Սիրանուշ Զախարյան. Երկու անիվ

Սիրանուշ Զախարյան. Երկու անիվ

- Տղերք, էկեք էս էլ խմենք նվագողների կենացը, որ իրենք միշտ հավեսով նվագեն, մենք էլ հավեսով պարենք։
Տղերքն էլի խմեցին, նվագողներն էլի նվագեցին, ու Կարոն էլի հայտնվեց օդում՝ տղերքի ձեռքերի վրա։ Կարապետը կրում էր երջանկահիշատակ պապի անունը, ով զոհվել էր Երկրորդ աշխարհամարտում։ Կարոն պապի մասին միայն լսել էր ու լսելիս միշտ պատկերացրել էր Գեւորգ Մարզպետունուն։ Նրա համար պապը հերոս էր, ու աշխարհի միակ իսկական հերոսը պապն էր։ Պապից ոչ մի նկար չուներ, բայց մայրը միշտ պատմում էր, որ Կարոն շատ նման է պապին՝ սեւ գանգուր մազերով, խիտ հոնքերով, ներս ընկած աչքերով, թիկնեղությամբ, ու միակ արտաքին տարբերությունը բեղերն էին․ պապն ուներ, ինքը՝ չէ։

- Էս մեկն էլ՝ ծնողների կենացը։ Մայրս ուզում ա, որ քեֆ անելով գնամ, քեֆ անելով էլ գամ։ Մամ ջան, ցավդ տանեմ, չմտածես, տենց էլ լինելու ա։

Կարոյի ամեն բառի հետ Արմինեի սիրտը ճմլվում էր, գալարվում էր, ու, ինչպես միշտ, այս անգամ էլ բիբերի մոտից արցունքները հեռացնելով ու կոպերի տակ, թարթիչների արանքում կամ ավելի հեռվում՝ սրտում թաքցնելով, նա մայրական ամենատաք ձեռքերով որդուն իր գիրկն առավ ու մի բաժակ էլ ինքը խմեց։ Գիտեր` ինչքան ինքն է ամուր կանգնած սեփական հողի վրա, տասն այդքան էլ Կարոն է կպած իր հողին։ Նա իր մեծացրած որդու տեսակի վրա չէր կարող կասկած ունենալ, դրա համար էլ անհանգստության մայրական դողը բռնել էր սիրտը։ Տարիներ առաջ այս օրն էր, երբ Արմինեն հասկացավ, որ Կարոյի հայրը, ում մասին հիշատակումները միշտ լինում էին այդպես` պարզապես Կարոյի հայր, արտագնա աշխատանքներից չէր վերադառնալու։ Այդ օրը Կարոն հինգ տարեկան էր դառնում, ու մոմերը փչելիս պահած երազանքը հոր շուտ վերադարձի մասին էր, քանի որ մայր ու որդի արդեն երկու տարի էր, ինչ սպասում էին հայրիկին։ Այդ օրը մայր ու որդի մեծացան։ Այդ օրը մայր ու որդի հասկացան, որ հսկայական աշխարհում իրենք միայն իրար ունեն։ Ու հենց այդ օրվանից մայր ու որդի դարձան ամուր տուն, ամուր ընտանիք ու թույլ չտվեցին, որ որեւէ մեկը խղճահարությամբ նայի իրենց։ Այդ օրն էր, որ Կարոն գիտակցաբար դադարեց իր երազանքները կապել ուրիշների հետ։ Ինքն իրեն տված՝ այդ օրը երբեւէ չմոռանալու երդումն էր, որ քայլ առ քայլ նրան դարձրեց հստակ նպատակներ դնող ու սեփական ուժերով այդ նպատակների համար կռիվ տվող, այդ նպատակների հետքերով քայլող, հետ չնայող անհատ։ Դարձրեց չներող, երբ զգում էր, որ իր ներումը հարկավոր չէ։ Երեւի բոլորի կյանքում նմանատիպ հարված է լինում, որը ծնկի բերելու փոխարեն բարձրացնում է, թուլացնելու փոխարեն դոպինգ է դառնում, տապալելու փոխարեն առաջ է մղում։ Պարզապես յուրաքանչյուրին այդ հարվածը տրվում է իր համար նախատեսված ժամանակում․ մեկին՝ հինգ տարեկանում, մյուսին՝ հիսուն։ Բայց, հավանաբար, որքան՝ շուտ, այնքան՝ լավ։

Ո՛չ երաժշտությունը, ո՛չ գինին Արմինեին չէին կարողանում մասնակից դարձնել որդու, ընկերների ու հյուրերի ծիծաղին․ նա ոչ մի հայացք չէր նկատում։ Նրան չէին անհանգստացնում իրեն ուղղված խղճմտանքով լի աչքերը, նրան չէր հուզում որդուց թաքուն վերցրած այն պարտքը, որը որդու այս պահի երջանիկ աչքերի, պարի ու ընկերովի սեր-ուրախություն վայելելու համար էր։

… Էլի պարահրապարակ, էլի կենտրոնում՝ ինքը, միայն թե կողքին մոր փոխարեն կինն է՝ Ադին՝ իր լույսը, իր ստվերը, իր ապրելու միակ իմաստը։ Փորձում էր վերապրել ոչ այնքան հեռվում՝ ընդամենը երեք տարվա ծրարում պահած հիշողությունները, որոնց կարոտը նման էր անապատի ծարավին՝ անհույս ու խեղդող։ Այդ կարոտից Կարոյի կեղեքված սիրտը տակնուվրա էր լինում։ Ինքն ու մայրը, որ իրենք են եղել իրենց կյանքի անիվները, հիմա բաժան են։ Որդու վիրավորվելու մասին լուրը թեւաթափ էր արել պայքարող Արմինեին, ով մեկ տարի օրուգիշեր աշխատել էր, փակել էր սեր-ուրախության պարտքն ու պատրաստվում էր նոր ուրախության՝ Կարոյի վերադարձին։ Դառնացած սիրտը որոշել էր որդու վերադարձին անհագուրդ տրվել ցնծությանն ու չխնայել ոչ մի ժպիտ եւ ոչ մի արցունք։ Բայց անթափանց մառախուղը մտել էր նրա սիրտը, նրա շուրջբոլորը, իր բախտակից կանանց ու տղամարդկանց կուրացրել եւ խլել էր վաղվա օրվա հավատը։ Խլել էր ու Արմինեին բարձրացրել վերեւ՝ այնտեղից հսկելու որդու լուսաբացներն ու վերմակի փոխարեն սիրո շղարշով ծածկելու իր Կարոյին։

… Պարահրապարակում էլի պարում էին, բայց երեւի միայն Կարոն էր նկատում, որ մարդիկ իրար չնեղացնելու ու ապրեցնելու համար են շարժում անուժ ձեռքերը։ Նվագողներն էլի նվագում էին, բայց երեւի միայն Կարոն էր նկատում, որ առաջվա հավեսը փոխարինվել էր պարտաճանաչ աշխատանքով։ Բաժակներն էլի զրնգում էին, բայց Կարոն այլեւս օդում չէր հայտնվում․ իրեն օդ բարձրացնող տղերքից երկուսը չկային։ Տարօրինա՞կ էր, թե՞ արդեն սովորական էր դարձել այն զգացողությունը, որն ամեն օր ցանկացած իրավիճակում պատում էր Կարոյի սիրտը․ նա իր շողքի պես քարշ էր տալիս ականների պայթյուններն ու աջուձախ ընկած ոտքերի պատկերը։

Հիմա, երբ իր ոտքերի փոխարեն անիվներն են փորձում պարել, իսկ ինքը, ձեռքերը բռունցք արած, պարային կոչերով ապացուցում է առաջինն իրեն, հետո՝ աշխարհին, որ ամեն ինչ հիասքանչ է, որ բաժակները միշտ են լցվելու, որ նվագողները միշտ են նվագելու, ու որ պարողները պարելու են՝ անկախ նրանից, որ հոգին մարմնից ծանր է, ու անկախ նրանից՝ ոտքերն են պարում, թե անիվները, այ, հենց հիմա է հասկանում մոր խոսքերի իմաստը՝ հեծանիվին առնվազն երկու անիվ է պետք՝ ժամանակին շարժվելու ու ժամանակին կանգնելու համար։ Հիմա է հասկանում, որ մարդու եւ մոլորակի միջեւ հենակետն ամենեւին էլ զույգ ոտքերը չեն, որ անգամ չորս ոտքով գետնին կանգնած ցուլը կարող է տապալվել մարդկային ագահությունից, որ անգամ հսկայական կետը, որը, ոտքեր չունենալով, խժռում է ահռելի քանակով մսաբաժին, կարող է ինքը վերածվել մսաբաժնի՝ մարդկային հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Հիմա է հասկանում, որ մարդը մոլորակին կպած է միայն սիրով՝ մարդկային սիրով, ու երբ վերանում կամ վերանալու վտանգով է պարուրվում միակ սերն ու սիրո աղբյուրը, վերանում է նաեւ մարդու եւ մոլորակի միջեւ ձգողականությունը։
Ու որքան ուզում ես շուն ու կատու պահիր, ծառ ու ծաղիկ սիրիր, եթե մարդկային սեր չունեցար, էլ ինչո՞վ պիտի առաջ գնաս։ Այդ սերը կորցնելու վախն էր, որ Արմինեին վերեւ էր բարձրացրել, ու նա հրեշտակի նման պահպանում էր որդու կապը մոլորակի հետ։ Արմինեի մահվան օրն էր, որ Կարոն ծանոթացել էր Ադիի հետ։

Պարահրապարակում անվասայլակի վրա նստած եւ բռունցքները վեր պարզած Կարոն երբեւէ չէր մտածել այն մասին, որ դժվարություններն իրեն փիլիսոփա կդարձնեն։ Չէր պատկերացրել, որ ինքն էլ կհասկանա, որ տարիները մարդկանց սովորեցնում են լսել ու լսելուց հետո ընկալել օդում չհնչածը, սովորեցնում են տեսնել ու տեսնելուց հետո նկատել չերեւացողը։ Մեկը՝ մի քիչ շուտ, մյուսը՝ մի քիչ ուշ, միայն թե Կարոյի դեպքում տարիները խտացված էին մատուցում դառնության չափաբաժինը։ Նրա միակ մտահոգությունն այն էր, որ գոնե որդին, ով երեք ամսից ծնվելու էր, միշտ ունենա երկրորդ անիվը՝ ծնողի, երեխայի, մտերիմ ընկերոջ, հարազատի, սիրած աղջկա կամ մարդու կերպարանքով ցանկացած մեկի սիրո տեսքով։

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ