Ավտորիտար գոտու մեջ ժողովրդավարական օազիսներ չեն լինում

Ավտորիտար գոտու մեջ ժողովրդավարական օազիսներ չեն լինում
Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում ավտորիտարիզմը իսկապես խորացել է, քանի որ ժողովրդավարական երկրներում իշխանական կուսակցությունը 80% և ավելի ձայներ չի տանում, դա ուղղակի բացառվում է: Դա ցույց է տալիս, որ Հայաստանում այդպես էլ այս 27 տարիների ընթացքում չձևավորվեց բազմակուսակցական քաղաքական համակարգ: Հայաստանում եղել է ու կլինի իշխանական ուժ և ինչ որ օդիոզ մարդկանց շուրջը հավաքված խմբակներ, որոնք, չգիտես ինչու, իրենց քաղաքական կուսակցություններ են կոչում: Այդ խմբակները սովորաբար ինչ որ քաղաքական գործընթացների իմիտացիա անելով, առևտրի մեջ են մտնում իշխանական ուժի հետ` նրանց կողքին լինելու և հասարակության մեջ արտոնյալ կարգավիճակ ունենալու համար: Իսկ եթե նույնիսկ ազնվորեն ընդդիմադիր կեցվածք են ընդունում, ապա ոչ մի շանս չեն ունենում իսկապես ազդելու ներհայաստանյան գործընթացների վրա:



Այն մարդիկ, որոնք կհակադարձեն ինձ, պնդելով որ այս անգամ իշխանությունը ընտրությունները չի կեղծել ու արդար պայքարով է հաղթել, պետք է իմանան, որ ազատ ու արդար ընտրությունները միայն ընտրակաշառք չբաժանելով կամ լցոնումներ չանելով չեն պայմանավորված, արդար ընտրությունների համար նախ արդար պետակա համակարգ պիտի ստեղծվի, որտեղ մարդիկ իսկապես օժտված կլինեն քաղաքացիական բոլոր իրավունքներով, որտեղ օրենքի առջև հավասար կլինեն բոլորը, որտեղ չի լինի մեկի կողմից մյուսի վայրենի շահագործում, որտեղ չի լինի այսպիսի աղքատություն և այս աստիճանի սոցիալական բևեռացվածություն, որտեղ իշխանավորները չեն խաբի երկրի բնակչությանը ու չեն զոմբիացնի նրանց, իսկ հակառակ կարծիքի տեր մարդկանց չեն լռեցնի ու հալածի:



Կարճ ասած, արդեն տարիներ շարունակ ասում եմ, հիմա նույնպես կկրկնվեմ, որ քանի դեռ փոքրիկ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից ստեղծված ավտորիտար գոտու մեջ, պետք չի ինչ որ հույսեր տածել, որ Հայաստանում կունենանք իսկապես ժողովրդի իշխանություն և ազատ ու արդար ընտրություններ, քանի որ քաղաքագիտական աքսիոմ գոյություն ունի, համաձայն որի ավտորիտար գոտու մեջ ժողովրդավարական օազիսներ չեն լինում:



**Թորոս Ալեքսանյան**