Մոռացված կինոթատրոնները նոր շունչ կստանան

Մոռացված կինոթատրոնները նոր շունչ կստանան
«Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի հետաքրքիր անակնկալ ունի կինոյի այն սիրահարների համար, ովքեր նախընտրում են կինո դիտել մեծ էկրանին։ Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին եւ ոչ միայն հիշեցնել: Այս անգամ «Սոսե»-ն կանդրադառնա Երեւանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» եւ Դիլիջանի չգործող կինոթատրոններին։



«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչնեը կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում եւ տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։ Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո՝ սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի (ՌԴ) «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ եւս։ Իսկ սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի այս կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կինոցուցադրություններ կլինեն։



«Սոսե» միջազգային կինոփառատոնի այս նախաձեռնությունը մշակութային հեղափոխության յուրօրինակ դրսեւորում է, արժեքների վերագնահատում եւ հաստատում։ Կինոփառատոնի կազմակերպիչները վստահ են, որ սա լավ հնարավորություն է ոչ միայն կինոթատրոններին նոր կյանք տալու եւ կինոն վերադարձնելու մեծ էկրան, այլեւ զարկ տալու կինոարտադրությանը։ Սա նաեւ կնպաստի մարզերում մշակութային կյանքը քիչ թե շատ ակտիվացնելուն։



5 տարիների ընթացքում փառատոնը մեծ արդյունքների է հասել։ Եթե տարիներ առաջ փառատոնը մեկնարկեց հայ հեղինակների ընդամենը 8 ֆիլմով, ապա այս տարի արդեն «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկրի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրան, Ռուսաստան, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Նոր Զելանդիա) 742 հեղինակ, մրցութային փուլ է անցել 174 ֆիլմ։ «Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնին կներկայացվեն նաեւ հեղինակավոր կինոփառատոնների ներկայացված եւ մրցանակների արժանացած ֆիլմեր։ Կինոփառատոնը կանդրադառնա նաեւ Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին։ Սարոյանական օրերը կանցկացվեն «Ըստ Սարոյանի» խորագրով։