Ֆինանսների նախկին նախարարը համեմատում է իր առնչությունը «Կամուրջ»-ում կատարվածի և Քենեդու սպանության հետ

Ֆինանսների նախկին նախարարը համեմատում է իր առնչությունը «Կամուրջ»-ում կատարվածի և Քենեդու սպանության հետ
Կարդացի Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամի, միաժամանակ նաև վերջինիս «Կամուրջ» վարկային կազմակերպության խորհուրդների անդամ, ստոմատոլոգ Արմեն Ծատուրյանի հովանավորչությամբ Գորիսում կատարված վարկային խարդախությունների մասին Հրապարակ լրագրամիջոցում տուժողի կողմից ՀՀ Վարչապետին հուլիսի 20-ին ուղղված օգնության [դիմումը](https://www.hraparak.am/posts/5b51e203eb246006af710792): Այնտեղ նշված է, որ Ա.Ծատուրյանը «Սերժ Սարգսյանի մարդն է» և Ֆլեշի Բարսեղի մտերիմը, ում նաև անվերապահորեն օժանդակել է հիմնադրամի խորհրդի նախագահ, ֆինանսների արդեն նախկին նախարար Վարդան Արամյանը, և որ վերջինս քաջատեղյակ է եղել Գորիսի վարկային խարդախությունների մասով Ա.Ծատուրյանի հովանավորչության մասին և այժմ չքմեղանում է՝ հարցնելով թե ինքն ինչ կապ ունի:



Տուժողի արդարացի դիմումին հետևում է Վարդան Արամյանի հուլիսի 25-ի հրապարակային, մեղմ ասած, անլուրջ և անհոգ [պատասխանը](https://hayacq.com/33417--.html)՝ հայտարարելով, որ եթե ապացուցվի իր կողմից կատարված խախտում, կամ ոչ պարկեշտ գործողություն, ապա պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել և կրել պատասխանատվություն: Ավելին, Վ.Արամյանը հայտարարում է, որ կարելի էր նաև իր վրա բարդել Քենեդու սպանությունը՝ խոսքն ավարտելով «Պողոսի անբարոյական կնոջ» մասին անտեղի անեկդոտ պատմելով:



Մի կողմից ստիպված արդեն ՀՀ վարչապետին դիմող կնոջ (ավելացնեմ նաև նման իրավիճակում Գորիսի տասնյակ այդ տուժածների) անելանելի վիճակը, իսկ մյուս կողմից Վ.Արամյանի անտարբեր, ցինիկ և անկապ անեկդոտով համեմված պատասխանը ստիպեցին ինձ մեկ անգամ ևս անդրադառնալ այս հարցին:



Նախ՝ երեք փաստեր (կարող եմ ներկայացնել նաև շատ ավելին):



**Առաջին:** Դեռևս 2009թ.-ին (մինչև բացառիկ արդյունավետ, միջազգային աննախադեպ գնահատականներ ստացած և վերելք ապրող այդ հիմնադրամի ղեկավարման ղեկի զավթումը), ֆիննախի կողմից հիմնադրամի նկատմամբ նշանակվեց տուգանք՝ մոտ 1.5 մլրդ դրամի (մոտ 5 մլն. դոլար) չափով, որն իմ բողոքից հետո ուժի մեջ թողեց նաև վարչական դատարանը (այս տուգանքի, նաև վերջինս որպես պատրվակ օգտագործելով հիմնադրամի կառավարման ղեկը զավթելու մասին ես արդեն անդրադարձել եմ մի քանի հրապարակային տեղեկատվություններով):



Վ.Արամյանը, 2010թ.ից որպես այդ հիմնադրամի խորհրդի նախագահ, տարիներ շարունակ որևէ քայլ չի արել այդ գումարը պետբյուջե վճարելու համար, ինչը պարտավոր էր անել ֆինանսների նախարարի տեղակալի, հետագայում արդեն ֆինանսների նախարարի պաշտոնեական պարտականություններին համաձայն: Այդ գումարը հետագայում փոխանցվել է «Կամուրջ»-ին՝ ակնհայտորեն լրացուցիչ փող աշխատելու միտումով: Հատկանշական է, որ Վ.Արամյանը նույնիսկ առաջարկել է վաճառել (հավանաբար արդեն վաճառվել է) պետության գանձարանում դեռևս մնացած թանկագին քարերը և ոսկյա զարդերը՝ հենց նույն չափի՝ 1.5 մլրդ դրամ գումարով համարյա դատարկ պետբյուջեն համալրելու համար:



Ավելորդ է ասել, որ Վ.Արամյանը գերադասել է իր ղեկավարած կազմակեպության շահը ի վնաս պետության (բնականաբար նաև հասարակության) շահի: Այսքանից հետո Վ.Արամյանը չքմեղաբար հիմնավորումներ է պահանջում ի վնաս մեր հասարակության իր բացթողումների վերաբերյալ: Ահա թե ինչքան է սիրում Վ.Արամյանն իր հայրենակիցներին:



**Երկրորդ**: Վարդան Արամյանի կառավարման և տնօրենին ղեկավարումից գործնականորեն հեռացնելու արդյունքում միկրոֆինանսական այդ հոյակապ կառույցը հասել է աղետալի վիճակի՝ դուրս թռչելով ՀՀ 300 խոշոր հարկատուների ցուցակից, կանոնադրության փոփոխությամբ կազմակերպության հարյուր միլիոնավոր միջոցներն սկսվեցին վատնվել բոլորովին այլ նպատակներով՝ այդ թվում նաև վճարելու ռեստորաններում Վ.Արամյանի խմբային կերուխումների ծախսերը: Դադարեց գործունեության աճը, տարեկան 750 մլն. դրամ զուտ շահութաբերությունից հետո կազմակերպությունն սկսեց աշխատել վնասով: Ավելի պարզ, բազմաթիվ անգամ ավելի եկամտաբեր կլիներ այդ կազմակերպության ակտիվները ցանկացած բանկում ավանդ դնելը, քան այդ կառույցի ներկայիս քայքայված գործունեությունը շարունակելը: Արդյոք սա չի՞ խոսում նման կառավարման արդյունքում հասարակությանը հասցված էական վնասների մասին: Զարմանալի է, որ նման «արդյունավետ» ղեկավարին երկար ժամանակ վստահվել է նաև Հայաստանի ֆինանսների կառավարման ոլորտը: Արդեն հիմա, հեղափոխական այս երկար սպասված զարթոնքի օգնությամբ աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս դրա բացասական, երբեմն նաև անհավատալի արդյունքները:



**Երրորդ**: Վ.Արամյանը 2010թ.-ից հանդիսանում է «Կամուրջ» վարկային կազմակերպության միակ հիմնադիր հիմնադրամի հոգաբարձուների 5-անդամով խորհրդի նախագահ, որի 3 անդամներ (այդ թվում՝ տխրահռչակ Ա. Ծատուրյանը) հանդիսանում են նաև իր ստորադաս՝ «Կամուրջ»-ի խորհրդի անդամ: Չեմ կարծում, թե Հայաստանում որևէ մեկը կհավատա, որ պետական բարձրագույն պաշտոններից մեկի՝ ֆինանսների փոխնախարարի, այնուհետև նաև նախարարի պաշտոնը, միաժամանակ նաև այդ ոչ պետական հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վ. Արամյանը այդքան «համեստ» դեր ուներ խորհրդում՝ բավարարվելով միայն քվեարկության 5 ձայներից 1-ով: Բոլորին հայտնի էր կազմակերպության կառավարման (ավեի ճիշտ՝ քայքայման) բոլոր էական հարցերում նրա որոշիչ դերը: Գորիսում կատարված խարդախությունների մասով քրեական գործը բացվել է դատախազությանն ուղված հենց իմ գրավոր հաղորդագրության հիման վրա: Իսկ Վ.Արամյանի կողմից Ա.Ծատուրյանին հովանավորելը գործնականորեն ապահովել էր վերջինիս ամենաթող և անպատժելի գործելաոճը: Պատճառները ես կարող եմ ենթադրել, իսկ արդյունքները ակնհայտ են:



Ինչևէ, երկրում իրավիճակ է փոխվում: Եթե կա կամք Հայաստան երկիրը վերածնելու, զարգացնելու, հասարակության կյանքը էապես բարելավելու և արդարադատությունը երաշխավորելու համար, ապա զավթման, խլման, անբարեխիղճ կառավարման և նման այլ «թեմաները» այլևս չպետք է այս երկրում տեղ ունենան: Իսկ ներուժ և հնարավորություններ, փառք աստուծո, դեռևս կան: Նաև հուսով եմ, որ տուժած հաճախորդների հարցերը նույնպես կկարգավորվեն, մեղավորներն էլ կստանան իրենցը:



**Գագիկ Վարդանյան**



**Փաստացի հիմնադիր և նախկին տնօրեն, 28.07.2018թ.**