Ժողովուրդը նոր երկիր է պահանջում․ նա տապալել է չարչիախոպանչիական էլիտայի իշխանությունը

Ժողովուրդը նոր երկիր է պահանջում․ նա տապալել է չարչիախոպանչիական էլիտայի իշխանությունը
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2015թ․ նոյեմբերի 25-ին կալանավորվեց«Բանդայի գործով», իսկ ապրիլյան հեղափոխությունից հետո, հունիսի 25-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց, նրա նկատմամբ կիրառվեց անձնական երաշխավորություն։ Վահան Շիրխանյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը։



**Վահան Շիրխանյանի** հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։



**-Այսօր, երբ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադարձի փորձեր է անում, ստիպված ենք հետադարձ հայացք նետել անցյալին։ Դուք 1999թ․ հոկտեմբերի 27-ից Ռոբերտ Քոչարյանի դեմ ամենաակտիվ պայքարողներից էիք, արծարծում էիք նրա պաշտոնանկության հարցը։ Իրադարձությունները, սակայն, ընթացան այլ հունով, նա մնաց իշխանության ղեկին, իսկ իր նշանակած վարչապետ Արամ Սարգսյանին ու նրա թիմին պաշտոնանկ արեց։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող երկրապահական թեւին չհաջողվեց այն ժամանակ հասնել նրա պաշտոնանկությանը։**



-Այս հարցը կիսենք։ Այսօր ես տեսնում եմ քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված նրա ջանքերը, որոնք կարծում եմ, ապարդյուն են լինելու։ Իսկ քաղաքականություն վերադառնալու փորձ, եթե հրաշքով ազատվի երկարատև բանտարկումից, թող անի Արցախում։ Գուցե այնտեղ դեռ կա՞ն իրեն հավատացողներ։ Նա եկավ Հայաստան Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով, իսկ նախագահ ընտրվեց միայն Վազգենի շնորհիվ։ Նշեմ այն անվիճելի ճշմարտությունը, որ Հայաստանում նա ոչ միայն ձեռք չբերեց հեղինակություն, այլև մսխեց ԼՂՀ-ում ունեցած հեղինակությունը։ Հայաստանում նա անդառնալիորեն մերժված է, իսկ նման լուրերի տարածումը պարզ շանտաժ է։



Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին, ապա նա շատ հմտորեն օգտագործեց կոչումներ և պաշտոններ տալու իր իրավունքը և դրանով պառակտեց իրեն ընդդիմացող վազգենական թիմը, որից հետո Հոկտեմբերի 27-ի հայրենակործան ոճրագործությունը հասավ իր նախանշած տրամաբանական ավարտին։



**-Փորձե՞լ եք վերլուծել մեր՝ անցած քսան տարիների պատմությունը։ Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում, ընդդիմությունն ի՞նչ սխալներ թույլ տվեց, որոնք ոչ լեգիտիմ իշխանություններ ունենալու պատճառ դարձան։**



-Դե, բոլորն են փորձում հասկանալ, թե ինչպես 20-25 տարում Հայաստանը հայտնվեց խորն անդունդում։ Բայց անցյալի սխալների վերլուծությունը, քայքայիչ երևույթների էության պարզաբանումը, նոր իշխանության գործն է, քանզի առանց դրա, նույնի կրկնության հավանականությունը շատ մեծ կլինի։ Բացի այդ, առանց այդ վերլուծության, անհնար է ընտրել այսօրվա և վաղվա ճիշտ ուղին։ Ես այն կարծիքին եմ, որ իշխանությունը մեծ ակտիվությամբ է հիմա դա անում։



**-Դուք Սերժ Սարգսյանի օրոք, 2015թ․ նոյեմբերի 25-ին կալանավորվեցիք Նորք-Մարաշի բանդայի գործով, իշխանափոխությունից հետո ազատության մեջ եք հայտնվել։ Քաղաքական կյանքում, հասարակական հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ եք նկատել։**



-Դուք ապրիլյան հեղափոխությունը անվանում էք իշխանափոխությու՞ն։ Իշխանափոխություն համազգային համախմբումո՞վ, դրան հաջորդած համազգային ցնծությունո՞վ։ Այդպես չի լինում, ժողովուրդը նոր երկիր է պահանջում։ Նա տապալել է չարչիա-խոպանչիական հանրապետական էլիտայի իշխանությունը և պատրաստ է ամեն ինչ անելու, միայն թե այդ մղձավանջը չկրկնվի։



Ինչ վերաբերվում է «բանդային», ապա այն կազմված է Սերժին մշտապես ընդդիմացող, մաքուր կենսագրությամբ մարդկանցից, հիմնականում ազատամարտիկներից։ Ես կալանավորվեցի, երբ Հայաստանում տիրում էր տոտալ հետապնդման, գաղտնալսման, մատնիչության, իշխանական համատարած թալանի «բեսպռեդելը»։ Երբ բանտից դուրս եկա, ես հասկացա, որ եկել է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ, պատասխանատվություն երկրի և ժողովրդի առաջ։ Այլապես, իշխանական 20-ամյա թալանից հետո առաջացած նյութական, մարդկային, բարոյա-հոգեբանական ռեսուրսների կատաստրոֆիկ պակասը ոչնչով լրացնել հնարավոր չի լինի։ Գլխավորը սա է։



**- Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում հասցրե՞լ եք ընկերներ կորցնել։**



-Այո, շատ ավելի ծանր է եմ տանում ընկերոջը բարոյապես կորցնելը։



**- Ազատության մեջ գտնվելու ընթացքում, վերջին շրջանում քաղաքական գործիչներից ո՞ւմ հետ եք հանդիպել, ի՞նչ հարցեր եք քննարկել։**



-Բնական է, շատերն են գալիս շնորհավորելու, շատ բաներից ենք խոսում։



**- Պատրա՞ստ եք նորից քաղաքական գործունեությամբ զբաղվել։**



-Ես դեռ դատվում եմ։



**- Նիկոլ Փաշինյանի կառավարության Ձեր գնահատականը։**



-Երիտասարդ, էնտուզիազմով լեցուն կառավարություն է։ Նրանք շանս և պարտավորություն ունեն զրոյից սկսել Հայոց պետականաշինության գործը, քանզի մինչ այժմ ծրագրային պետականաշինություն Հայաստանում չի եղել։ Արդյունքում ունեցել ենք տնազի պետություն, տնազի բյուջե, տնազի սահմանադրություն, տնազի ընտրություններ, հանրաքվեներ, տնազի դատարաններ և այլն, բացառությամբ բանակի։



**Թագուհի Հակոբյան**