Ընտրությունների արդյունքները՝ որպես օգտակար քաղաքական դաս

Ընտրությունների արդյունքները՝ որպես օգտակար քաղաքական դաս
Ընդամենը 3 օր առաջ են ավարտվել Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունները, եւ մասնակից քաղաքական-հասարակական ուժերը պաշտոնապես դեռ չեն ամփոփել ու գնահատել դրանց արդյունքները: Օգտվելով ստեղծված վակուումից՝ ավելորդ չեմ համարում ներկայացնել ձեւավորված նախնական տպավորություններս եւ հասարակական-քաղաքական կյանքի ընկալումների վրա ապագայում դրանց հնարավոր ազդեցության դասերը:



1. Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մասնավորապես՝ Երեւան քաղաքի ընտրողը, 27 մղձավանջային տարիներ անց հնարավորություն ունեցավ մասնակցել ազատ, թափանցիկ եւ առանց ընտրակեղծիքների օրինակելի ընտրությունների, որի արդյունքների արժանահավատությունը որեւէ կասկածի կամ անվստահության տեղ չի թողնում: Այն նոր ոսկե էջ է մեր երկրի պետականության կայացման ու Սահմանադրությամբ ամրագրված իրավահարաբերությունների պահպանման պատմության նկարագրում:



2. Հանրահավաքներում «Քաղպայմանագրի» նկատմամբ ժողովրդի բազմամարդ մասնակցությամբ վստահության արտահայտումն առաջին անգամ, գոնե Երեւան քաղաքում, դրսեւորվեց արդեն ընտրությունների միջոցով տրված քվեների քանակով:



3. Առանց ավանդական դարձած զանգվածային ընտրակաշառքի առկայության ընտրողների մասնակցության նման թվաքանակը «Քաղպայմանագրի» նկատմամբ ժողովրդի անվերապահ վստահության եւ հեղափոխության շարունակականության ուղուն հավատարիմ մնալու եւս մեկ վկայություն է:



4. Փշրվեցին նախկին իշխանության փայփայած հույսերը, որ ժամանակն աշխատում է «Քաղպայմանագրի» եւ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության դեմ: Եվ սա այն դեպքում, երբ «Քաղպայմանագրի» քաղաքապետի թեկնածուն հասարակության կողմից չի ընկալվել որպես քաղաքական հայտնի շրջանակների կամ պետական ծառայության ոլորտի բազմամյա եւ ընդգծված ներկայացուցիչ:



5. Ընտրությունների արդյունքները փաստեցին, որ ՀՀ Ազգային ժողովը չի արտահայտում երկրում ձեւավորված ներկայիս հասարակական պահանջը եւ քաղաքական օրակարգի հրամայականն է օր առաջ նոր օրենսդիր մարմնի ձեւավորումը:



6. Արդյունքների վիճակագրությունը ի չիք դարձրեց բազմիցս շրջանառվող այն միֆը, թե «Քաղպայմանագիրը» եւ նրա հրավիրած հանրահավաքների բազմամարդությունը չեն արտահայտում հանրության ամբողջական կարծիքը, եւ այն ընդհանրացնելը տեղին չէ:



7. Ընտրությունները քաղաքացիներին ներարկեցին ինքնավստահության եւ արժանապատվության հսկայական եւս մի չափաբաժին, ինչը չի կարող էական ազդեցություն չունենալ մոտ ապագայում սպասվող համապետական ընտրություններում:



8. Ընտրությունների արդյունքները հաստատեցին, որ ժողովրդի հավաքական հիշողությունը չի մթագնում, եւ քարերը թափելու ու հավաքելու ժամանակների մասին հայտնի միտնը էապես վերաբերում է նաեւ ներկայիս քաղաքական կուսակցություններին եւ հայտնի առանձին գործիչներին:



9. Ակնհայտ դարձավ, որ հայտնի քաղաքական ուժերը մասսայական ընտրակաշառքի ու վարչական ռեսուրսի օգտագործման, թաղային «հեղինակությունների» ու կրիմինալ աշխարհի ահաբեկումների, իրավապահ մարմինների հանցավոր անգործության, երբեմն նաեւ՝ օժանդակության, ազգաբնակչության առանձին էթնիկ մոնոխմբերի ուղղորդված միջամտության, ստեղծագործական բազմաթիվ ու բազմապիսի միավորումների կեղծ ու ոչինչ չարժեցող աջակցության եւ, վերջապես՝ ընտրությունների արդյունքների «մանրանկարչության» եւ «սրբագրման» բացակայության պայմաններում բոլորովին սնանկ են եւ անարդյունավետ, իսկ ոմանց չօգնեցին նույնիսկ առանձին հեռուստաալիքների տնօրինումը, դրանցով ցուցադրվող շուրջօրյա քաղաքական գովազդն ու մեծարումը:



10. Թերեւս առաջին անգամ է, որ ներկայացված քաղաքական ուժերին հասարակությունը գնահատեց ըստ արժանվույն, եւ վերջիններիս համար գրանցված դառը, սակայն իրական արդյունքները չեն խոչընդոտի դժկամությամբ, բայց արժանին մատուցել «Քաղպայմանագրին»: Առողջ վերլուծությունն ու ճիշտ դասեր քաղելը մեծապես կօգնեն նրանց հետագա ընտրություններին ներկայանալ նոր մոտեցումներով եւ նոր մարդկային դեմքերով, ինչը բովանդակային որակ կհաղորդի ներկայիս քաղաքական ներկապնակին:



11. Միջազգային հանրությունն էլ համոզվեց, որ «Քաղպայմանագիրը» շարունակում է վայելել ժողովրդի տոտալ վստահությունը: Սա հատկապես կարեւոր է նրանով, որ վերջին օրերին «նախկինները» հաճախ են թակում միջազգային տարբեր կառույցների դռները՝ տարբեր ամբիոններից հայտարարելով գործող իշխանությունների կողմից ժողովրդավարության եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի աներեւակայելի խախտումների մասին:



Երեւանի ավագանու ընտրությունները ընթացիկ քաղաքական իրավիճակի վճռորոշ հանգրվաններից մեկում, ըստ էության, ակամայից վերածվեցին «Քաղպայմանագրի» նկատմամբ վստահության հանրաքվեի, որի վերջնական արդյունքների սպասումները շատ ավելին էին, քան Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Նախկին իշխանություններն անհամբեր սպասում էին պաշտոնական արդյունքների վիճակագրության հրապարակմանը, որ կոկորդ պատռելով համոզեին, թե հեղափոխության գործընթացը գրանցել է ռեգրես, եւ որ այն շարունակական է եւ կավարտվի ԱԺ ընտրություններով: Այս «լավատեսությունն» էլ իր հերթին պետք է կոնսոլիդացներ հակահեղափոխականներին ու ռեւանշիստներին՝ լինել միասնական եւ գործել անմնացորդ: Այն նաեւ պետք է համոզեր արտաքին ուժերին, որ իրենք ներսում անում են հնարավորինը, եւ համապատասխան արտաքին աջակցության շարունակականության դեպքում իրենք կվերադառնան նախկին բարի ժամանակներին:



Վարչապետի կողմից ներքաղաքական տարբեր իրավիճակներում մտրակի եւ բլիթի քաղաքականության կիրառումը հաճախ արժանանում է քաղաքական հակառակորդների կոշտ եւ չհիմնավորված արձագանքին, սակայն դրա համար հիմք է հանդիսանում ժողովրդի կողմից ունեցած վստահությունը, ինչն էլ ավելի բազմապատկվեց վերջին ընտրություններից հետո:



**Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ**