Դպրոց քանդելը մեղք է, եկեղեցի քանդելու պես մի բան

Դպրոց քանդելը մեղք է, եկեղեցի քանդելու պես մի բան
Արթիկի օպտիմալացված թիվ 7 դպրոցը  «Չեխ-Արմ-Ինֆեստ» ՍՊԸ-ին անհատույց օգտագործան իրավունքով հատկացնելու  մասին կառավարության որոշումը վերանայելու եւ  դպրոցը համայնքին վերադարձնելու խնդրով Արթիկի բնակիչները մի քանի շաբաթ առաջ շուրջ 500 ստորագրությամբ հանրագրով դիմել են կառավարությանը: Արդեն հայտնել ենք, որ այն նախաձեռնել էին արթիկցի մի քանի կամավորական: Հանրագիրն ստորագրող արթիկցիների խոսքով՝ դպրոց քանդելը մեղք է, եկեղեցի քանդելու պես  մի բան:  «Ամբողջ աշխարհում ահռելի ներդրումներ են  արվում կրթության մեջ, մեր նախորդ իշխանությունները որոշեցին, որ որակյալ կրթություն ստացած որակյալ կադրերի փոխարեն պետք են նվազագույն, նվաստացուցիչ  աշխատավարձով բանվոր-բանվորուհիներ»,-ասում են ստորագրաավաքին միացածները՝ բարձրացնելով  մի շարք մտահոգություններ: «Աշխատատեղեր բացելն աներկբայորեն կարեւոր է: Սակայն այդ վերնագրի ներքո չի կարելի ամեն ինչ արդարացնել: Դպրոցը փակելու եւ աշխատատեղ բացելու միջեւ ոչ մի կապ չկա: Ամբողջ աշխարհում գործարարը ներդրում է կատարում, որ եկամուտ ստանա: Մեզ մոտ գործարարն ակնկալում է նվեր՝ աշխատատեղերի դիմաց: Այժմ ներդրումների համար ապահովվում են բազմաթիվ  նպաստավոր եւ արտոնյալ պայմաններ, եւ սա պետք է ավելի քան բավարար լինի գործարարի համար: Եվ եթե դպրոցի շենքը պետության ներդրումն է այս բիզնես-պրոեկտում, ուրեմն պետությունը բաժնեմաս պետք է ունենա»: Եվս մեկ մտահոգություն. «Երեւանից դուրս աշխատատեղ ասելով որոշ գործարարներ եւ անգամ պաշտոնյաներ պատկերացնում են կթվորուհիների կամ բանվորուհիների զանգված: Անգամ վիրավորական է:  Այն դեպքում, երբ բարձր տեխնոլոգիաների դարում գենետիկորեն ճկուն եւ խելացի մտքով օժտված հայ մարդը կարող է վաստակել առաջավոր երկրների աշխատողներից ոչ պակաս: Ոլորտի փորձագետները միաբերան պնդում են` կա ՏՏ ոլորտի մասնագետների պակաս: Ինչքան մասնագետ լինի էլ, բոլորը միանշանակ կապահովվեն աշխատավարձով: Այս ուղղությամբ մտածելու, ապագային միտված քայլերի փոխարեն՝ նախորդ դարի ինդուստրիալ տնտեսության գաղափարներով ենք առաջնորդվում: Սա բացահայտ հետադիմություն է: Խտրական վերաբերմունք է մայրաքաղաքից հեռավորության վրա ապրելու պատճառով մարդուն զրկվել աշխատելու եւ վաստակելու հավասար պայմաններից»: 



Արդեն [հայտնել](https://www.hraparak.am/posts/5b5186c91b95c206c5c66f2d) ենք, որ վերոհիշյալ ՍՊԸ-ն նույնպես կնքված  պայմանագրի կետերը վերանայելու խնդրով վերջերս դիմել է կառավարություն, հարցը քննարկման փուլում է: Հանրագրի կազմակերպիչները համաձայն չեն ՍՊԸ-ի մտադրությանը.  «Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանում արտոնյալ գործարարներ չեն լինելու, ու մի փորձեք շանտաժել աշխատատեղ չբացելու վատ քողարկված սպառնալիքներով: Պարզից էլ պարզ է. նախորդ իշխանությունների համաձայնությամբ խլվեց դպրոցը համայնքից աշխատատեղ բացելու հուզիչ և ամենինչ սրբագրող կարգախոսով: Ժամկետները մոտեցան, հին ընկերները հեռացան եւ հիմա ցեյտնոտի մե՞ջ եք: Ռիսկային է՝ մի դիմեք ռիսկի: Եվ ինչո՞ւ եք նեղսրտվում, թե դպրոցը հարմար չէ գործարան բացելու համար եւ ավելի ճիշտ է արտադրական նշանակության շինությունում կազմակերպել արտադրություն: Ակունք իմաստության. հիվանդանուցում բուժում են, դպրոցում ուսուցանում, գործարանում արտադրում: Ալեքսանյաններ, խնդրում ենք վերադարձնել դպրոցն իրական տերերին՝ երեխաներին: Դպրոցի շենքը պետք է ծառայի համայնքի փոքրիկ բնակիչներին, որպես դպրոց, որպես համայնքային կրթական կենտրոն, որպես արվեստների դպրոց կամ որպես այլ կրթամշակութային միավոր, բայց ոչ զերո դրամով Սամվել Ալեքսանյանին, նրա անհեռատեսական և վատ մշակված ձեռնարկների համար»: Ստորագրահավաքի կազմակերպիչները  լիահույս են, որ  նոր կառավարությունը կվերանայի դեռ նախորդ  կառավարության օրոք կայացված վիճահարույց որոշումը



Մենք պարզեցինք, որ դպրոցում այս պահին շարունակվում են ներքին քանդման   աշխատանքները: Դրանցում ներգրավված բանվորներից մի քանիսը դժգոհություն են հայտնել, որ իրենց աշխատավարձը չեն վճարում: Նրանց խոսքով՝ տնօրինությունն ամեն անգամ «էսօր-էգուց» է ասում, այժմ էլ խոստացել են երկուշաբթի վճարել:  Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ  ՍՊԸ-ի տնօրինությունից մեզ հայտնել էին, որ  աշխատավարձերը վճարվել են (հենց մեր զրույցի օրը), նաեւ՝ «տեղեկանք ենք տվել, որ մեզ մոտ աշխատում են, որպեսզի գնան վարկ ստանան, լավ զգան իրենց»: Ով է այս դեպքում կեղծում՝ բանվորնե՞րը, թե՞ տնօրինությունը, կդժվարանանք ասել:



Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր էջում զետեղել է լուսանկարներ, որոնք արվել են դպրոցում, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչ փուլում է կրթօջախը կարի արտադրամասի վերածելու գործընթացը:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**