայրենիք-սփյուռք կապը, որ բավական աղճատվել է Նիկոլի հնգամյա վարչապետության շնորհիվ: Չորրորդ՝ թույլ կտա կատարել սփյուռքյան համայնքների, այսպես կոչված, ինվենտարիզացիան: Այսինքն, հաշվեգրել բոլոր համայնքները, դրանց ակտիվ և ոչ այնքան ակտիվ, սակայն իրենց աշխատանքում հաջողված անդամներին, նրանց մասնագիտությունն ու զբաղմունքը, ֆինանսական հնարավորությունները: Դա կարող է արվել հենց այդ համայնքներից ներկայացուցիչ ուղարկելու համատեքստում: Բնականաբար, պետք է մշակվեն չափանիշներ, թե համայնքի ինչ չափի դեպքում հնարավոր կլինի ներկայացուցիչ ուղարկելը: Իսկ համայնքների «չափագրումներն» էլ կծառայեն վերը նշված հարցերի պարզաբանմանը:

Հ. Գ. Գիտակցում եմ, որ Փաշինյան Նիկոլի վարչապետության պայմաններում դժվար թե ինչ-որ նորմալ բան ստացվի: Բայց նաև հուսով եմ, որ մի գեղեցիկ օր կազատվենք նրան իշխանությունից ու ձեռնամուխ կլինենք վերը նշված և բազմաթիվ այլ ծրագրերի իրականացմանը: