Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցեն

Գյումրու Բարեկամության զբոսայգին կվերակառուցեն
Հաշվի առնելով Գյումրի քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։



Ծրագրի իրագործման նպատակով հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու տարածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ «IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարան, որոնք հիմնականում  գտնվում են այգուն հարակից տարածքում և ընտրված են բացառապես ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության և դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է»,-կարդում ենք հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ։