Ուսամա Բեն Լադենի մայրը առաջին անգամ հարցազրույց է տվել

Ուսամա Բեն Լադենի մայրը առաջին անգամ հարցազրույց է տվել
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր եւ առաջնորդ Ուսամա Բեն Լադենի մայրը՝ Ալիյա Հանըմը առաջին անգամ հարցազրույց է տվել բրիտանական The Guardian պարբերականին։ Ներկայումս Ալիյա Հանըմը ապրում է Ուսամա Բին Լադենի եղբայրների՝ Ահմեդի եւ Հասանի, ինչպես նաեւ երկրորդ ամուսնու՝ Մուհամմեդ ալ-Աթթասի հետ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի մասնավոր առանձատներից մեկում։ 17 տարի անց սեպտեմբերի 11-ի ողբերգությունից, Բեն Լադենի ընտանիքը շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի ամենից ազդեցիկ ընտանիքներից մեկը՝ հիշեցնելով Սաուդյան միապետության պատմության ամենից մռայլ էջերից մեկը։ «Իմ կյանքը շատ մեծ դժվարություններով է անցել, որովհետեւ որդիս՝ Ուսամա Բեն Լադենը միշտ հեռու է գտնվել ինձանից։ Նա հիանալի երեխա էր եւ շատ էր սիրում ինձ»,- անկեղծացել է Ալիյա Հանըմը։



Նա նաեւ պատմել է, որ հենց երկրորդ ամուսինն է երեք տարեկան հասակից մեծացրել Ուսամային։ The Guardian-ը նշում է, որ Բին Լադենի ընտանիքը հանդիսանում է Սաուդյան միապետության ամենից հարուստ ընտանիքներից մեկը, շնորհիվ իր դինաստիական կապերի։ Հենց նրանց ընտանիքն է կառուցել ժամանակակից Սաուդյան Արաբիայի մեծ մասը։ Պարբերականը նշում է, որ մոտ քսան տարի Ալիյա Հանըմը եւ նրա ընտանիքը հրաժարվել են որեւէ կերպ հանրային մեկնաբանություն հնչեցնել Ուսամա Բեն Լադենի գործունեության մասին։ Սակայն սա չի խանգարել, որ Սաուդյան միապետության ամենահարուստ ընտանիքի ամեն մի շնչառական շարժումը գտնվի մամուլի ուշադրության կենտրոնում։ Հայտնի է դարձել նաեւ, որ հարցազրույցի համար պարբերականը դիմել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին եւ թույլտվություն է ստացել անձամբ Սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման ալ-Սաուդից։ Հարցազրույցն անցել է կառավարական ներկայացուցչի մասնակցությամբ։



Ալիյա Հանըմը հիշել է, որ իր առաջնեկ Ուսաման եղել է բավականին ամաչկոտ երեխա, ով հատուկ սեր է ունեցել ուսման հանդեպ։ Արդեն համալսարանում նա փոխվել եւ լրիվ ուրիշ մարդ է դարձել։ «Նա բավական լավ երեխա էր, քանի դեռ համալսարանում չէր հանդիպել այն մարդկանց, ովքեր նրա ուղեղը լվրացրեցին 20 տարեկան հասակում։ Դուք դա կարող եք համարել պաշտամունք։ Նրանք փող էին ստանում իրենց գործի համար։ Ես միշտ էի ասում նրան՝ հեռու մնալ նրանցից։ Սակայն նա երբեք չէր պատմում ինձ, թե ինչ էր անում, քանի որ շատ էր սիրում ինձ»։ Ալիյա Հանըմը նաեւ պատմել է, որ Ուսամայի հոգեւոր խորհրդատուն եղել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունից Աբուդլլահ Ազամը, ում հետագայում արտաքսել են Սաուդյան Արաբիայից։ Նրա ազդեցության տակ Ուսաման 1980-ականներից մեկնել է Աֆղանստան։ Ալիյա Հանըմը երբեք չի կասկածել, որ որդին կարող է ջիհադիստ դառնալ։



Արդեն 17 տարի է անցել, սակայն նա շարունակում է հերքել որդու մեղավորությունը սեպտեմբերի 11-ի հարցում, մեղադրելով նրա շրջապատին։ Ուսամայի եղբայրը՝ Ահմեդը նշել է, որ երբ արդեն Նյու-Յորքից սկսեցին տեղ հասնել լուրերը ողբերգության մասին, իրենք արդեն գիտեին, որ դա արել է իրենց եղբայր Ուսաման։ Ուսամա Բին Լադենի ընտանիքը վերջին անգամ նրան տեսել է 1990-ին Աֆղանստանում, Ղանդահար քաղաքի մոտ գտնվող բազայում։