Ապրե՜ս, Հայկո․․․

Ապրե՜ս, Հայկո․․․
Մայրը կանչում է.



-Սագե՛ր, սագե՛ր, տո՛ւն եկեք։



-Ինչի՞ համար։



-Գայլը սարի հետեւն է։



-Մեզ ի՞նչ կանի։



-Ձեզ կուտի։



-Ի՞նչ գույնի է։



-Սև, սպիտակ, մոխրագույն… դե շուտ վազեք դեպի տուն…



Քաղաքական կյանքը դարձել է այսօրինակ պարզ։ Ասես մենք մանուկներ լինենք և մեզ քաղաքական գործիչները կանչում են իրենց փետուրների տակ՝ դե շուտ վազեք դեպի տուն։ Ու մենք՝ բոլորս՝ թև- թևի տղած, թռվռալով վազում ենք մեր մոր մոտ՝ հանկա՜րծ չխաբվե՜նք գայլին, որը սարի հետևում է։



․․․ Եվ դեռ զայրանում ենք Հայկոյի վրա, թե ինչու՞ է ասել՝ « Մեր թմի դեմ խաղ չկա»։ Թմի դեմ․ այսպես ավելի տնավարի է։



Բա խաղու՞մ ենք, ի՜նչ ասի։ Ոգևորում է ընտրական մեծ թռիչքից առաջ՝ լայն պիտի բացենք մեր թևերը, բոլորս միասին պիտի թռչենք։ Ով չթռավ, կընկնի գայլի ձեռքը։ Ճռվողում ենք, չթռնողներին քաշքշում, հարվածում, ոտի տակ տալիս՝ թռի՜․․․ գայլը սարի հետևն է։



Ասում եք՝ Հայկոն հանրությանը սև ու սպիտակի է բաժանում։ Բա ի՞նչ անի, խա՜ղ է՝ սպիտակ սագեր, սև գայլեր։ Ազգովի այս խաղի մեջ ենք։ Ապրե՜ս, Հայկո․․․։



Ու եթե գտնվի մեկը, որ համոզի ինձ, որ սա իրականություն է, ու մենք չենք խաղում, ինձնից կխլի մանկությանս ոսկի փոշին։



-Գայլը սարի հետեւն է։



-Մեզ ի՞նչ կանի։



-Ձեզ կուտի։



Ո՜նց էինք փախչում գայլերից։ Դեռ մինչև հիմա ականջիս տակ սրտիս տկտկոցն է։



Հասմիկ Բաբաջանյան