Դաշնակցության մանիպուլյացիան

Դաշնակցության մանիպուլյացիան
ՀՅԴ Արցախի կառույցի [«Ապառաժ»](https://aparaj.am/new/%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6-%D5%B4%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%AB%D5%B7%D5%A5%D5%B6-%D6%87) պաշտոնաթերթը ծանուցում է, որ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն եւ Ավդուռ համայնքներում, որոնց ընթացքում «ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաեւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները»:



Արցախում, կարելի է ասել, տրված է 2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկը: Օրերս ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն առաջադրելու է նախագահի իր թեկնածուին, հարցը կկոնկրետացվի գալիք տարի նախատեսվող համագումարում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ թեկնածուն կլինի կուսակցության առաաջնորդ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Շատ հավանական է, որ առաջիկա ամիսներին նախագահական ընտրություններին մասնակցության հայտ կներկայացնեն նաեւ այլ ուժեր, խմբավորումներ կամ առանձին անհատներ: Այս իմաստով ՀՅԴ տեղական կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանի հանդիպումներն ընտրողների հետ կարելի է ստուգողական համարել՝ Դաշնակցությունը, որ խորհրդարանի թափուր տեղի համար երկու՝ սեպտեմբերի 9-ի եւ հոկտեմբերի 7-ի ընտրություններում ցավալի պարտություններ է կրել, կարիք ունի պարեզելու, թե իրական ինչ վարկանիշային ռեսուրս ունի: Ըստ այդմ էլ կուսակցության Արցախի կառույցը կորոշի՝ առաջադրու՞մ է նախագահի սեփական թեկնածու, թե՞ ոչ:



Դավիթ Իշխանյանի հանդիպումների մասին տեղեկատվության մի՝ Արցախի միջազգային ճանաչման գործընթացում «ՀՅԴ ծավալած աշխատանքների» մասին առանձին շեշտադրումը վկայում է, որ Դաշնակցության տեղական կառույցը մտադիր է ապագա մարտավարությունը կառուցել հատկապես այդ թեզի վրա: Այսինքն՝ օգտագործել կուսակցության ցանցային ներկայացվածության պարագան եւ մրցակից այլ ուժերի նկատմամբ դա դարձնել առավելություն՝ ընտրազանգվածի մոտ տեսակետ ձեւավորելու, թե Արցախի քաղաքական դաշտում ինքը միակն է, որ մասնակցում է նրա միջազգային ճանաչման գործընթացին եւ հանդիսանում առանցքային դերակատար: Գաղտնիք չէ, որ այս կամ այն երկրի խորհրդարանի որեւէ ներկայացուցչի այցն Արցախ հիմնականում կազմակերպվոում է Սփյուռքի լոբբիստական կառույցների միջոցով: Եւ քանի որ Սփյուռքի ամենաազդեցիկ ուժը Դաշնակցությունն է, նման դեպքերում հիմնական տպավորությունն այն է լինում, որ ՀՅԴ -ն արտերկրում նախաձեռնել է Արցախի միջազգային ճանաչման գործընթաց: Ահա այս տպավորությունն է, որ ընտրողներին, ամենայն հավանականությամբ, որպես քաղաքական իրողություն է ներկայացրել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:



Իրականում գործ ունենք շարքային մանիպուլյացիայի հետ: Նախ՝ որեւէ երկրի, դիցուք՝ Բելգիայի, խորհրդարանի մեկ պատգամավորի այցն Արցախ չի ենթադրում այդ երկրի կողմից Արցախի անկախության նույնիսկ դե-ֆակտո ճանաչում կամ այդ ուղղությամբ ինչ-որ հետեւանքային գործընթացի անգամ մեկնարկ: Երկրորդ՝ նման այցելությունները նախապատրաստվում են ոչ միայն ՀՅԴ տեղական կառույցնեերի ջանքերով: Ի վերջո, դիվանագիատական-լոբբիստական այդ աշխատանքները մեծամասամ հրապարակման ենթակա չեն՝ հասկանալի պատճառներով: Եւ անթույլատրելի է ուրիշների պարտաճանաչ լռակյացությունը շահագործել եւ ամեն ինչ վերագրել Դաշնակցությանը: Խնդիրը չափազանց նուրբ է եւ չի կարելի այն ենթարկեցնել քաղաքական կոնյունկտուրային: ՀՅԴ-ն Արցախում 2007 թվականի նախագահական ընտրություններից առայսօր իշխանության մաս է եւ հավասարապես պատասխանատու է ամեն ինչի համար: