Խախտվել են նորմատիվները․ Էներգետիկայի նախարարը ՀԷԿ-երի մասին․ տեսանյութ

Խախտվել են նորմատիվները․ Էներգետիկայի նախարարը ՀԷԿ-երի մասին․ տեսանյութ
«Հրապարակը» գրել էր, որ կառավարությունը որոշում է մշակում Եղեգիս գետի հունը փոխել դեպի Սևանա լիճը։ Այս որոշումը հարուցել էր Եղեգիս գետի վրա կառուցված շուրջ 14 փոքր հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի զայրույթը։ Նրանց խոսքով՝ մի քանի տարի է, ինչ Եղեգիս գետի հունը ապօրինաբար շրջել են իր բնականոն հունից՝ հաշվի չառնելով շահառու կողմերի դիրքորոշումը․ «Ավելի քան 5-6 տարի Եղեգիս գետի հունն ապօրինի շրջել են իր բնական հոսքից՝ առանց քննարկելու, տեղեկացնելու և հաշվի առնելու գետի շահառուների իրավունքները, շահերն ու խնդիրները, մինչդեռ հենց պետությունն է՝ օրենքով նախատեսված կարգով տրամադրել այդ իրավունքները: Գետի հոսքն ուղղվել է դեպի Սևան, ինչը նաև օրենքով նախատեսված չէ»,- ասել էր «ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը։



Դիմումատուները բարձրացրել էին նաև խնդրի հետ կապված կոռուպցիոն ռիսկերի և չարաշահումների հավանականությունը՝ ակնկալելով, որ դրանք կլուծվեն հանրային լայն քննարկումների, խնդիրների բարձրաձայնման, դրանց խորամուխ լինելու և օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու արդյունքում: «Փաստորեն, ժամանակին պետությունը տրամադրել է ջրօգտագործման թույլտվություններ, գործունեություն ծավալելու լիցենզիաներ և համապատասխան այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տնտեսվարողները ներդրումներ են իրականացրել այդ ոլորտում, սակայն Եղեգիս գետի հունը փոխվել է և տարվել դեպի Սևան, արդյունքում հիդրոկայանները, չունենալով ջրի համապատասխան պաշարներ, սկսել են գործել անարդյունավետ կամ ընդհանրապես դադարել են գործել»,-ասել է Մելիքյանը:



Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում էներգետի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին հարցրինք, թե ինչպե՞ս պետք է լուծվի Եղեգիս գետի ՀԷԿ-երի հարցը՝ նկատի ունենալով, որ շահագործողները պնդում են, որ ունեն ուժի մեջ գտնվող պայմանագրեր, և «Ոչ ոք չի պատրաստվում Եղեգիս գետի հունը փոխել, գետի վրա գործում է 6-7 փոքր ՀԷԿ-եր, այնտեղ խնդիրը բոլորովին այլ է, Արփա-Սևան ջրատարի միջոցով այդ հավելյալ ջուրը Եղեգիսից պետք է տեղափոխվեր Սևանա լիճ, ուղղակի այս պահին Արփա-Սևան թունելի 2-րդ հատվածը գտնվում է վերանորոգման գործընթացում, և այդ ջուրը, որը պետք է ուղղորդվեր դեպի Սևան, այս պահին ուղղորդվում է դեպի ՀԷԿ-եր»։